11:26 24 օգոստոսի, 2022Եվրոպայի առաջնությունում մասնակցեցի իմ հնարավորությունների առավելագույնով եւ շատ գոհ եմ իմ մրցելույթից: Մեր մարզաձեւում լինում են մրցավարական գործոններ, որոնց արդյունքում չես վաստակում այն գնահատականը, որը պատկերացնում էիր:
Այս մասին NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը:
Օգոստոսի 18-21-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցվացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 5 մեդալ՝ 2 ոսկե, 3 արծաթե: Մեծահասակների պայքարում առանց մեդալի մնաց 2022 թվականի աշխարհի գավաթի փուլերում օղակների վարժությունում լավագույն արդյունքը ցույց տված Վահագն Դավթյանը:
Օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մյունխենից դժգոհել էր Վահագն Դավթյանի մրցավարությունից: Նրա խոսքով, ինչպես իր՝ հենացատկի վարժության պարագայում, այնպես էլ Վահագն Դավթյանի դեպքում, կողմնապահություն է եղել:
Վահագն Դավթյանը գոհ է իր մրցելույթից: Ըստ նրա, այն եղել է իր լավագույն կատարումը:
«Ելույթս լավ եմ գնահատում: Անկախ նրանից, թե որերորդ տեղը զբաղեցրի, իմ կատարած վարժությունից իրոք գոհ եմ: Մեր մարզիչները, Հակոբ Սերբոյանը եւս շատ գոհ են իմ մասնակցությունից: Սա սպորտ է, այսպես էլ կարող պատահել, որ առանց մեդալ մնաս: Հնարավոր է, որ դու լավ կատարես քո վարժությունը, բայց վերջնական արդյունքը քո պատկերացրածով չլինի, որովհետեւ սա մարմնամարզություն է:
Մյունխենում ես կատարեցի իմ լավագույն վարժությունը: Մեր մարզաձեւում լինում են նաեւ մրցավարական գործոններ, ցածր են գնահատում: Այդպես էլ եղավ ինձ հետ, բայց չեմ ցանկանում դժգոհել մրցավարությունից: Բոլորի հետ էլ պատահում է այդպես, չնայած որ դու քո լավագույն ձեւով ես հանդես եկել: Իմ հնարավորությունների առավելագույնով եմ մասնակցել եմ»,- ասաց Վահագն Դավթյանը:
Եվրոպայի առաջնությունում Վահագն Դավթյանը 14.766 միավորով զբաղեցրել էր չորրորդ տեղը, բրոնզե մեդալ նվաճած անգլիացի Քորթնի Տուլոչը մեկ տասնորդականով էր գերազանցել աշխարհի գավաթակրին՝ 14.866: Օղակների վարժությունում 6-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն, հույն Էլեֆտերիոս Պետրոունիասը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.