11:26  ,  24 օգոստոսի, 2022

Վահագն Դավթյան․ Եվրոպայի առաջնությունում մասնակցեցի իմ հնարավորությունների առավելագույնով

Եվրոպայի առաջնությունում մասնակցեցի իմ հնարավորությունների առավելագույնով եւ շատ գոհ եմ իմ մրցելույթից: Մեր մարզաձեւում լինում են մրցավարական գործոններ, որոնց արդյունքում չես վաստակում այն գնահատականը, որը պատկերացնում էիր:

Այս մասին NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը:

Օգոստոսի 18-21-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցվացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 5 մեդալ՝ 2 ոսկե, 3 արծաթե: Մեծահասակների պայքարում առանց մեդալի մնաց 2022 թվականի աշխարհի գավաթի փուլերում օղակների վարժությունում լավագույն արդյունքը ցույց տված Վահագն Դավթյանը:

Օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մյունխենից դժգոհել էր Վահագն Դավթյանի մրցավարությունից: Նրա խոսքով, ինչպես իր՝ հենացատկի վարժության պարագայում, այնպես էլ Վահագն Դավթյանի դեպքում, կողմնապահություն է եղել:

Վահագն Դավթյանը գոհ է իր մրցելույթից: Ըստ նրա, այն եղել է իր լավագույն կատարումը: 

«Ելույթս լավ եմ գնահատում: Անկախ նրանից, թե որերորդ տեղը զբաղեցրի, իմ կատարած վարժությունից իրոք գոհ եմ: Մեր մարզիչները, Հակոբ Սերբոյանը եւս շատ գոհ են իմ մասնակցությունից: Սա սպորտ է, այսպես էլ կարող պատահել, որ առանց մեդալ մնաս: Հնարավոր է, որ դու լավ կատարես քո վարժությունը, բայց վերջնական արդյունքը քո պատկերացրածով չլինի, որովհետեւ սա մարմնամարզություն է:

Մյունխենում ես կատարեցի իմ լավագույն վարժությունը: Մեր մարզաձեւում լինում են նաեւ մրցավարական գործոններ, ցածր են գնահատում: Այդպես էլ եղավ ինձ հետ, բայց չեմ ցանկանում դժգոհել մրցավարությունից: Բոլորի հետ էլ պատահում է այդպես, չնայած որ դու քո լավագույն ձեւով ես հանդես եկել: Իմ հնարավորությունների առավելագույնով եմ մասնակցել եմ»,- ասաց Վահագն Դավթյանը:

Եվրոպայի առաջնությունում  Վահագն Դավթյանը 14.766 միավորով զբաղեցրել էր չորրորդ տեղը, բրոնզե մեդալ նվաճած անգլիացի Քորթնի Տուլոչը մեկ տասնորդականով էր գերազանցել աշխարհի գավաթակրին՝ 14.866: Օղակների վարժությունում 6-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն, հույն Էլեֆտերիոս Պետրոունիասը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս