09:09  ,  21 սեպտեմբերի, 2022

Արսեն Հարությունյան․ Մինչեւ մեկնարկս նորություններ եմ կարդացել, գլխումս միայն Հայաստանի իրադարձություններն էին

Կային սխալներ, որոնք լարվածության մեջ թույլ տվեցի եւ դրա համար պատժվեցի՝ զրկվելով ոսկե մեդալից: Ուզում եմ ավելի լավ ու շատ մարզվել, մեդալներ նվաճել, կարողանալ այնպես անել, որ մարդիկ մի քիչ ժպտան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը:

Սեպտեմբերի 15-18-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը նվաճեց Հայաստանի միակ մեդալը: Եվրոպայի կրկնակի չեմպիոնը մարզական կարիերայում նվաճեց իր երկրորդ բրոնզե մեդալը: Եզրափակիչի ճանապարհին Հարությունյանը քառորդ եզրափակիչում պարտվեց Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուտին, որն էլ դարձավ աշխարհի չեմպիոն:

Արսեն, շնորհավորում եմ աշխարհի առաջնության երկրորդ բրոնզե մեդալը նվաճելու կապակցությամբ: Ի՞նչը պակասեց ոսկե մեդալի համար:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Սա այն չէր, ինչ ես ուզում էի: Գնացել էի ոսկե մեդալի հետեւից: Այս անգամ մի քիչ լարվածությունս էր շատ: Քառորդ եզրափակիչում լարվածության պատճառով շուտ պարտվեցի: Աշխարհի չեմպիոն դառնալու ցանկությունս շատ էր, դրանից ավելի էի լարվում:

Քառորդ եզրափակիչում ճապոնացի ըմբիշի հետ գոտեմարտում պարտվեցիր 1 րոպեում՝ ոչինչ չկարողանալով անել: Ինչո՞ւ: Ի՞նչ տեղի ունեցավ:

Սովորաբար դժվարանում եմ գոտեմարտի սկզբնասում, հատկապես, երբ մրցակիցս ուժեղ է: Հենց սկզբից հնարքի տակ ընկա, ճապոնացի ըմբիշը այդ մեկ հնարքով ավարտեց գոտեմարտը: Նա իր շանսը ձեռքից բաց չթողեց: Եթե 8:0-ով ավարտեր իր հնարքը, կանգնելու էի եւ հաղթեի նրան: Պահը բռնեց եւ մինչեւ վերջ ավարտին հասցրեց: Մինչ ես ուզում էի դուրս գալ լարվածությունիցս, նա վերջացրեց գոտեմարտը:

Աշխարհի առաջնությանը լիարժեք պատրաստ էի: Ջանք ու եռանդ չէի խնայել հաղթելու համար: Երեւի չստացվեց այն պատճառով, որ ինձ մոտ մի փոքր խառնված վիճակ էր: Հոգեբանորեն չկարողացա ճիշտ տրամադրվել: Ճապոնացի ըմբիշն ինձնանից մի գլուխ բարձր էր, քանի որ օլիմպիական փոխչեմպիոն էր, բայց ինձանից ուժեղ չէր: Ուղղակի, այդ օրը նրա օրն էր եւ հաղթեց:

Սփոփիչ գոտեմարտում վերջին վայրկյաններին 6:11 հաշվով պարտվելիս, հաղթեցիր 12:11: Կամային հաղթանա՞կ էր, թե՞ մշակված տակտիկա: Ինչպե՞ս ստացվեց:

Սփոփիչ գոտեմարտում մրցեցի ալբանացի Դուդաեւի հետ: Վստահություն կար, որ ցանկացած վայրկյանին նրան կհաղթեմ: Հանկարծ տեսա, որ գոտեմարտի ավարտին 35 վայրկյան է մնացել եւ, ես պարտվում եմ 5 միավորի տարբերությամբ: Միանգամից գնացի հնարքի, իմ ամենասիրած հնարքը կատարեցի, 6 միավոր վաստակեցի եւ հաղթեցի: Նաեւ նպաստեց Հաբեթնակ Կուրղինյանին չելենջը:

Ալբանացին եւս ուժեղ ըմբիշ էր: Նա 65 կգ քաշայինների Եվրոպայի բրոնզե մեդալակիր էր: Քաշային կարգը փոխել էր, ծանր էր ինձ համար: Որքան էլ ես չհոգնող ըմբիշ եմ, նրա հետ գոտեմարտում հոգնեցի: Ինձ իմ ինքնավստահությունն է օգնում պարտվելիս երկրորդ շունչ հավաքել եւ հաշվի մեջ առաջ անցնել:

Բրոնզե մեդալի գոտեմարտի մասին ի՞նչ կասես. 12:0 հաշվով հաղթանակ ժամանակից շուտ:

Ամերիկացի ըմբիշն էլ թույլ չէր: Այստեղ հավաքվեցի, արդեն չկար լարվածություն, այսպես ասած՝ տաք էր քառորդ եզրափակիչում թույլ տված սխալս: Հասկանում էի, որ պետք է միավոր չտամ, շանս չտամ: Այս ըմբիշն էլ ճապոնացու պես կարող էր սկզբնամասում օգտվել իմ սխալից, միավոր վաստակեր եւ մինչեւ վերջ պահեր գոտեմարտն իր միավորով: Ճիշտ տակտիկայով գոտեմարտեցի: Այստեղ իմ ուժեղ հնարքները չէի օգտագործում, քանի որ նա եւս ուժեղ էր այդ հնարքներից: Շատ լուրջ տակտիկա էի գծել եւ ամբողջ գոտեմարտն իմ գծածով գնաց: Չէի սպասում, որ այդքան շուտ եւ այդ հաշվով կհաղթեմ, քանի որ մտածում էի՝ բարդ գոտեմարտ է ստացվելու:

Եզրափակիչի ուղեգիրը կորցնելուց հետո, ի՞նչն ուժ տվեց հաջորդ օրը շարունակել մեդալի համար պայքարը:

Պարտությունից հետո շատ դժվար է տրամադրվել երրորդ տեղի համար գոտեմարտերին: Առավել բարդ են տրվում սփոփիչ գոտեմարտերը: Դրա համար պետք է ուժեղ լինես, որ կարողանաս քեզ բերել այն հոգեվիճակին, որ պետք է շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Չեմ ընդունում, երբ պարտվում են եւ հրաժարվում հետագա պայքարից, բրոնզե մեդալի համար գոտեմարտից: Ինձ համար դա ճիշտ սպորտային քայլ չի: Ես կարողանում եմ ինձ հավաքել պարտությունից հետո եւ առավել ոգեւորված գնում եմ բրոնզե մեդալ նվաճելու:

Սա աշխարհի առաջնություն է, սովորական մրցաշար չի եւ բրոնզե մեդալն էլ շատ կարեւոր է: Յուրաքանչյուր մրցաշարի մեկնում եմ պայքարելու, ոսկե մեդալ նվաճելու մեծ նպատակով, բայց եթե փոխվում է մեդալի գույնը, պետք է հնարավորությունը ձեռքիցդ բաց չթողնես: Եթե բաց ես թողնում շանսդ, հետագայում զղջում ես: Մեկ անգամ երիտասարդների աշխարհի առաջնությունում ինձ տրված հնարավորությունը բաց եմ թողել ձեռքիցս. չկարողացա բրոնզե մեդալ նվաճել, քանի որ չուզելով էի գոտեմարտում: Արդյունքում պարտվեցի եւ դա ինձ մեծ դաս եղավ: Մինչ օրս աչքերիս առաջ գալիս է այդ դրվագը: Երբեք չեմ հրաժարվում բրոնզե մեդալի համար ոչ մի պայքարից:

Անկեղծ՝ պատրաստ էի չեմպիոնության: Կային սխալներ, որոնք թույլ տվեցի լարվածության մեջ եւ դրա համար պատժվեցի, զրկվեցի ոսկուց: Չեմ մանրամասնի, թե ինչ սխալ արեցի: Իսկապես, ահռելի աշխատանք էի կատարել մարզիչներիս հետ: 5 հավաք էինք անցել, ծանր մարզումներ՝ ցավերով, մկանային ցավերով, արցունքներով: Իսկապես, այս անգամ ես զգում էի, որ պատրաստ եմ չեմպիոն դառնալ: Օրինակ՝ 2021 թվականի աշխարհի առաջնությունում այսպես պատրաստ չէի: Անչափ ուրախացել էի, որ կարողացել եմ բրոնզե մեդալ նվաճել: Ես գիտակցում էի, որ բրոնզն իմ գագաթնակետն էր այդ պահին: 

Հայաստանում տեղի ունեցող պատերազմական իրավիճակը որքանո՞վ ազդեց քեզ վրա մրցագորգում:

Ամեն ինչ խառնվել էր իրար: Մինչեւ իմ մրցելույթի օրը, մինչեւ մեկնարկիս առավոտը ամբողջ ժամանակ նորություններն եմ կարդացել:  Գլխումս միայն Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն էին եւ հիմա էլ շարունակում են մնալ: Աշխարհի առաջնությունից հետո պետք է ամուսնանայի: Երկրում պատերազմական վիճակ, ես պլանավորել եմ իմ կյանքի ամենակարեւոր քայլերից մեկն անել, այդ մտքերին զուգահեռ, մեծ ցանկություն ունեի մեդալ նվաճել, որ այս դժվար իրավիճակում կարողանայի մի պահ ուրախացնել իմ ժողովրդին, ծնողներիս:

Բրոնզե մեդալի համար ուրախ չեմ, բայց շատ ուրախ եմ, որ կարողացա մեդալով վերադառնալ: Դրսում շատերը մոտենում են ինձ, շնորհակալություն հայտնում մեդալի համար: Տեսնում եմ, որ մարդիկ իսկապես այս լարված իրավիճակում ուրախացել են մեր մեդալներով: Դրանից ավելի եմ ոգեւորվում: Ուզում եմ ավելի լավ, ավելի շատ մարզվել, որ էլի մեդալներ նվաճեմ, ոսկե մեդալներ նվաճեմ, կարողանամ այնպես անել, որ մարդիկ մի քիչ ժպտան:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս