10:14  ,  6 օգոստոսի, 2022

Տիգրան Լ․ Պետրոսյան. Ուրախ եմ, որ սխալվել եմ, տղաները զարմացնում են իրենց խաղով

Նախքան Օլիմպիադայի մեկնարկն, անկեղծորեն չէի հավատում, որ եռյակում լինելու հավակնություն կունենանք: Հայաստանի հավաքականն Օլիմպիադայից առանց մեդալ չի վերադառնա, բայց բոլորիս համար ցանկալի է, իհարկե, ոսկին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրոսմայստեր, Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Տիգրան Լ. Պետրոսյանը՝ մեկնաբանելով ազգային հավաքականի մրցելույթները Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող Համաշխարհային օլիմպիադայում: 7-րդ տուրում առաջատար Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց օլիմպիադայի հիմնական ֆավորիտ ԱՄՆ-ի թիմի հետ՝ 2:2

«Շատ համառ պայքար ստացվեց ԱՄՆ հավաքականի հետ: Ամբողջ տուրի ընթացքում մի քանի անգամ կարծիքս փոխվում էր, թե ինչպես կավարտվի այս դիմակայությունը: Սկզբից այդքան հաջող չէինք սկսել սկզբնախաղերում, բայց հետո կտրուկ փոխվեց դրությունը: Հրանտ Մելքումյանը, ցավոք, վրիպեց: Նրա մրցակից Ուսելի Սոն շատ գեղեցիկ զոհաբերություն արեց, որից հետո մրցակիցը հաղթած դիրք ուներ: Հրանտի պարտիան սկզբից պարզ էր, որ 0:1 պարտվում ենք, քանի որ դիրքը խոստումնալից չէր:

Գաբրիել Սարգսյանի մոտ բարդ ու լարված պարտիա էր, գնահատական տալ չէր լինում, բայց Ֆաբիանո Կարուանայի ցայտնոտից հետո պարզ դարձավ, որ մեր առաջին համարը հաղթանակին շատ մոտ է: Սամվել Տեր-Սահակյանի հետ կապված մեծ հույսեր ունեի, որ կկարողանա ոչ ոքի խաղալ: Եղավ մի պահ, երբ մտածում էի՝ ոչ ոքի կանի ու կկարողանանք հաղթել ԱՄՆ-ին, քանի որ Ռոբերտ Հովհաննիսյանն արդեն առավելություն ուներ: Ցավոք, Սամվել-Տեր Սահակյանը ոչ ոքի չարեց: Եթե նա հաղթեր, արդեն առաջին տեղի համար շատ մեծ հավակնություն կունենայինք միավորների առումով:

Տուրի դրամատիկ ավարտը եղավ Ռոբերտ Հովհաննիսյան - Սեմ Շենքլանդ դիմակայությունը: Պարտիայի վերջին երկու ժամում Ռոբերտը հաղթած դիրք ուներ եւ սպասում էինք, որ վերջնախաղում նա կհաղթի, բայց մեզ համար լավ չընթացավ վերջնամասը, որտեղ ոչ ոքի դիրք էր ստացել:  Շախմատը շատ հարուստ խաղ է եւ քիչ ժամերով սխալվելու հնարավորություն միշտ կա: Ռոբերտի պարտիայի վերջում ոչ շախմատային սխալ տեղի ունեցավ: Շենքլանդին թվաց, թե Ռոբերտը շախ է հայտարարել H1 դաշտից եւ ձեռք տվեց արքային, այնինչ, եթե նա թագուհիով քայլ կատարեր, դիրքը ոչ ոքի էր լինելու: Մրցակիցն ուղղակի խառնվեց իրար, դիպչեց արքային, որից հետո ստիպված պետք է խաղար արքայով, որը նրան բերեց պարտության: Մեկ քայլ կար արքայով, եւ այդ մեկ քայլը նրան պարտության էր մատնում: Շատ դրամատիկ ստացվեց այդ պահը: Բոլորս, իհարկե, շատ ուրախացանք, բայց սա ոչ շախմատային սխալ էր Շենքլանդիի կողմից: Մեզ համար կարեւորն արդյունքն էր, Ռոբերտի հաղթանակը, որի շնորհիվ կարողացանք պահպանել միանձնյա առաջատարի դիրքը:

Հաջորդ մրցակիցը Հնդկաստանի առաջին հավաքականն է, որը նույնպես շատ բարդ մրցակից է լինելու: Բոլոր վերջին խաղերն են շատ բարդ լինելու, Օլիմպիադայում թույլ մրցակից չկա: Կարծում եմ՝ տղաները հոգեբանական լավ վիճակում են: Խոսել եմ Արման Փաշիկյանի հետ, իրենք էլ էին շատ հուզված ԱՄՆ-ի հետ ոչ ոքի խաղալուց հետո: Հայաստանի հավաքականն առանց մեդալ չի վերադառնա Օլիմպիադայից, բայց բոլորիս համար ցանկալի է, իհարկե, ոսկին:

Շատ լավ է հանդես գալիս կանանց հավաքականը: Անկեղծ կլինեմ. առաջին տարին է, որ կանանց հավաքականից սպասումներ ունենք Օլիմպիադայում: Վստահ ենք, որ լավ են հանդես գալու: Եռյակի համար շատ լավ հնարավորություններ ունենք»,- ասաց Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ մինչեւ Օլիմպիադան, առհասարակ, մեդալի սպասելիք չի ունեցել Արման Փաշիկյանի գլխավորած ազգային հավաքականից:

«Նախքան Օլիմպիադայի մեկնարկն, անկեղծորեն չէի հավատում, որ եռյակում լինելու հավակնություն կունենանք: Կարծում էի, որ պայքարելու ենք եռյակին մոտ՝ 4-5-րդ տեղերի համար: Սա իմ կանխատեսումն էր, բայց ես ուրախ եմ, որ սխալվել եմ: Տղաները զարմացնում են իրենց խաղով, մասնավորապես, Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա վերջին խաղատախտակի վրա 7 հնարավորից 6 միավոր ունի եւ ընթանում է առաջին համարով իր խաղատախտակի վրա: Շատ վստահ է հանդես գալիս: Մի գաղտնիք էլ բացեմ. Ռոբերտը մրցաշարից առաջ վարակվել էր կորոնավիրուսով: Անսպասելի էր, որ նման հիվանդությունից հետո կարողանում է այսպիսի բարձրակարգ խաղ ցուցադրել»,- նշեց Տիգրան Լ. Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է Լեւոն Արոնյանի բացակայությանը եւ ԱՄՆ հավաքականի կազմում Հայաստանի դեմ չխաղալու որոշմանը, Օլիմպիադայի կրկնակի չեմպիոնն ընդգծեց, որ ինքն էլ Լեւոնի պես կվարվեր:

«Զուտ հոգեբանական առումով, կարծում եմ, Լեւոնի համար բարդ է եղել հարազատ թիմի դեմ խաղալը: Ես վստահ էի, որ նա չի ցանկանա խաղալ, բայց վստահ չէի՝ կխաղա, թե՞ ոչ: Ամեն դեպքում ԱՄՆ հավաքականում նման բաների սովորաբար ուշադրություն չեն դարձնում, եթե թիմի ավագը որոշի, որ խաղացողը մասնակցելու է մրցամարտին: Երեւի՝ նրանք էլ են մտել Լեւոնի դրության մեջ. ամեն դեպքում, 20 տարի հավաքականում լինելուց հետո իր հավաքականի դեմ խաղալը հոգեբանորեն բարդ է:

Քանի որ ոչ ոքի ենք խաղացել, պետք է համարենք՝ լավ էր, որ չխաղաց, քանի որ Լեւոնը կուժեղացներ ԱՄՆ թիմին:

Անխոս, Լեւոնի հեռանալու հետ տղամարդկանց հավաքականը թուլացել է: Այս մրցաշարում հաջող հանդես գալը դեռ չի նշանակում, որ մենք կարողացել ենք Լեւոնի բացը լրացնել: Կարծում եմ, դեռ երկար տարիներ Լեւոն Արոնյան շախմատիստի բացը  չենք կարողանա լրացնել մեր հավաքականում: Ուրախ եմ, որ այս մրցաշարում կարողանում ենք առանց Լեւոնի պայքարել բարձր տեղերի համար: Անսովոր է»,- ամփոփեց գրոսմայստերը:

Օգոստոսի 6-ին Համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Հնդկաստանի առաջին թիմի հետ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով