19:23  ,  9 օգոստոսի, 2022

Ռաֆայել Վահանյան․ Երկրորդ տեղը ֆանստաստիկ հաջողություն է մեր հավաքականի համար

Երկրորդ տեղը ֆանստաստիկ հաջողություն է մեր հավաքականի համար: Անսպասելի էր: Մեր ընտրանին հոյակապ խաղ ցույց տվեց: Առանց Լեւոն Արոնյանի, իսկապես, ավելի լավ չէին կարող խաղալ:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այսպես մեկնաբանեց 44-րդ Համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի երկրորդ տեղը ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն, վետերանների աշխարհի չեմպիոն, հայկական շախմատի լեգենդներից Ռաֆայել Վահանյանը, որն այս օրերին գտնվում է Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում:

Հայաստանի հավաքականը Չենայում անցկացված Օլիմպիադայում վաստակեց 19 միավոր (11 տուր, հաղթանակի համար՝ 2 միավոր)։ Նույնքան միավորով առաջին անգամ չեմպիոն դարձավ Ուզբեկստանի հավաքականը։

«Ափսոս, որ չեմպիոնի կոչումը չնվաճեցինք: Ուզբեկները երկրորդ անգամ մեզ խանգարեցին (ծիծաղում է): 30 տարի առաջ, երբ ձեւավորվեց Հայաստանի հավաքականը, այդ տարի առաջին անգամ մասնակցեցինք Համաշխարհային օլիմպիադային Ֆիլիպիններում: Այնտեղ մենք զբաղեցրինք 3-րդ տեղը, Ուզբեկստանը՝ 2-րդ: Այնտեղ էլ Ուզբեկստանը շատ լավ խաղաց:

Այս Օլիմպիադայում երկրորդ տեղը ֆանստաստիկ հաջողություն էր մեր հավաքականի համար: Մեր ընտրանին հոյակապ խաղ ցույց տվեց, առանց Լեւոն Արոնյանի հրաշալի  մրցաշար անցկացրին, չնայած թիմային մրցումներում այդքան մեծ դեր չունի հանճարեղ խաղացողների մասնակցությունը: Այստեղ կարեւոր է թիմային պայքարը, միասնականությունը: Արման Փաշիկյանի գլխավորած թիմը փայլում էր, հոյակապ խաղացին: Ինձ համար, անկեղծ ասած, անսպասելի էր այս մեծ հաջողությունը:

Գաբրիել Սարգսյանը վերջում ուղղակի սուպերկլաս էր ցույց տալիս: Աշխարհի բոլոր ուժեղ շախմատիստներին հաղթեց: Իմ կարծիքով, եթե աշխարհի տասը լավագույն շախմատիստների հետ խաղար, բոլորին էլ կհաղթեր, այնպիսի խաղ էր ցույց տալիս:

Ռոբերտ Հովհաննիսյանը նույնպես փայլեց , որը եւս անսպասելի էր: Ափսոս՝ Ուզբեկստանի հետ պարտիան անհաջող ստացվեց, որտեղ միակ պարտությունը կրեց մեր հավաքականը: Եթե այս տուրում չպարտվեին, վստահ եմ՝ չեմպիոն կդառնային: Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանն առաջին անգամ թիմի կազմում մասնակցեցին Օլիմպիադային եւ շատ լավ արդյունքներ գրանցեցին, հրաշալի օգնեցին թիմին:

Առանց Լեւոն Արոնյանի, իսկապես, ավելի լավ չէին կարող խաղալ: Հիշում եմ, երբ Խորհրդային Միության հավաքականի կազմում Կարպովի եւ Կասպարովի հետ Դուբայում Օլիմպիադայի էինք մասնակցում, մեծ դժվարությամբ, մի կերպ հաղթեցինք: Հաջորդ Օլիմպիադայում առանց նրանց 5-6 միավորով առաջ էինք: Շախմատում կա այդպիսի հակասություն. հանճարներն ամեն մեկն իր մասին է մտածում: Թիմի մասին ավելի քիչ են մտածում, ինչը, սովորաբար, ազդում է թիմի հոգեբանության վրա:

Արժանի էինք ոսկե մեդալի: Մեր բախտը չբերեց նրանով, որ Ուզբեկստանը լրիվ տանուլ տված տուրը 1:3 պետք է պարտվեր Հնդկաստանին, օգտվեց մրցակցի վրիպումից եւ հաղթեց: Եթե Հնդկաստանը հաղթեր այդ տուրում, Ուզբեկստանը շանս չէր ունենա: Նախավերջին տուրում էլ Հնդկաստանի երկրորդ թիմի լրիվ տարած մրցախաղը ուզբեկների հետ 2:2 հաշվով ավարտեց: Այստեղ էլ մեր բախտը չբերեց:

Բոլորիս շնորհավորում եմ այս մեծ հաջողության կապակցությամբ, վերջին 10 տարիներին այսպիսի հաջող ելույթ եւ  Օլիմպիադայի մեդալ չէինք ունեցել շախմատում: Շատ լավ ստացվեց Ադրբեջանի հետ դիմակայությունը: Վերջին տարիներին անհաջող էինք  խաղում, բայց այս անգամ ուղղակի ջարդեցին:

Շատ լավ կազմ ունենք: Նաեւ պետք է կենտրոնանանք երիտասարդների վրա: Եթե այս կազմին միանան նաեւ երիտասարդները՝ Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, մեր թիմն ավելի շատ կհզորանա: Այս օլիմպիադայում բոլորը լավ խաղացին»,- ասաց Ռաֆայել Վահանյանը:

Չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճեց Ուզբեկստանի հավաքականը, երրորդ տեղը գրավեց Հնդկաստանի երկրորդ թիմը՝ 18 միավոր։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով