Ուրախ եմ, որ մեդալով եմ վերադառնում հայրենիք: Եկել էի միայն ոսկե մեդալ նվաճելու նպատակով, բայց նվաճեցի այն մեդալը, որին երեւի արժանի էի այս պահին. ուրեմն կան թերություններ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բելգրադից ասաց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը:
Սերբիայում ընթացող աշխարհի առաջնությունում 23-ամյա ըմբիշը նվաճեց բրոնզե մեդալ: Օլիմպիական քաշային կարգում (77 կգ) սա Մալխաս Ամոյանի առաջին մեդալն է աշխարհի առաջնությունում:
Եվրոպայի գործող չեմպիոնը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7:1 հաշվով հաղթեց աշխարհի չեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշին:
Մալխաս, շնորհավորում եմ բրոնզե մեդալ նվաճելու կապակցությամբ: Ակնկալո՞ւմ էիր այս մեդալը։
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Ուրախ եմ, որ մեդալով եմ վերադառնում հայրենիք: Սխալ կլինի ասել, թե բրոնզե մեդալ էի ակնկալում: Մեկնել էի աշխարհի առաջնության միայն ոսկե մեդալ նվաճելու նպատակով: Այսօր նվաճեցի այն մեդալը, որին երեւի արժանի էի այս պահին: Ուրեմն ինչ-որ տեղ թերություն ունեմ եւ պետք է աշխատեմ դրա վրա: Մարզիչներիս հետ խորհրդակցելով, կփորձեմ սխալներս ուղղել եւ ավելի ուժեղ վերադառնալ մրցագորգ:
Օլիմպիական քաշային կարգում աշխարհի առաջնության առաջին մեդալդ նվաճեցիր: Ուրա՞խ ես այս առիթով:
Չեմ կենտրոնանում՝ օլիմպիական եւ ոչ օլիմպիական քաշ: Նպատակս եւ երազանքս, իհարկե, Օլիմպիական խաղերում մասնակցելն ու ոսկե մեդալ նվաճելն է եւ մինչեւ Խաղերը, բոլոր կարեւոր մրցաշարերում ոսկե մեդալ նվաճելը:
Գո՞հ ես քո մրցելույթներից:
Չեմ կարող ասել, որ գոհ եմ իմ ելույթներից, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք:
Կարծես՝ այդքան էլ ուրախ չես բրոնզե մեդալի համար:
Ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել: Երբ գիտես, որ կարող էիր ավելին անել ու չես անում, ափսոսում ես, բայց արդեն ուշ է:
Հունգարացի Զոլտան Լեւայի հետ գոտեմարտում ի՞նչը պակասեց:
Մեկնարկում միշտ բարդ է ուժեղ ըմբիշի հետ գոտեմարտելը: Տակտիկական սխալ թույլ տվեցի: Պետք է կարողանայի ճիշտ պաշտպանվել: Միավոր տվեցի, սխալ պաշտպանվեցի եւ զրկվեցի եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից:
Մեկնարկում պարտվելուց հետո ինչպե՞ս կարողացար ուժ գտնել եւ երկրորդ օրը դուրս գալ պայքարի: Ի՞նչը քեզ մոտիվացրեց:
Անկեղծ ասած՝ շատ բարդ է պարտությունից հետո տրամադրվել. ասես ներաշխարհդ խառնվում է իրար: Մարզիչների հետ զրուցելով՝ տրամադրվեցի եւ դուրս եկա բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտերի:
Ինձ մոտիվացնում է հավատս Աստծո նկատմամբ, որն ինձ հնարավորություն տվեց մեդալով վերադառնալ հայրենիք, ինչի համար շոնրհակալ եմ: Կարող էր նաեւ չլինել այս մեդալը:
Բրոնզե մեդալի համար սերբ ըմբիշի հետ էիր գոտեմարտում Սերբիայում: Կա՞ր մտավախություն, որ գուցե մրցավարները խանգարեն:
Այդ առումով անհանգստություն չունեի: Մտածում էի, որ հավասարի դեպքում, միեւնույն է, պարտվելու եմ: Պետք է գնամ հնարքի, որպեսզի հաղթանակն իմը լինի: Այդ տրամադրվածությամբ մտա մրցագորգ եւ ստացվեց: Եթե մտածեի, որ մրցավարներն ինձ կխանգարեն, գոտեմարտս չէր ստացվի: Մրցավարները որքան էլ միջամտեն, խանգարեն, պարտության մեղավորը, միեւնույն է, դու ես լինում:
Հաղթեցիր տիտղոսակիր մրցակիցների: Ո՞ր գոտեմարտը կառանձնացնես քեզ համար, ո՞րը բարդ ստացվեց:
Ամեն գոտեմարտ իր բարդությունն ուներ: Բոլորի հետ 6 րոպե գոտեմարտել եմ, բոլորն էլ ծանր են եղել: Չեմ կարող որեւէ մեկն առանձնացնել: Գրեթե բոլորը բարդ տրվեց:
Մալխաս, անցած տարի Օսլոյում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեցիր 72 կգ քաշային կարգում: Ինչպե՞ս էիր քեզ զգում 77 կգ-ում աշխարհի մրցագորգում:
72 կգ քաշային կարգում ուժեղ ըմբիշների հետ գոտեմարտելիս կարողանում էի ճնշմանը դիմանալ: 77 կգ-ում ավելի բարդ է: Կան իրավիճակներ, երբ խեղճացնում է: Ամեն դեպքում, ամեն ինչ հաղթահարելի է, ուղղակի ցանկություն է պետք:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում