15:44  ,  26 հուլիսի, 2022

Արման Փաշիկյան․ Վստահ չեմ, որ Լեւոն Արոնյանը կխաղա մեր թիմի դեմ Օլիմպիադայում

Վստահ չեմ, որ Լեւոն Արոնյանը կխաղա մեր թիմի դեմ, եթե Օլիմպիադայում ԱՄՆ - Հայաստան հանդիպում լինի: Եթե նույնիսկ հանդես գա, սա սպորտ է եւ պետք է  լավագույնս դրսեւորենք մեր ուժերը: Եթե հոգեբանական առումով տղաներն իրենց վրա չափից շատ պարտավորություն չզգան, իրենց լավագույն խաղը ցույց տան, լավ արդյունք կունենանք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանը:

Հայաստանի թիմն այս օրերին վերջին մարզումներն է անցկացնում Հնդկաստանի Չենայի քաղաքում անցկացվող 44-րդ Համաշխարհային օլիմպիադայից առաջ, որը տեղի կունենա հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:

Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի հուլիսի 27-ին:

Արման Փաշիկյանի գլխավորությամբ տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Գաբրիել Սարգսյանը (2698), Հրանտ Մելքումյանը (2634), Սամվել Տեր-Սահակյանը (2625), Մանուել Պետրոսյանը (2610) եւ Ռոբերտ Հովհաննիսյանը (2591)։ Հայաստանի թիմը 2642 միջին վարկանիշով 12-րդն է։

Պարոն Փաշիկյան, Հայաստանի հավաքականը Ձեր գլխավորությամբ ի՞նչ մարզումային փուլ է անցել Օլիմպիդայից առաջ: Ի՞նչ մարզավիճակում եք մեկնում Չենայ:

Օլիմպիադայի նախապատրաստական փուլն անցանք Ծաղկաձորում: Հավաք արեցինք հուլիսի 12-24-ը: Շատ լավ մարզումներ ունեցանք ինչպես շախմատային, այնպես էլ ֆիզիկական պատրաստության տեսանկյունից:

Շախմատում բարդ է կանխատեսումներ անել, ինչպես անհատականում, այնպես էլ թիմային մրցաշարում: Ընդհանուր առմամբ, տղաները բոլորն էլ տաղանդավոր են, ուժեղ շախմատիստներն են, կարող են ուժեղ շախմատիստի հետ հավասար մրցել: Եթե Օլիմպիադան լավ ընթացք ունենա, օպտիմալ մարզավիճակում հանդես գանք, կարծում եմ՝ կարող ենք շատ լավ արդյունք գրանցել:

Ֆիզիկական պատրաստության ի՞նչ փուլ եք անցել:

Շախմատում կարեւոր է լավ ֆիզիկական պատրաստվածության մեջ լինելը: Մեր հավաքականում բոլորը սիրում են սպորտով զբաղվել: Այնպես չէր, որ ֆիքսված մարզումներ ենք ունեցել, ինչպես մյուս մարզաձեւերում: Ով, ինչպես իրեն հարմար էր զգում, այդպես մարզվել է՝ վազք, ֆիզիկական աշխատանք մարզադահլիճում, լող: Լավ մարզավիճակը նաեւ ֆիզիկական լավ վիճակում լինելն է, որն օգնում է տուրերի ընթացքում ավելի լավ կենտրոնանալ խաղի վրա:

Ի՞նչ խնդիրներ լուծեցիք հավաքի օրերին:

Աշխատեցինք հիմնականում սկզբնախաղերի վրա: Տղաների հետ ընտրել ենք սկզբնախաղեր, քննարկել, ով, ինչ խնդիրներ ունի: Նայել ենք բազմաթիվ սկզբնախաղեր: Նաեւ խնդիրների տարբերակներով ենք աշխատել, դիրքային առումներով:

ԱՄՆ-ի հավաքականի կազմում առաջին անգամ ընդգրկված է Լեւոն Արոնյանը, գուցե, խաղա նաեւ Հայաստանի դեմ: Ի՞նչ սպասելիքներ կան այս առումով երբ մրցակցի դերում լինի Լեւոն Արոնյանը:

Բնական է, որ Օլիմպիադայում ֆավորիտը ԱՄՆ թիմն է, քանի որ վարկանիշով էլ առաջինն է: Այսպիսի ուժեղ թիմի հետ դժվար խաղ կլինի: Ինչ վերաբերում է Լեւոն Արոնյանի հանդես գալուն, վստահ չեմ, որ նա կխաղա Հայաստանի դեմ: Եթե նույնիսկ հանդես գա, սա սպորտ է: Պետք է ըմբռնումով մոտենալ եւ լավագույնս դրսեւորել մեր ուժերը: Չեմ բացառում, որ Հայաստանի դեմ խաղում ԱՄՆ հավաքականի 5-րդ տախտակին թիմի փոխարինողը խաղա Լեւոն Արոնյանի փոխարեն: Ամեն դեպքում սա զուտ կանխատեսում է:

Մեր հավաքի օրերին Լեւոն Արոնյանը մեզ հետ Ծաղկաձորում էր: Մենք միասին շատ ենք զրուցել, մարզում ունեցել, բայց այդ թեմայի շուրջ չենք խոսել: Չկա որեւէ պայմանավորվածություն՝ նա կմասնակցի Հայաստանի հետ խաղին, թե ոչ, եթե, իհարկե, ԱՄՆ - Հայաստան հանդիպում լինի:

Ինձ համար շատ կարեւոր է, որ մեր թիմի տրամադրվածությունը լավ է, տրամադրությունը՝ բարձր:

Ձեր առաջին լուրջ մրցաշարն է գլխավոր մարզիչի դերում: Այդ առումով պատասխանատվություն, լարվածություն կա՞:

Որպես գլխավոր մարզիչ առաջին լուրջ մրցաշարն է: Մինչ այդ եղել եմ որպես երկրորդ մարզիչ, բայց սա, այսպես ասած, առաջին լուրջ փորձն է: Թիմային բոլոր մրցաշարերը շատ կարեւոր են անկախ նրանից Օլիմպիադա է, թե Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն: Երբ ես հանդես էի գալիս Հայաստանի հավաքականի կազմում, թիմային մրցաշարերում ավելի շատ լարվածություն եմ ունեցել, քան անհատական կամ ակումբային մրցաշարերում: Թիմային պայքարում մարզիչի, ինչպես նաեւ խաղացողների վրա պատասխանատվությունն ավելի մեծ է լինում: Լարվածությունն է շատ լինում: Պետք է փորձենք այնպես անել, որ այդ լարվածությունը չխանգարի շախմատիստներին, որպեսզի իրենց լավագույն խաղը ցույց տան:

Արտասովոր ոչինչ չեմ զգում գլխավոր մարզիչի դերում: Միասին մարզվում ենք առայժմ: Միակ տարբերությունն այն է, որ այժմ իմ պատասխանատվության ներքո է, թե ով, որ խաղատախտակին պետք է հանդես գա, ով հանգստանա:

Առայժմ, այն ինչ ես անում եմ, բազմիցս արել ենք տղաների հետ: Ես այս թիմից եմ եղել, մենք միասին խաղացել ենք, միմյանց դեմ էլ ենք խաղացել անհատական մրցաշարերում, շատ լավ ճանաչում ենք իրար, բոլորի հետ ընկերական շատ լավ հարաբերություններում ենք: Կարծում եմ՝ ոչ մի խնդիր չի լինի, ամեն ինչ իր հունով կընթանա:

Կարեւորն այն է, որ լավ մարզավիճակում ներկայանանք եւ տղաները հոգեբանական ճնշում չզգան իրենց վրա: Մանուել Պետրոսյանն առաջին անգամ է հավաքական ընդգրկվել, Սամվել Տեր-Սահակյանը համեմատաբար շատ փորձ չունի հավաքականի հետ խաղերում: Եթե հոգեբանական առումով տղաներն իրենց վրա չափից շատ պարտավորություններ չզգան, իրենց լավագույն խաղը ցույց տան, շատ լավ կլինի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով