20:42  ,  29 սեպտեմբերի, 2022

Սարգիս Հովսեփյան․ Կապառոսն այդպես էլ չկարողացավ թիմային պաշտպանություն կազմակերպել

Ազգային հավաքականի պարտությունների, անհաջողությունների պատասխանատվությունը միայն Կապառոսը չպիտի տանի, ֆեդերացիայի նախագահն էլ պետք է կիսի:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցում ասաց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը:

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն տարածեց, ըստ որի Ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը երկկողմանի համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը. իսպանացի մասնագետը հեռացել է ազգային հավաքականից:

Սարգիս Հովսեփյանը խոսել է իսպանացի մարզիչի պաշտոնավարման եւ ազգային հավաքականի խնդիրների մասին:

Պարոն Հովսեփյան, Խոակին Կապառոսը հեռացավ հավաքականից: Ինչպե՞ս եք գնահատում իսպանացի մասնագետի կատարած աշխատանքը հավաքականում:

Նրա աշխատանքը ֆուտբոլային տերմինով երկու փուլի կբաժանեմ. առաջին եւ երկրորդ խաղակես: Առաջին խաղակեսում ամեն ինչ նորմալ էր: Առաջին շրջանը հուսալի էր: Չենք կարող չփաստել նրա օրոք հավաքականի տարած հաղթանակները: Երկրորդ խաղակեսում Կապառոսը չկարողացավ ամրացնել այդ հաղթանակները: Արդյունքը վատ էր. բոլորն են հասկանում, որ այս հաշիվներով պարտությունները միանշանակ վատ են: Որեւէ մեկը չի կարող ասել, թե լավ էր: Գոյություն ունի արդյունք, խաղի հաշիվ: Խաղից հետո նայում ես հաշվին, արդեն հասկանում ես՝ լավ է, թե վատ: 0:5 հաշվով պարտությունը վատ է:

Խոակին Կապառոսն այդպես էլ չկարողացավ թիմային պաշտպանություն կազմակերպել: Մեր հավաքականի ամենաթույլ կողմը եղավ այն, որ թիմը չի կարողանում պաշտպանվել: Կարող է հարձակվողը գոլ չխփել, 0:0 խաղան, բայց երբ գոլ ես բաց թողնում, անհնար է միավոր ձեռք բերել: Նա չկարողացավ պաշտպանություն կազմակերպել, այդ պատճառով էլ այսպիսի մեծ հաշիվներ էին լինում:

Նշեցիք, որ սկզբնական շրջանում ամեն ինչ լավ էր, հուսադրող էր, երկրորդ փուլը՝ վատ: Ի՞նչը պակասեց

Կայունությունը պակասեց: Խաղային ստաբիլություն պետք է լինի, ոչ թե խաղա մեկ շատ լավ, մեկ՝ շատ վատ, մեկ խաղ հաղթի, մի քանի խաղ պարտվի:

Խոակին Կապառոսի գլխավորությամբ իրար հաջորդող հաղթանակներ ունեցանք: Ափսոսում եմ, որ հավաքականը չամրապնդեց այդ հաղթանակները: Երբ դու հաղթում ես, միավորներ ես վաստակում, այլ երկրների հավաքականներն այլ կերպ են քեզ ընդունում, պատրաստվում, խաղում քո դեմ, միշտ պարտվող հավաքականների հետ՝ լրիվ այլ: Երբ հավաքականը երկու-երեք խաղ հաղթում է, մրցակիցներն ավելի լուրջ են պատրաստվում հաղթող թիմի դեմ, որովհետեւ հասկանում են, որ պետք է իրենց լավագույն կողմերը ցուցադրեն հաջողության հասնելու համար:

Այս պահին ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք հավաքականում: Ինչի՞ վրա պետք է կենտրոնանա հաջորդ մարզիչը:

Այն խնդիրները, որն այժմ ունենք ազգային հավաքականում, Խոակին Կապառոսի մեղավորությամբ չեն: Ով էլ լինի գլխավոր մարզիչի դերում, ընտրությունը շատ սուղ է: Երբ տեսնում ենք, թե ազգային առաջնությունում քանի հայ ֆուտբոլիստ է խաղում, քանի լեգեոներ, պարզ է, որ այս խնդիրը պետք է լիներ: Խոակին Կապառոսը երիտասարդ խաղացողների փորձարկեց, բայց այդ երիտասարդները խաղային փորձ չունեն: Հնարավորություն չունեն խաղային փորձ ունենալու:  Երբ դրսից բերում ես 26-27 տարեկան փորձառու լեգեոներ, պարզ է, որ մեր պատանի, երիտասարդ ֆուտբոլիսները նրա հետ չեն կարող մրցակցել: Հայ երիտասարդը նստում է, կորում է, վատ է մարզվում, վատ խաղում: Այդպես հայ ֆուտբոլիստները գնալով պակասում են, հայկական ֆուտբոլը կորում է:

Սա ազգային հավաքականի գլխավոր մարզիչի խնդիրը չէ, ֆեդերացիայի նախագահի խնդիրն է: Ֆեդերացիայի նախագահը պետք է մտածի ազգային հավաքականի մասին, նա պետք է շահագրգռված լինի այնպես անել, որ շատ հայ ֆուտբոլիստներ լինեն եւ գլխավոր մարզիչը ընտրության մեծ հնարավորություն ունենա: Այս առիթով Հայաստանի առաջնությունում լեգեոներների թիվը պետք է կրճատվի, իսկ առաջին խմբում ընդհանրապես պետք է բացառել լեգեոներների: Գոնե այդտեղ մեր տղաներին խաղալու հնարավորություն տան:

Պետք է անկեղծ լինենք. երբ երկու ֆուտբոլիստ կարմիր է ստանում, լավ մարզավիճակում չեն լինում, մարզիչն ընտրություն կատարելու հնարավորություն չունի: Ֆուտբոլիստը լավ մարզավիճակում չէ, բայց մյուս աջ կամ ձախ պաշտպանը ավելի թույլ է, քան այն ֆուտբոլիստը, որը լավ մարզավիճակում չի, գլխավոր մարզիչն ի՞նչ անի:

Երկրպագուների արձագանքը նորմալ է: Հաղթանակը միշտ հավաքականինն է լինում, պարտությունը՝ գլխավոր մարզիչինը: Ուղղակի մեր երկրպագուները մի փոքր ավելի թեժ են գլխավոր մարզիչների նկատմամբ:

Ազգային հավաքականում խնդիրը միայն Կապառոսինը չէ: Մենք անընդհատ նշում ենք նրան, բայց գլոբալ խնդիր է: Կապառոսը հեռանա, ուրիշ մարզիչ գա, նույն է լինելու: Մենք ընտրություն չունենք, որ մարզիչը փորձի մրցակցություն ստեղծել նրանց միջեւ, ֆուտբոլիստն էլ հասկանա, որ կարող է չմասնակցել խաղին: Այս ամենը ֆեդերացիայի խնդիրն է, որը ճիշտ չի կազմակերպում աշխատանքը: Գնալով ավելի քիչ հայ տաղանդավոր ֆուտբոլիստներ են ի հայտ գալիս, քանի որ նրանց խաղալու հնարավորություն չեն տալիս:

Ես շատ կուզենայի լսել ֆեդերացիայի նախագահի կարծիքը․ գո՞հ է Կապառոսի կատարած աշխատանքից, թե՞ ոչ: Այնպիսի տպավորություն է, որ գոհ է: Անհասկանալի կեցվածք է: Պետք է լինի մեկնաբանություն․ չէ որ ազգային հավաքականի արդյունքների պատասխանատվությունը նաեւ ֆեդերացիայինն է: Նրանք են հրավիրել Կապառոսին:

Երբ հավաքականը հաղթանակներ էր ունենում, բոլորը խոսում էին, գովաբանում էին իսպանացի մարզիչին, վերջաբանը վատ է, որեւէ մեկը չի ուզում խոսի: Ազգային հավաքականի պարտությունների, անհաջողությունների պատասխանատվությունը միայն Խոակին Կապառոսը չպիտի տանի, ֆեդերացիայի նախագահն էլ պետք է կիսի: Ամեն ինչն ուզում են բարդել միայն Կապառոսի վրա, այդպես չի լինում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով