15:21 2 նոյեմբերի, 2022Եթե հաջողվի նույն կերպ ցատկել, ինչպես դա արեցի որակավորման փուլում, լավ մեդալով կվերադառնամ հայրենիք: Ամենաբարդը դեռ առջեւում է:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Անգլիայից ասաց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը:
Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Դավթյանը հենացատկի որակավորման փուլում առաջին տեղով դուրս է եկել եզրափակիչ: Նա վաստակել է 14.900 միավոր՝ փայլուն կատարելով երկու ցատկերն էլ: Որակավորման փուլից հետո Արթուր Դավթյանը աշխարհի չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդներից մեկն է: Լավագույն եռյակում են նաեւ երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Գաբրիել Բուրդանետեն (Ռումինիա) եւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Իգոր Ռադիվիլովը (Ուկրաինա):
«Չէի սպասում, որ որակավորման փուլում առաջին տեղի արդյունքով դուրս կգաm եզրափակիչ, բայց դա այդքան էլ կարեւոր չէ, կարեւորը եզրափակիչի արդյունքն է: Գոհ եմ որակավորման փուլի իմ արդյունքից: Լավ ցատկեցի, լավ կատարեցի իմ վարժությունները: Այժմ պետք է կենտրոնանալ եզրափակիչի վրա: Եթե կարողանամ նույն ձեւով կատարել ցատկերս, լավ մեդալով կվերադառնամ հայրենիք: Չեմ կարող ասել, թե ինչ կլինի եզրափակիչում, ինչպես կստացվի: Կարեւորը՝ անեմ այն, ինչ կարողանում եմ, իսկ եթե կարողացա անել իմ ցատկերը, լավ կլինի:
Աշխարհի չեմպիոն դառնալու հավատը կա: Շատ մեծ է հաղթելու հնարավորությունը, մնում է միայն կարողանալ ցատկել այնպես, ինչպես որակավորման փուլում. ամենաբարդն ու ամենակարեւորը դա է»,- ասել է Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ են դուրս եկել նաեւ Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը (երկուսն էլ օղակներ):
Եզրափակիչները տեղի կունենան նոյեմբերի 5-ին եւ 6-ին: Նոյեմբերի 5-ին կանցկացվի նժույգ թափերի եւ օղակների վարժությունների եզրափակիչները, հենացատկի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 6-ին:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.