17:05  ,  31 հուլիսի, 2022

«Հայկական սպորտի ապագա չեմպիոնները»․ Առնո Դարչինյան (ֆոտո, վիդեո)

NEWS.am Sport-ը սկսում է «Հայկական սպորտի ապագա չեմպիոնները» խորագրով նոր շարք: Կներկայացնենք հայկական սպորտի ապագա աստղերին, նրանց առաջին քայլերն ու հաջողությունները մեծ սպորտում:

Խորագրի առաջին հերոսը Երեւանի Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցի սան, 46 կգ քաշային կարգում հանդես եկող 14-ամյա բռնցքամարտիկ Առնո Դարչինյանն է:

Պատանի բռնցքամարտիկը Հայաստանի վաստակավոր մարզիչ, կանանց հավաքականի երկրորդ մարզիչ, Ենգիբարյանի անվան մարզադպրոցի թիմի մարզիչ Հարություն Նազարյանի սանն է: Առնո Դարչինյանը հունիսին «Դինամո» մարզադահլիճում անցկացված կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունում պարտվեց երկրորդ մենամարտում եւ չկարողացավ ընդգրկվել պատանեկան հավաքական, սակայն 14-ամյա պատանուն պարտությունը չի ընկճել, այլ ավելի մեծ երազանքներ է առաջացրել մեծ սպորտում: Առնո Դարչինյանը լեգենդար Վիկ Դարչինյանի բարեկամն է:

Առնո, ինչպե՞ս, ու՞մ խորհրդով սկսեցիր զբաղվել բռնցքամարտով:

Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 4-5 տարեկանից հայրիկիս եւ մայրիկիս խորհրդով: Հայրս է նախկինում զբաղվել բռնցքամարտով, նաեւ ծանրամարտով: Ծնողներս որոշեցին, որ ես էլ պիտի զբաղվեմ այս մարզաձեւով: Առաջին անգամ մարզադահլիճ եմ այցելել հայրիկիս հետ: Սկզբում ինձ դուր չեկավ բռնցքամարտը: Տեսա թե ինչպես են տղաները կռվում, ծեծում միմյանց, վախեցա: Հայրիկիս ասացի, որ չեմ ցանկանում գալ մարզումների, բայց հետո սկսեցի հաճախել եւ ժամանակի ընթացքում սիրել բռնցքամարտը:

Կարծում եմ՝ ծնողներիս կողմից բռնցքամարտի դահլիճ բերելը ճիշտ որոշում էր: Ինձ դուր է գալիս ռինգում մենամարտելը, կռիվն է դուր գալիս: Համարում եմ, որ բռնցքամարտն իմ մարզաձեւն է եւ մեծ երազանքներ ունեմ այս մարզաձեւում:

Ո՞վ է եղել առաջին մարզիչդ, ում շնորհիվ սիրել ես մարզաձեւը:

Ես Աբովյանի Բալահովիտ գյուղից եմ: Այնտեղ եմ սկսել զբաղվել մարզաձեւով Հայաստանի վաստակավոր մարզիչ Արշավիր Գրիգորյանի մոտ: Հիմա անձնական մարզիչս Հարություն Նազարյանն է, բայց նաեւ զուգահեռ աշխատում եմ ընկեր  Գրիգորյանի հետ:

Ի՞նչ արդյունքներ ես գրանցել այս ընթացքում:

Մասնակցել եմ մի շարք մրցաշարերի, մի քանիսում հաղթել եմ, մեդալակիր եմ դարձել: Երկու անգամ մասնակցել եմ կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի առաջնությանը: Այս տարի չհաջողվեց ընդգրկվել հավաքական: Անարդար կերպով պարտվեցի մրցակցիս եւ դուրս մնացի պայքարից: Չեմ ընկճվում այդ պարտությունից, այժմ մեծ ուժով պատրաստվում եմ հաջորդ տարվա առաջնությանը: Ընթացքում կունենամ նաեւ մրցաշարեր, բայց կենտրոնացած եմ Հայաստանի առաջնությունում չեմպիոն դառնալու նպատակիս վրա:

Ո՞վ է քո կուռքը, լեգենդար բռնցքամարտիկներից ո՞ւմ ոճն է քեզ հարազատ:

Վիկ Դարչինյանն է իմ մեծ կուռքը բռնցքամարտում: Դիտել եմ նրա բոլոր մենամարտերը եւ ինձ շատ հոգեհարազատ է նրա մենամարտելու ոճը: Ի դեպ, Վիկ Դարչինյանը նաեւ իմ բարեկամն է: Ուզում եմ նրա պես չեմպիոն լինել: Գուցե նաեւ գենետիկական է բռնցքամարտի հանդեպ այս սերը Դարչինյանների  մեծ ընտանիքում: Իմ ամենասիրած բռնցքամարտիկներից է նաեւ ամերիկացի  Ռոյ Ջոնսը, որը Սեուլ-1988 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն: Նա ինձ համար ամենաուժեղ բռնցքամարտիկներից մեկն է: Նաեւ նրա ոճն է ինձ հարազատ:

Ո՞րն է մեծ երազանքդ մեծ սպորտում:

Այլ մասնագիտություն չեմ ընտրելու հետագայում, ես ինձ տեսնում եմ միայն սպորտում, բռնցքամարտում: Երազանքս օլիմպիական ոսկե մեդալն է: Ուզում եմ շատ լավ մարզվել, շատ հաղթանակներ ունենալ եւ մի օր դառնալ օլիմպիական ոսկե մեդալակիր, հետո արդեն պրոֆեսիոնալ ռինգում շարունակել մարզական ուղիս եւ դառնալ աշխարհի չեմպիոն: Այս հաղթանակներն ուզում եմ ունենալ ծնողներիս եւ մարզիչներիս համար, որոնք եւս ծնող են ինձ համար, հետո նոր ինձ համար: Ամեն ինչ կանեմ մեծ նվաճումների հասնելու համար:

Պատանի բռնցքամարտիկի հետ զրույցին միացավ նաեւ նրա անձնական մարզիչ Հարություն Նազարյանը:

Պարոն Նազարյան, որքա՞ն ժամանակ եք աշխատում Առնոյի հետ եւ ի՞նչ կասեք նրա  ներուժի մասին:

Առնոն խառնվածքով շատ տաքարյուն, դրան զուգահեռ սառնասիրտ, աշխույժ եւ առույգ տղա է: Հեռանկարային բռնցքամարտիկ է, որի հետ մեծ հույսեր եմ կապում: Տակտիկապես եւ տեխնիկապես զարգացած բռնցքամարտիկ է եւ արդեն ունի իր ուրույն ոճը ռինգում: Շատ աշխատասեր է: Ամեն օր Աբովյանից գալիս է Երեւան մարզումների եւ վերադառնում: Երբեք չի ուշանում, ոչ մի մարզում բաց չի թողնում:

Մեկ տարի է արդեն մարզում եմ Առնոյին: Նրա առաջին մարզիչը իմ կողմից շատ հարգված Արշավիր Գրիգորյանն է, ում խորհրդով էլ Առնոյին վերցրեցի ինձ մոտ: Այս մեկ տարվա ընթացքում արդեն գրանցել ենք հաջողություններ: Հաղթել ենք երկու մրցաշար, բայց պարտվեցինք Հայաստանի առաջնությունում: «Դինամոյում» տեղի ունեցած առաջնությունում Առնոն պարտվեց հավասար պայքարում, կար նաեւ որոշակի անարդարություն, քանի որ կարող էին նրան տալ հաղթանակը: Ամեն դեպքում, որեւէ մեկին չեմ մեղադրում այս պարտության մեջ, միայն մենք ենք մեղավոր: Պետք է այնպես պատրաստվենք, որ մրցավարներին չհաջողվի մեզանից տանել հաղթանակ: Ինձ համար կարեւոր է, որ այս պարտությունը Առնոյին չի ընկճել. մենք դեռ մեծ ճանապարհի ամենասկզբում ենք:

Առնոյի մենամարտելու ոճը շատ նման է Վիկ Դարչինյանի ոճին, ում հետ ես աշխատել եմ 1996-97 թվականներին հավաքականում: Նրանք նաեւ արյունակից բարեկամներ են եւ, կարծում եմ, որոշ հատկություններ, բնավորության գծեր՝ պատասխանատվության զգացողություն, պարտաճանաչություն, Առնոն վաստակել է Վիկից:

Ես այս պատանու մեջ տեսնում եմ մեծ ներուժ եւ նա մի օր կդառնա օլիմպիական մեդալակիր: Այն հաղթողի ձգտումը, որ կա նրա մեջ, բերելու է մեծ ռինգերի եւ մեծ հաղթանակների:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով