10:14 6 օգոստոսի, 2022Նախքան Օլիմպիադայի մեկնարկն, անկեղծորեն չէի հավատում, որ եռյակում լինելու հավակնություն կունենանք: Հայաստանի հավաքականն Օլիմպիադայից առանց մեդալ չի վերադառնա, բայց բոլորիս համար ցանկալի է, իհարկե, ոսկին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրոսմայստեր, Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Տիգրան Լ. Պետրոսյանը՝ մեկնաբանելով ազգային հավաքականի մրցելույթները Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող Համաշխարհային օլիմպիադայում: 7-րդ տուրում առաջատար Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց օլիմպիադայի հիմնական ֆավորիտ ԱՄՆ-ի թիմի հետ՝ 2:2
«Շատ համառ պայքար ստացվեց ԱՄՆ հավաքականի հետ: Ամբողջ տուրի ընթացքում մի քանի անգամ կարծիքս փոխվում էր, թե ինչպես կավարտվի այս դիմակայությունը: Սկզբից այդքան հաջող չէինք սկսել սկզբնախաղերում, բայց հետո կտրուկ փոխվեց դրությունը: Հրանտ Մելքումյանը, ցավոք, վրիպեց: Նրա մրցակից Ուսելի Սոն շատ գեղեցիկ զոհաբերություն արեց, որից հետո մրցակիցը հաղթած դիրք ուներ: Հրանտի պարտիան սկզբից պարզ էր, որ 0:1 պարտվում ենք, քանի որ դիրքը խոստումնալից չէր:
Գաբրիել Սարգսյանի մոտ բարդ ու լարված պարտիա էր, գնահատական տալ չէր լինում, բայց Ֆաբիանո Կարուանայի ցայտնոտից հետո պարզ դարձավ, որ մեր առաջին համարը հաղթանակին շատ մոտ է: Սամվել Տեր-Սահակյանի հետ կապված մեծ հույսեր ունեի, որ կկարողանա ոչ ոքի խաղալ: Եղավ մի պահ, երբ մտածում էի՝ ոչ ոքի կանի ու կկարողանանք հաղթել ԱՄՆ-ին, քանի որ Ռոբերտ Հովհաննիսյանն արդեն առավելություն ուներ: Ցավոք, Սամվել-Տեր Սահակյանը ոչ ոքի չարեց: Եթե նա հաղթեր, արդեն առաջին տեղի համար շատ մեծ հավակնություն կունենայինք միավորների առումով:
Տուրի դրամատիկ ավարտը եղավ Ռոբերտ Հովհաննիսյան - Սեմ Շենքլանդ դիմակայությունը: Պարտիայի վերջին երկու ժամում Ռոբերտը հաղթած դիրք ուներ եւ սպասում էինք, որ վերջնախաղում նա կհաղթի, բայց մեզ համար լավ չընթացավ վերջնամասը, որտեղ ոչ ոքի դիրք էր ստացել: Շախմատը շատ հարուստ խաղ է եւ քիչ ժամերով սխալվելու հնարավորություն միշտ կա: Ռոբերտի պարտիայի վերջում ոչ շախմատային սխալ տեղի ունեցավ: Շենքլանդին թվաց, թե Ռոբերտը շախ է հայտարարել H1 դաշտից եւ ձեռք տվեց արքային, այնինչ, եթե նա թագուհիով քայլ կատարեր, դիրքը ոչ ոքի էր լինելու: Մրցակիցն ուղղակի խառնվեց իրար, դիպչեց արքային, որից հետո ստիպված պետք է խաղար արքայով, որը նրան բերեց պարտության: Մեկ քայլ կար արքայով, եւ այդ մեկ քայլը նրան պարտության էր մատնում: Շատ դրամատիկ ստացվեց այդ պահը: Բոլորս, իհարկե, շատ ուրախացանք, բայց սա ոչ շախմատային սխալ էր Շենքլանդիի կողմից: Մեզ համար կարեւորն արդյունքն էր, Ռոբերտի հաղթանակը, որի շնորհիվ կարողացանք պահպանել միանձնյա առաջատարի դիրքը:
Հաջորդ մրցակիցը Հնդկաստանի առաջին հավաքականն է, որը նույնպես շատ բարդ մրցակից է լինելու: Բոլոր վերջին խաղերն են շատ բարդ լինելու, Օլիմպիադայում թույլ մրցակից չկա: Կարծում եմ՝ տղաները հոգեբանական լավ վիճակում են: Խոսել եմ Արման Փաշիկյանի հետ, իրենք էլ էին շատ հուզված ԱՄՆ-ի հետ ոչ ոքի խաղալուց հետո: Հայաստանի հավաքականն առանց մեդալ չի վերադառնա Օլիմպիադայից, բայց բոլորիս համար ցանկալի է, իհարկե, ոսկին:
Շատ լավ է հանդես գալիս կանանց հավաքականը: Անկեղծ կլինեմ. առաջին տարին է, որ կանանց հավաքականից սպասումներ ունենք Օլիմպիադայում: Վստահ ենք, որ լավ են հանդես գալու: Եռյակի համար շատ լավ հնարավորություններ ունենք»,- ասաց Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ մինչեւ Օլիմպիադան, առհասարակ, մեդալի սպասելիք չի ունեցել Արման Փաշիկյանի գլխավորած ազգային հավաքականից:
«Նախքան Օլիմպիադայի մեկնարկն, անկեղծորեն չէի հավատում, որ եռյակում լինելու հավակնություն կունենանք: Կարծում էի, որ պայքարելու ենք եռյակին մոտ՝ 4-5-րդ տեղերի համար: Սա իմ կանխատեսումն էր, բայց ես ուրախ եմ, որ սխալվել եմ: Տղաները զարմացնում են իրենց խաղով, մասնավորապես, Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա վերջին խաղատախտակի վրա 7 հնարավորից 6 միավոր ունի եւ ընթանում է առաջին համարով իր խաղատախտակի վրա: Շատ վստահ է հանդես գալիս: Մի գաղտնիք էլ բացեմ. Ռոբերտը մրցաշարից առաջ վարակվել էր կորոնավիրուսով: Անսպասելի էր, որ նման հիվանդությունից հետո կարողանում է այսպիսի բարձրակարգ խաղ ցուցադրել»,- նշեց Տիգրան Լ. Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է Լեւոն Արոնյանի բացակայությանը եւ ԱՄՆ հավաքականի կազմում Հայաստանի դեմ չխաղալու որոշմանը, Օլիմպիադայի կրկնակի չեմպիոնն ընդգծեց, որ ինքն էլ Լեւոնի պես կվարվեր:
«Զուտ հոգեբանական առումով, կարծում եմ, Լեւոնի համար բարդ է եղել հարազատ թիմի դեմ խաղալը: Ես վստահ էի, որ նա չի ցանկանա խաղալ, բայց վստահ չէի՝ կխաղա, թե՞ ոչ: Ամեն դեպքում ԱՄՆ հավաքականում նման բաների սովորաբար ուշադրություն չեն դարձնում, եթե թիմի ավագը որոշի, որ խաղացողը մասնակցելու է մրցամարտին: Երեւի՝ նրանք էլ են մտել Լեւոնի դրության մեջ. ամեն դեպքում, 20 տարի հավաքականում լինելուց հետո իր հավաքականի դեմ խաղալը հոգեբանորեն բարդ է:
Քանի որ ոչ ոքի ենք խաղացել, պետք է համարենք՝ լավ էր, որ չխաղաց, քանի որ Լեւոնը կուժեղացներ ԱՄՆ թիմին:
Անխոս, Լեւոնի հեռանալու հետ տղամարդկանց հավաքականը թուլացել է: Այս մրցաշարում հաջող հանդես գալը դեռ չի նշանակում, որ մենք կարողացել ենք Լեւոնի բացը լրացնել: Կարծում եմ, դեռ երկար տարիներ Լեւոն Արոնյան շախմատիստի բացը չենք կարողանա լրացնել մեր հավաքականում: Ուրախ եմ, որ այս մրցաշարում կարողանում ենք առանց Լեւոնի պայքարել բարձր տեղերի համար: Անսովոր է»,- ամփոփեց գրոսմայստերը:
Օգոստոսի 6-ին Համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Հնդկաստանի առաջին թիմի հետ։
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.