13:50  ,  4 հոկտեմբերի, 2022

Հովհաննես Դավթյան․ Այս ոսկե մեդալով փոխում ենք կարծրատիպը եւ ապացուցում, որ ձյուդոյում էլ կարող ենք ունենալ աշխարհի չեմպիոն

Պամության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոն ունենք ձյուդոյում: Այս հաղթանակը եւ պատանիների նվաճած մյուս մեդալները նոր զարկ կտան հայկական ձյուդոյին: Միայն ամուր հիմք ունենալով՝ կարող ենք մեծահասակներում հաճախակի բարձր արդյունքներ ունենալ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ձյուդոյի Հայաստանի հավաքականների պատասխանատու Հովհաննես Դավթյանը:

Պատանիների աշխարհի առաջնությունում 16-ամյա Գոռ Կարապետյանի (81 կգ) հաղթանակը հույս առաջացրեց, որ բարձր արդյունքներ կլինեն նաեւ երիտասարդական եւ ազգային հավաքականներում:

Հիշեցնենք, որ հայկական ձյուդոյում նախորդ ամենախոշոր նվաճումը եղել է  2018 թվականին, երբ Ֆերդինանդ Կարապետյանը Թել Ավիվում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է մարզաձեւում առկա խնդիրների, արդյունքների բացակայության եւ դրանց լուծման ճանապարհների մասին:

Պարոն Դավթյան, այս մրցաշրջանում պատանի ձյուդոիստները լավ արդյունքներ են գրանցում: Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոն ունեցանք, նաեւ մեդալներ խոշոր մրցաշարերից: Սրան զուգահեռ երիտասարդներում եւ մեծահասակներում անհաջողությունները շարունակվում են: Ի՞նչն է խնդիրը:

Պատանիների աշխարհի առաջնությունում Գոռ Կառապետյանի չեմպիոնությունն իսկապես պատմական արդյունք էր: Մենք ոչ մի տարիքային խմբում երբեք ձյուդոյի աշխարհի չեմպիոն չենք ունեցել: Այս առիթով բոլորս շատ ուրախ ենք: Մեծահասակների կազմում միայն աշխարհի բրոնզե մեդալ ենք ունեցել: Ձյուդոն այն մարզաձեւերից է, որտեղ բարդ է աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն դառնալը: Խնդիրը խորքային է, որին փորձում ենք մարզչական շտաբով լուծում տալ:

Նախքան խնդիրներից խոսելը, Գոռ Կարապետյանի հաղթանակի մասին: Ոսկե մեդալը սպասվա՞ծ էր:

Այս հաղթանակը պատահական չէր, այո, սպասված էր: Չիշտ է՝ մրցավայր մեկնելուց առաջ չէինք մտածում, որ գնում ենք չեմպիոնության, բայց վստահ էինք, որ մեդալ է լինելու: Հասունացել էր պահը: Գոռ Կարապետյանը երեք տարի հավաքականում է եւ արդեն ունեցել էր լավ արդյունքներ:

Պատանիների հավաքականն այս տարի շատ լավ արդյունքներ է գրանցում, ոչ միայն Գոռը, նաեւ մյուս անդամները: Միայն 2022 թվականին թիմը 8 մեդալ է նվաճել. 2 մեդալ Եվրոպայի գավաթից՝ արծաթ եւ բրոնզ, Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնից երեք բրոնզ, երկու մեդալ Եվրոպայի առաջնությունից եւ աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Սա աննախադեպ հաջողություն է: Այս կարգի մեդալներ երբեք մեր պատմության մեջ չենք ունեցել այն էլ պաշտոնական մրցաշարերում:  Հենց այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ Գոռ Կարապետյանի հաղթանակը պատահական չէր: Ընդհանուր՝ պատանիների հավաքականում դրական տեղաշարժ է նկատվում: Ֆեդերացիայի գլխավորությամբ մեծ աշխատանք է տարվում եւ արդյունքները տեսանելի են:

Դրական տեղաշարժն ինչ-որ փոփոխություններով է պայմանավորվա՞ծ :

Հենց այնպես ոչինչ տեղի չի ունենում. այս դրական տեղաշարժը փոփոխությունների արդյունք է: Ֆեդերացիան հատուկ պլան է մշակել, ըստ որի երեք հավաքականների պատասխանատու են նշանակել ինձ: Իմ առաջարկով հավաքականների մարզիչներ են նշանակվել, թիմ է ձեւավորվել: Մարզաձեւում ունենք  խնդիրներ, որոնք այժմ իմ պատախանատվության տակ են: Սա հատուկ նրա համար է, որ որեւէ մարզիչ մարզիկի հարցում չթերանա: Յուրաքանչյուր մրցաշարի համար կազմն էլ բոլորով ենք որոշում՝ իմ գլխավորությամբ: Ամեն ինչին մասնակցում ենք՝ հավաքներ, մարզումներ, նախապատրաստական փուլերի պլաններ: Ահռելի մեծ աշխատանք է տարվում: Արդեն շուրջ երկու տարի է այս գրաֆիկով ենք աշխատում: Արդյունքները տեսանելի են: Արդյունքները խոսում են այն մասին, որ ֆեդերացիան ճիշտ ճանապարհի վրա է:

Երիտասարդական հավաքականի մասին ի՞նչ կասեք:

Նույն աշխատանքը տարվում է նաեւ երիտասարդականում: Սեպեմբերի 15-21-ը Չեխիայում մասնակցեցինք երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, բայց արդյունքներ չգրանցեցինք: Ձյուդոիստները վատ հանդես եկան: Սերնդափոխություն կլինի նաեւ երիտասարդական հավաքականում: Պատանիները ապագա երիտասարդական հավաքականն է, որոնք հետո պետք է համալրեն մեծահասակների թիմը:

Զրույցի սկզբում նշեցիք խորքային խնդրի մասին...

Մենք երբեք ամուր պատանեկան հավաքական չենք ունեցել, որպեսզի ըստ հերթականության սերնդափոխություն լինի եւ մեդալակիր, տիտղոսներ ունեցող ձյուդոիստները պատանիներից տեղափոխվեն երիտասարդներ, մեծահասակներ: Մյուս հավաքականներում երերուն արդյունքները ոչ ամուր պատանեկան հավաքական ունենալն էր: Այս պահին մենք կարող ենք փաստել, որ ունենք ուժեղ հավաքական թիմ: Մենք ամեն ինչ անում ենք, որ պատանիներին ճիշտ ճանապարհով տանենք մինչեւ մեծահասակներ:

Շատ այլ պատճառներ էլ կան, որ մեծահասակներում, երիտասարդներում մեր արդյունքները քիչ են կամ երկարատեւ դադարներով, բայց այդ մասին երկար պետք է խոսենք:

Ֆերդինանդ Կարապետյանի Եվրոպայի չեմպիոնությունից հետո հայկական ձյուդոն, կարծես, անկում ապրեց: Եվրոպայի, աշխարհի առաջնություններում շարունակում ենք ձախողել: Ի՞նչն է պատճառը: Ո՞վ է թերանում իր աշխատանքում:

Ֆեդերացիան ոչինչ չի կարող անել, եթե դու չունես «արտադրանք»: Ամեն ինչ գալիս է անձնական մարզիչներից: Որքան էլ ես առավոտից երեկո չարչարվեմ, եթե ինձ հավաքական որակյալ մարզիկ չեն տալիս, չեմ կարող 6 ամսում ձյուդոիստին դարձնել Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոն: Պետք է գոնե 50 տոկոսով մարզիկը գա հավաքական, որպեսզի մարզիչները դարձնեն նրան մեդալակիր: Պատանեկան հավաքականում մեդալներ նվաճած տղաներն արդեն երրորդ տարին են թիմում:  Այսինքն՝ մենք երեք տարի հետո նոր կարողացել ենք մարզիկին հասցնել իր գագաթնակետին:

Հորդորում ենք անձնական մարզիչներին այնպես աշխատել, որ իրենց  սաները հավաքականում ոչ թե երեք տարի հետո արդյունք տան, այլ առաջին տարուց սկսած: Այս դեպքում մեր նվաճումները հաճախակի կդառնան, այլ ոչ այսքան դադարներով:

Ինչ վերաբերում է Ֆերդինանդ Կարապետյանին, նա լիարժեք ապաքինված չէ: Վնասվածքները դեռ չի վերականգնել: Նույնը Արսեն Ավետիսյանի մոտ է: Այժմ նրանց հանգիստ ենք տվել: Պատրաստվում են հաջորդ տարվա մեկնարկին: Հունվարից կսկսենք վարկանիշային մրցաշարերի փուլը, իսկ մինչ այդ տղաները կապաքինվեն վնասվածքներից: Մեծահասակներում այժմ սերնդափոխություն է: Նոր անուններ կունենանք հավաքականում:

Գոռ Կարապետյանի ոսկե մեդալն ի՞նչ կփոխի հայկական ձյուդոյում:

Ոգեւորիչ է այս պատմական հաղթանակը: Հայկական ձյուդոյի համար շատ մեծ ձեռքբերում է: Կար մի շրջան, երբ բոլորը մտածում էին՝ ձյուդոյում այլեւս անհնար է բարձր արդյունք ունենալ, բարդ է: Այդպես էին մտածում նաեւ մյուս ձյուդոիստները: Ոսկե մեդալով փոխում ենք այդ կարծրատիպը եւ ապացուցում, որ ձյուդոյում էլ կարող ենք ունենալ աշխարհի չեմպիոն: Ոչ միայն աշխարհի ոսկե մեդալը, նաեւ պատանիների նվաճած մեդալները նոր զարկ կտան հայկական ձյուդոյին: Հոսքը դեպի մարզաձեւ կավելանա:

Մարդիկ չէին հավատում, որ կարող են նաեւ ձյուդոյում, բարձր արդյունքների շնորհիվ զինվորական ծառայությունը մարզական վաշտում անցկացնել: Մենք հավաքականներում արդեն խոսում ենք կոնկրետ մեդալների մասին: Արդեն հասել ենք այդ մակարդակին: Այս աշխատանքը պետք է շարունակական լինի, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքների: 

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ ՀՁՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս