23:32  ,  2 հուլիսի, 2022

Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհներգի ժամանակ հեռացել է․ նա որակազրկվել է

Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովը պարգեւատրության արարողության ընթացքում Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղում բողոք է ներկայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և Ջաֆարովը որակազրկվել է, զրկվել մեդալից ու հեռացվել։ Տեղի է ունեցել նոր պարգևատրություն, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայկ Պապիկյանը 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Սաբիր Ջաֆարովին հաղթել էր 3։2 հաշվով։

Հայկ Պապիկյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 10։0 հաշվով հաղթելով լատվիացի Վիլիամս Լուտկեւիչսին։ Քառորդ եզրափակիչում նա 10։0 հաշվով հաղթել էր մոլդովացի Պավել Անդրուսկային։ Կիսաեզրափակիչում 12։2 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Մարցել Նագիին։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս