15:21  ,  2 նոյեմբերի, 2022

Արթուր Դավթյանը՝ Լիվերպուլից. Աշխարհի չեմպիոն դառնալու հավատը կա

Եթե հաջողվի նույն կերպ ցատկել, ինչպես դա արեցի որակավորման փուլում, լավ մեդալով կվերադառնամ հայրենիք: Ամենաբարդը դեռ առջեւում է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Անգլիայից ասաց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը:

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Դավթյանը հենացատկի որակավորման փուլում առաջին տեղով դուրս է եկել եզրափակիչ: Նա վաստակել է 14.900 միավոր՝ փայլուն կատարելով երկու ցատկերն էլ: Որակավորման փուլից հետո Արթուր Դավթյանը աշխարհի չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդներից մեկն է: Լավագույն եռյակում են նաեւ երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Գաբրիել Բուրդանետեն (Ռումինիա) եւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Իգոր Ռադիվիլովը (Ուկրաինա):

«Չէի սպասում, որ որակավորման փուլում առաջին տեղի արդյունքով դուրս կգաm եզրափակիչ, բայց դա այդքան էլ կարեւոր չէ, կարեւորը եզրափակիչի արդյունքն է: Գոհ եմ որակավորման փուլի իմ արդյունքից: Լավ ցատկեցի, լավ կատարեցի իմ վարժությունները: Այժմ պետք է կենտրոնանալ եզրափակիչի վրա: Եթե կարողանամ նույն ձեւով կատարել ցատկերս, լավ մեդալով կվերադառնամ հայրենիք: Չեմ կարող ասել, թե ինչ կլինի եզրափակիչում, ինչպես կստացվի: Կարեւորը՝ անեմ այն, ինչ կարողանում եմ, իսկ եթե կարողացա անել իմ ցատկերը, լավ կլինի:

Աշխարհի չեմպիոն դառնալու հավատը կա: Շատ մեծ է հաղթելու հնարավորությունը, մնում է միայն կարողանալ ցատկել այնպես, ինչպես որակավորման փուլում. ամենաբարդն ու ամենակարեւորը դա է»,- ասել է Արթուր Դավթյանը: 

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ են դուրս եկել նաեւ Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը (երկուսն էլ օղակներ): 

Եզրափակիչները տեղի կունենան նոյեմբերի 5-ին եւ 6-ին: Նոյեմբերի 5-ին կանցկացվի նժույգ թափերի  եւ օղակների վարժությունների եզրափակիչները, հենացատկի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 6-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով