17:05 31 հուլիսի, 2022NEWS.am Sport-ը սկսում է «Հայկական սպորտի ապագա չեմպիոնները» խորագրով նոր շարք: Կներկայացնենք հայկական սպորտի ապագա աստղերին, նրանց առաջին քայլերն ու հաջողությունները մեծ սպորտում:
Խորագրի առաջին հերոսը Երեւանի Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցի սան, 46 կգ քաշային կարգում հանդես եկող 14-ամյա բռնցքամարտիկ Առնո Դարչինյանն է:
Պատանի բռնցքամարտիկը Հայաստանի վաստակավոր մարզիչ, կանանց հավաքականի երկրորդ մարզիչ, Ենգիբարյանի անվան մարզադպրոցի թիմի մարզիչ Հարություն Նազարյանի սանն է: Առնո Դարչինյանը հունիսին «Դինամո» մարզադահլիճում անցկացված կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունում պարտվեց երկրորդ մենամարտում եւ չկարողացավ ընդգրկվել պատանեկան հավաքական, սակայն 14-ամյա պատանուն պարտությունը չի ընկճել, այլ ավելի մեծ երազանքներ է առաջացրել մեծ սպորտում: Առնո Դարչինյանը լեգենդար Վիկ Դարչինյանի բարեկամն է:
Առնո, ինչպե՞ս, ու՞մ խորհրդով սկսեցիր զբաղվել բռնցքամարտով:
Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 4-5 տարեկանից հայրիկիս եւ մայրիկիս խորհրդով: Հայրս է նախկինում զբաղվել բռնցքամարտով, նաեւ ծանրամարտով: Ծնողներս որոշեցին, որ ես էլ պիտի զբաղվեմ այս մարզաձեւով: Առաջին անգամ մարզադահլիճ եմ այցելել հայրիկիս հետ: Սկզբում ինձ դուր չեկավ բռնցքամարտը: Տեսա թե ինչպես են տղաները կռվում, ծեծում միմյանց, վախեցա: Հայրիկիս ասացի, որ չեմ ցանկանում գալ մարզումների, բայց հետո սկսեցի հաճախել եւ ժամանակի ընթացքում սիրել բռնցքամարտը:
Կարծում եմ՝ ծնողներիս կողմից բռնցքամարտի դահլիճ բերելը ճիշտ որոշում էր: Ինձ դուր է գալիս ռինգում մենամարտելը, կռիվն է դուր գալիս: Համարում եմ, որ բռնցքամարտն իմ մարզաձեւն է եւ մեծ երազանքներ ունեմ այս մարզաձեւում:
Ո՞վ է եղել առաջին մարզիչդ, ում շնորհիվ սիրել ես մարզաձեւը:
Ես Աբովյանի Բալահովիտ գյուղից եմ: Այնտեղ եմ սկսել զբաղվել մարզաձեւով Հայաստանի վաստակավոր մարզիչ Արշավիր Գրիգորյանի մոտ: Հիմա անձնական մարզիչս Հարություն Նազարյանն է, բայց նաեւ զուգահեռ աշխատում եմ ընկեր Գրիգորյանի հետ:
Ի՞նչ արդյունքներ ես գրանցել այս ընթացքում:
Մասնակցել եմ մի շարք մրցաշարերի, մի քանիսում հաղթել եմ, մեդալակիր եմ դարձել: Երկու անգամ մասնակցել եմ կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի առաջնությանը: Այս տարի չհաջողվեց ընդգրկվել հավաքական: Անարդար կերպով պարտվեցի մրցակցիս եւ դուրս մնացի պայքարից: Չեմ ընկճվում այդ պարտությունից, այժմ մեծ ուժով պատրաստվում եմ հաջորդ տարվա առաջնությանը: Ընթացքում կունենամ նաեւ մրցաշարեր, բայց կենտրոնացած եմ Հայաստանի առաջնությունում չեմպիոն դառնալու նպատակիս վրա:
Ո՞վ է քո կուռքը, լեգենդար բռնցքամարտիկներից ո՞ւմ ոճն է քեզ հարազատ:
Վիկ Դարչինյանն է իմ մեծ կուռքը բռնցքամարտում: Դիտել եմ նրա բոլոր մենամարտերը եւ ինձ շատ հոգեհարազատ է նրա մենամարտելու ոճը: Ի դեպ, Վիկ Դարչինյանը նաեւ իմ բարեկամն է: Ուզում եմ նրա պես չեմպիոն լինել: Գուցե նաեւ գենետիկական է բռնցքամարտի հանդեպ այս սերը Դարչինյանների մեծ ընտանիքում: Իմ ամենասիրած բռնցքամարտիկներից է նաեւ ամերիկացի Ռոյ Ջոնսը, որը Սեուլ-1988 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն: Նա ինձ համար ամենաուժեղ բռնցքամարտիկներից մեկն է: Նաեւ նրա ոճն է ինձ հարազատ:
Ո՞րն է մեծ երազանքդ մեծ սպորտում:
Այլ մասնագիտություն չեմ ընտրելու հետագայում, ես ինձ տեսնում եմ միայն սպորտում, բռնցքամարտում: Երազանքս օլիմպիական ոսկե մեդալն է: Ուզում եմ շատ լավ մարզվել, շատ հաղթանակներ ունենալ եւ մի օր դառնալ օլիմպիական ոսկե մեդալակիր, հետո արդեն պրոֆեսիոնալ ռինգում շարունակել մարզական ուղիս եւ դառնալ աշխարհի չեմպիոն: Այս հաղթանակներն ուզում եմ ունենալ ծնողներիս եւ մարզիչներիս համար, որոնք եւս ծնող են ինձ համար, հետո նոր ինձ համար: Ամեն ինչ կանեմ մեծ նվաճումների հասնելու համար:
Պատանի բռնցքամարտիկի հետ զրույցին միացավ նաեւ նրա անձնական մարզիչ Հարություն Նազարյանը:
Պարոն Նազարյան, որքա՞ն ժամանակ եք աշխատում Առնոյի հետ եւ ի՞նչ կասեք նրա ներուժի մասին:
Առնոն խառնվածքով շատ տաքարյուն, դրան զուգահեռ սառնասիրտ, աշխույժ եւ առույգ տղա է: Հեռանկարային բռնցքամարտիկ է, որի հետ մեծ հույսեր եմ կապում: Տակտիկապես եւ տեխնիկապես զարգացած բռնցքամարտիկ է եւ արդեն ունի իր ուրույն ոճը ռինգում: Շատ աշխատասեր է: Ամեն օր Աբովյանից գալիս է Երեւան մարզումների եւ վերադառնում: Երբեք չի ուշանում, ոչ մի մարզում բաց չի թողնում:
Մեկ տարի է արդեն մարզում եմ Առնոյին: Նրա առաջին մարզիչը իմ կողմից շատ հարգված Արշավիր Գրիգորյանն է, ում խորհրդով էլ Առնոյին վերցրեցի ինձ մոտ: Այս մեկ տարվա ընթացքում արդեն գրանցել ենք հաջողություններ: Հաղթել ենք երկու մրցաշար, բայց պարտվեցինք Հայաստանի առաջնությունում: «Դինամոյում» տեղի ունեցած առաջնությունում Առնոն պարտվեց հավասար պայքարում, կար նաեւ որոշակի անարդարություն, քանի որ կարող էին նրան տալ հաղթանակը: Ամեն դեպքում, որեւէ մեկին չեմ մեղադրում այս պարտության մեջ, միայն մենք ենք մեղավոր: Պետք է այնպես պատրաստվենք, որ մրցավարներին չհաջողվի մեզանից տանել հաղթանակ: Ինձ համար կարեւոր է, որ այս պարտությունը Առնոյին չի ընկճել. մենք դեռ մեծ ճանապարհի ամենասկզբում ենք:
Առնոյի մենամարտելու ոճը շատ նման է Վիկ Դարչինյանի ոճին, ում հետ ես աշխատել եմ 1996-97 թվականներին հավաքականում: Նրանք նաեւ արյունակից բարեկամներ են եւ, կարծում եմ, որոշ հատկություններ, բնավորության գծեր՝ պատասխանատվության զգացողություն, պարտաճանաչություն, Առնոն վաստակել է Վիկից:
Ես այս պատանու մեջ տեսնում եմ մեծ ներուժ եւ նա մի օր կդառնա օլիմպիական մեդալակիր: Այն հաղթողի ձգտումը, որ կա նրա մեջ, բերելու է մեծ ռինգերի եւ մեծ հաղթանակների:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.