13:50 4 հոկտեմբերի, 2022Պամության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոն ունենք ձյուդոյում: Այս հաղթանակը եւ պատանիների նվաճած մյուս մեդալները նոր զարկ կտան հայկական ձյուդոյին: Միայն ամուր հիմք ունենալով՝ կարող ենք մեծահասակներում հաճախակի բարձր արդյունքներ ունենալ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ձյուդոյի Հայաստանի հավաքականների պատասխանատու Հովհաննես Դավթյանը:
Պատանիների աշխարհի առաջնությունում 16-ամյա Գոռ Կարապետյանի (81 կգ) հաղթանակը հույս առաջացրեց, որ բարձր արդյունքներ կլինեն նաեւ երիտասարդական եւ ազգային հավաքականներում:
Հիշեցնենք, որ հայկական ձյուդոյում նախորդ ամենախոշոր նվաճումը եղել է 2018 թվականին, երբ Ֆերդինանդ Կարապետյանը Թել Ավիվում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է մարզաձեւում առկա խնդիրների, արդյունքների բացակայության եւ դրանց լուծման ճանապարհների մասին:
Պարոն Դավթյան, այս մրցաշրջանում պատանի ձյուդոիստները լավ արդյունքներ են գրանցում: Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոն ունեցանք, նաեւ մեդալներ խոշոր մրցաշարերից: Սրան զուգահեռ երիտասարդներում եւ մեծահասակներում անհաջողությունները շարունակվում են: Ի՞նչն է խնդիրը:
Պատանիների աշխարհի առաջնությունում Գոռ Կառապետյանի չեմպիոնությունն իսկապես պատմական արդյունք էր: Մենք ոչ մի տարիքային խմբում երբեք ձյուդոյի աշխարհի չեմպիոն չենք ունեցել: Այս առիթով բոլորս շատ ուրախ ենք: Մեծահասակների կազմում միայն աշխարհի բրոնզե մեդալ ենք ունեցել: Ձյուդոն այն մարզաձեւերից է, որտեղ բարդ է աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն դառնալը: Խնդիրը խորքային է, որին փորձում ենք մարզչական շտաբով լուծում տալ:
Նախքան խնդիրներից խոսելը, Գոռ Կարապետյանի հաղթանակի մասին: Ոսկե մեդալը սպասվա՞ծ էր:
Այս հաղթանակը պատահական չէր, այո, սպասված էր: Չիշտ է՝ մրցավայր մեկնելուց առաջ չէինք մտածում, որ գնում ենք չեմպիոնության, բայց վստահ էինք, որ մեդալ է լինելու: Հասունացել էր պահը: Գոռ Կարապետյանը երեք տարի հավաքականում է եւ արդեն ունեցել էր լավ արդյունքներ:
Պատանիների հավաքականն այս տարի շատ լավ արդյունքներ է գրանցում, ոչ միայն Գոռը, նաեւ մյուս անդամները: Միայն 2022 թվականին թիմը 8 մեդալ է նվաճել. 2 մեդալ Եվրոպայի գավաթից՝ արծաթ եւ բրոնզ, Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնից երեք բրոնզ, երկու մեդալ Եվրոպայի առաջնությունից եւ աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Սա աննախադեպ հաջողություն է: Այս կարգի մեդալներ երբեք մեր պատմության մեջ չենք ունեցել այն էլ պաշտոնական մրցաշարերում: Հենց այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ Գոռ Կարապետյանի հաղթանակը պատահական չէր: Ընդհանուր՝ պատանիների հավաքականում դրական տեղաշարժ է նկատվում: Ֆեդերացիայի գլխավորությամբ մեծ աշխատանք է տարվում եւ արդյունքները տեսանելի են:
Դրական տեղաշարժն ինչ-որ փոփոխություններով է պայմանավորվա՞ծ :
Հենց այնպես ոչինչ տեղի չի ունենում. այս դրական տեղաշարժը փոփոխությունների արդյունք է: Ֆեդերացիան հատուկ պլան է մշակել, ըստ որի երեք հավաքականների պատասխանատու են նշանակել ինձ: Իմ առաջարկով հավաքականների մարզիչներ են նշանակվել, թիմ է ձեւավորվել: Մարզաձեւում ունենք խնդիրներ, որոնք այժմ իմ պատախանատվության տակ են: Սա հատուկ նրա համար է, որ որեւէ մարզիչ մարզիկի հարցում չթերանա: Յուրաքանչյուր մրցաշարի համար կազմն էլ բոլորով ենք որոշում՝ իմ գլխավորությամբ: Ամեն ինչին մասնակցում ենք՝ հավաքներ, մարզումներ, նախապատրաստական փուլերի պլաններ: Ահռելի մեծ աշխատանք է տարվում: Արդեն շուրջ երկու տարի է այս գրաֆիկով ենք աշխատում: Արդյունքները տեսանելի են: Արդյունքները խոսում են այն մասին, որ ֆեդերացիան ճիշտ ճանապարհի վրա է:
Երիտասարդական հավաքականի մասին ի՞նչ կասեք:
Նույն աշխատանքը տարվում է նաեւ երիտասարդականում: Սեպեմբերի 15-21-ը Չեխիայում մասնակցեցինք երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, բայց արդյունքներ չգրանցեցինք: Ձյուդոիստները վատ հանդես եկան: Սերնդափոխություն կլինի նաեւ երիտասարդական հավաքականում: Պատանիները ապագա երիտասարդական հավաքականն է, որոնք հետո պետք է համալրեն մեծահասակների թիմը:
Զրույցի սկզբում նշեցիք խորքային խնդրի մասին...
Մենք երբեք ամուր պատանեկան հավաքական չենք ունեցել, որպեսզի ըստ հերթականության սերնդափոխություն լինի եւ մեդալակիր, տիտղոսներ ունեցող ձյուդոիստները պատանիներից տեղափոխվեն երիտասարդներ, մեծահասակներ: Մյուս հավաքականներում երերուն արդյունքները ոչ ամուր պատանեկան հավաքական ունենալն էր: Այս պահին մենք կարող ենք փաստել, որ ունենք ուժեղ հավաքական թիմ: Մենք ամեն ինչ անում ենք, որ պատանիներին ճիշտ ճանապարհով տանենք մինչեւ մեծահասակներ:
Շատ այլ պատճառներ էլ կան, որ մեծահասակներում, երիտասարդներում մեր արդյունքները քիչ են կամ երկարատեւ դադարներով, բայց այդ մասին երկար պետք է խոսենք:
Ֆերդինանդ Կարապետյանի Եվրոպայի չեմպիոնությունից հետո հայկական ձյուդոն, կարծես, անկում ապրեց: Եվրոպայի, աշխարհի առաջնություններում շարունակում ենք ձախողել: Ի՞նչն է պատճառը: Ո՞վ է թերանում իր աշխատանքում:
Ֆեդերացիան ոչինչ չի կարող անել, եթե դու չունես «արտադրանք»: Ամեն ինչ գալիս է անձնական մարզիչներից: Որքան էլ ես առավոտից երեկո չարչարվեմ, եթե ինձ հավաքական որակյալ մարզիկ չեն տալիս, չեմ կարող 6 ամսում ձյուդոիստին դարձնել Եվրոպայի կամ աշխարհի չեմպիոն: Պետք է գոնե 50 տոկոսով մարզիկը գա հավաքական, որպեսզի մարզիչները դարձնեն նրան մեդալակիր: Պատանեկան հավաքականում մեդալներ նվաճած տղաներն արդեն երրորդ տարին են թիմում: Այսինքն՝ մենք երեք տարի հետո նոր կարողացել ենք մարզիկին հասցնել իր գագաթնակետին:
Հորդորում ենք անձնական մարզիչներին այնպես աշխատել, որ իրենց սաները հավաքականում ոչ թե երեք տարի հետո արդյունք տան, այլ առաջին տարուց սկսած: Այս դեպքում մեր նվաճումները հաճախակի կդառնան, այլ ոչ այսքան դադարներով:
Ինչ վերաբերում է Ֆերդինանդ Կարապետյանին, նա լիարժեք ապաքինված չէ: Վնասվածքները դեռ չի վերականգնել: Նույնը Արսեն Ավետիսյանի մոտ է: Այժմ նրանց հանգիստ ենք տվել: Պատրաստվում են հաջորդ տարվա մեկնարկին: Հունվարից կսկսենք վարկանիշային մրցաշարերի փուլը, իսկ մինչ այդ տղաները կապաքինվեն վնասվածքներից: Մեծահասակներում այժմ սերնդափոխություն է: Նոր անուններ կունենանք հավաքականում:
Գոռ Կարապետյանի ոսկե մեդալն ի՞նչ կփոխի հայկական ձյուդոյում:
Ոգեւորիչ է այս պատմական հաղթանակը: Հայկական ձյուդոյի համար շատ մեծ ձեռքբերում է: Կար մի շրջան, երբ բոլորը մտածում էին՝ ձյուդոյում այլեւս անհնար է բարձր արդյունք ունենալ, բարդ է: Այդպես էին մտածում նաեւ մյուս ձյուդոիստները: Ոսկե մեդալով փոխում ենք այդ կարծրատիպը եւ ապացուցում, որ ձյուդոյում էլ կարող ենք ունենալ աշխարհի չեմպիոն: Ոչ միայն աշխարհի ոսկե մեդալը, նաեւ պատանիների նվաճած մեդալները նոր զարկ կտան հայկական ձյուդոյին: Հոսքը դեպի մարզաձեւ կավելանա:
Մարդիկ չէին հավատում, որ կարող են նաեւ ձյուդոյում, բարձր արդյունքների շնորհիվ զինվորական ծառայությունը մարզական վաշտում անցկացնել: Մենք հավաքականներում արդեն խոսում ենք կոնկրետ մեդալների մասին: Արդեն հասել ենք այդ մակարդակին: Այս աշխատանքը պետք է շարունակական լինի, որպեսզի հասնենք ցանկալի արդյունքների:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ ՀՁՖ-ի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.