09:44  ,  7 հունիսի, 2022

ՀԳՖ նախագահ Մելանյա Ստեփանյան․ 3 ծնող անում են ամեն ինչ, որպեսզի ինձ հեռացնեն պաշտոնից

3 ծնող անում են ամեն ինչ, որպեսզի ինձ հեռացնեն գեղասահքի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից, անհեթեթ ստեր են տարածում, անհիմն մեղադրանք են առաջադրել իմ դեմ: Ոմանք ուղղակի չեն համակերպվում միջազգային հարթակներում Հայաստանի ֆեդերացիայի այսպիսի մեծ համբավ ունենալու հետ եւ իմ այս մեծ աշխատանքով, երբ զրոյից մարզաձեւ ենք ստեղծել եւ այսօր վստահ կարող ենք ասել, որ մարզաձեւը զարգանում է մեր երկրում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը:

Մայիսի 27-28-ը Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցում անցկացվել է Հայաստանի բաց առաջնություն, որին մասնակցել է 140 գեղասահորդ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից: Հայաստանի առաջնությունը մեծ դժգոհություններ է առաջացրել մասնակից երեխաների մի քանի ծնողի շրջանում, որոնք բողոքում են մրցավարների գնահատականից եւ դրսի գեղասահորդների մասնակցությունից: Նրանք բողոքում են նաեւ Մելանյա Ստեփանյանի պաշտոնավարումից: Տարաձայնությունների արդյունքում մեղադրանք է առաջադրվել ֆեդերացիայի նախագահին:

Տիկին Ստեփանյան, նախքան բուն խնդիրների մասին խոսելը, նախ ամփոփենք Հայաստանի առաջնություն:

Հայաստանի առաջնության արդյունքները գոհացնող են, նաեւ հուսադրող: Տղամարդկանց մենասահքում ունենք լավ տղաներ՝ Սեմյոն Դանիլյանց, Միքայել Սալազարյան արտերկրից, որոնք կհամալրեն հավաքականը եւ կպատրաստվեն մրցաշարերի: Եվս մեկ շատ լավ տղա ունենք Սանկտ-Պետերբուրգից, ում պապիկն է հայ: Նա էլ արդեն ստացել է Հայաստանի քաղաքացիություն, բայց դեռ անունը չեմ բարձրաձայնում: Այս երեք տղաներն իրենց տեղն ունեն արդեն հավաքականում: Սլավիկ Հայրապետյանը մշտապես առաջին համարն է: Երբ նա կորոշի, որ այլեւս չի ուզում մասնակցել մրցաշարերի, հանդես գալ հավաքականում, այդ դեպքում միայն նոր նրա տեղը այս երեք տղաներից մեկը կզբաղեցնի:

Ստացվում է, որ հավաքականում ընդգրկված տղաներն արտերկրից են: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Միշտ ասել եմ եւ կրկնում եմ, որ իմ դպրոցի տղաները յուրահատուկ տեղ ունեն մեր հավաքականում, ֆեդերացիայում: Այո, ֆեդերացիան թիմի կազմում տեղ է տալիս նաեւ արտերկրի գեղասահորդներին, որովհետեւ մեր նպատակն է, որպեսզի միջազգային մրցաշարերում ծածանվի մեր դրոշը, Հայաստան անունը միշտ հնչի կարեւոր մրցաշարերում: 2-3 ծնողի կողմից շատ է շոշափվում այս հարցը, թե ինչու ենք նախընտրում արտերկրի մարզիկ-մարզուհիների: Պետք է նրանք ուրախ լինեն, որ դրսում մարզված, դրսի դպրոցն անցած գեղասահորդները համաձայնվում են ներկայացնել Հայաստանը: Մեծ առավելություն է մեզ համար ստեղծել հնարավորություն արտերկրի մարզիկներին ներկայացնել Հայաստանը, գալ Հայաստան եւ նույն սառույցի վրա մարզվել, որովհետեւ մեր գեղասահորդները հնարավորություն չունեն գնալ դրսում մարզվել:

Քանի՞ մասնակից է ունեցել Հայաստանի առաջնությունը:

Այս տարի անհամեմատ շատ էր մասնակիցների թիվը՝ 140 գեղասահորդ տարբեր տարիքային խմբերում: Մեր դպրոցի սաներն են եղել՝ փոքր տարիքից մինչեւ մեծահասակներ, տարբեր կատեգորիանում մրցաշար ենք անցկացրել: Ըստ գեղասահքի միջազգային ֆեդերացիայի (ISU) կանոնակարգի, ֆեդերացիան իրավունք ունի անցկացնել ներքին առաջնություն 12-13 տարեկանից մինչեւ մեծահասակներ կատեգորիան: Մենք բացառություն ենք արել եւ Հայաստանի առաջնությունում հնարավորություն են տվել մրցել նաեւ 12-ից փոքր տարիքի երեխաներին, որպեսզի մոտիվացիա լինի նրանց համար: Մինչեւ 12 տարեկանը ես կարող եմ մրցաշար չանել, ֆեդերացիան չի պարտավորվում, որովհետեւ ISU-ն ընդունում է միայն 12, 13 տարեկանից բարձր կատոգերիայի միավորները: Իսկ ես որոշեցի մրցաշարում ընդգրկել նաեւ փոքրերին, քանի որ անհայտ պատճառներով այս տարի Երեւանի առաջնություն չանցկացվեց, նաեւ գեղասահքի եւ հոկեյի մարզապրոցը ներքին մրցաշար չանցկացրեց: Եթե չլիներ Հայաստանի առաջնությունը, այդ երեխաները ոչ մի մրցման չէին մասնակցի: Արել եմ, որպեսզի այդ տարիքային խմբի երեխաները զգան իրենց մրցակցության մեջ, զարգանան: Ի դեպ, ինչպես ամեն տարի, այս տարի եւս ԿԳՄՍ նախարարությունից համաձայնություն եմ ստացել բաց առաջնություն անցկացնելու համար: Այնպես որ, այս դժգոհությունները, որ հիմա շրջանառվում են, անհիմն են:

Որպես ֆեդերացիայի նախագահ, ուրախ եմ, որ այս տարի 140 մասնակից ունեցանք: Հուսադրող է, որ հետագայում մենք լավ գեղասահորդներ կարող ենք ունենալ: Հայաստանի առաջնության գլխավոր մրցավարը լեգենդար Ալեքսանդր Լակերնիկը  դժգոհեց 140 մանսակցից: Նա նշեց, որ դժվար է մի քանի օրվա ընթացքում 140 մրցելույթ դատել, հոգնեցուցիչ է եւ պետք է կրճատել:

Ի՞նչ դժգոհություններ կան առաջնության արդյունքների վերաբերյալ:

Խնդիրն այն է, որ մեր ազգը մեդալներից սիրում է միայն կարմիր լենտայով ոսկե մեդալը: Սա աբսուրդ է: Բոլորը ծիծաղում են, երբ ես առաջնության համար պատվիրում եմ 98 հատ մեդալ:  Մի քանի ծնող չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իր երեխան հայտնվում է երկրորդ կամ երրորդ տեղում: Որոշել եմ՝ հաջորդ տարի Հայաստանի առաջնության համար միայն ոսկե մեդալներ պատրաստել. արծաթե բրոնզե մեդալներ չեն լինելու, որ բոլորը գոհ եւ շնորհակալ լինեն:

Ուզում եմ, որ բոլորը հստակ գիտակցեն՝ դպրոցն ու ֆեդերացիան տարբեր կառույցներ են: Հայաստանի առաջնությունն անցկացնում է ֆեդերացիան: Գեղասահքով զբաղվող երեխաները մինչեւ 12-13 տարեկան պատկանում են մարզադպրոցին: Միայն հետո ֆեդերացիան խորհուրդ է անցկացնում, որոշում կայացնում եւ ըստ չափանիշների հասկանում՝ տվյալ երեխան կարո՞ղ է լինել ֆեդերացիայի անդամ, թե ոչ:

Ավելի հստակ՝ ինչի՞ց են բողոքում 2-3 ծնողը:

Ասում են՝ մենք փակում ենք իրենց երեխաների ճանապարհը՝ արտերկրից  գեղասահորդներ բերելով: Մենք որեւէ մեկի առաջ չեք փակում: Եթե ես մրցաշարից առաջ ունենում եմ ընտրության հնարավորություն՝ մեր երեխան մեկնի մրցման, թե արտերկրի մեր սանը, ես կանգնում եմ մեր դպրոցի երեխայի վրա, որքան էլ նա որակներով զիջի արտերկրի մեր մարզիկին: Մարզիչները պետք է ճիշտ ցուցումներ տան մարզիկներին, որ պետք է ձգտել, հասնել, որպեսզի միջազգային մրցաշարերում խայտառակ չլինել:

Այդ 2-3 ծնողը բողոքում են ամեն ինչից. ասում են՝ ես ռուսներին բելեր եմ հավաքական եւ նրանք տանում են մերոնց մեդալները: Բացատրում եմ՝ բաց առաջնություն է, հայտը տրված է եւ ես իրավունք չունեմ՝ հայտը չընդունել: Ես սիրով եմ ընդունում արտերկրի հայտավորված մարզիկներին, որպեսզի լինի փորձի փոխանակում, Հայաստանում գեղասահքով զբաղվողները հնարավորություն ունենան արտերկրի դպրոցի հետ առնչվել: Բողոքում են, որ Հայաստանի առաջնությունում սխալ են դատել: Աշխարհի լավագույն մասնագետները նստած են, 2-3 ծնող որոշում են՝ ճի՞շտ է գնահատված, թե ոչ (ծիծաղում է):

Բողոքում են, որ ես ազդել եմ մրցավարների որոշումների վրա: Ես չեմ արդարանալու: Միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկ, միջագային կարգի մրցավար, Օլիմպիական խաղեր դատող Սարգիս Թեւանյան, Նովակ Պյոտր Պատրիկ, ISU-ի միջազգային դատավորներ են դատում Հայաստանի առաջնությունը, ինչպե՞ս ես կարող եմ ազդել նրանց որոշումների վրա: Եթե ես մրցման ժամանակ մոտենում եմ պարոն Լակերնիկին, հետաքրքրվում՝ ինչի կարիք ունի, սուրճ կխմի՞, թե ոչ, ծնողը վերեւից տեսանկարահում է եւ հայտարարում, որ ես հուշում եմ անում միջազգային ֆեդերացիայի փոխնախագահին: Ես այդ ամենը չէի կարող իմ աշխատասենյակում անել, պետք է բոլորի աչքի առջեւ անեի՞: Որտե՞ղ է տրամաբանությունը: Ամեն ինչ անում են, որ փնովեն ֆեդերացիայի եւ իմ աշխատանքը:

Ինչո՞ւ: Ի՞նչն է պատճառը: Ո՞րն է այս ամենի նպատակը:  

Ուզում են ինձ հեռացնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Կա մի ծնող, որը հայտնի գործարար, «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կինն է: Այս ամբողջ պատմության հեղինակը նա է եւ եւս երկու ծնողներ, որոնք փորձում են համոզել բոլորին, որ ես փակում եմ իրենց երեխաների ճանապարհը: Եթե ես փակեի Դավիթ Ղազարյանի աղջկա՝ Էլեն Ղազարյանի ճանապարհը, նրան չէի ուղարկի Գրան պրի մրցաշար: Ես այդ երեխայի մեջ այս տարիքում պոտենցիալ չեմ տեսնում: Քանի որ նա մեր դպրոցի սանն է, փոքր տարիքում ինձ մոտ է մարզվել, փորձում եմ ընդգրկել տարբեր մրցաշարերում: Այս ամենը ես անում եմ երեխայի համար, որովհետեւ նա մեղավոր չի, որ բողոքող ծնող ունի: Ինձ որեւէ մեկը չի ուղղորդել, որ ես այդ երեխային ուղարկեմ Գրան Պրի: Անձամբ իմ որոշումն է եղել, որ նա գնա, տեսնի, փորձ ձեռք բերի:

Ամենամեծ խնդիրն այն է, որ այս մի քանի ծնողը չեն տարբերում ֆեդերացիան ու դպրոցը: Ֆեդերացիան գործ ունի միայն հավաքականի անդամների հետ: Որեւէ մեկի հետ այլեւս գործ չունի, մասնավորապես մարզադպրոցի ծնողների: Իսկ այսօր ծնողը որոշել է, որ պետք է այնպես անի, որ ֆեդերացիայի նախագահին հեռացնի: 

Տիկին Ստեփանյան, Ձեր դեմ նաեւ գործ է հարուցված: Ի՞նչ մեղադրանքի մասին է խոսքը:

Չգիտեմ՝ ինչում են ինձ մեդադրում: Օդից վերցրած մեղադրանք է: Ոչ մի փաստ չկա իմ դեմ ուղղված մեղադրանքի մեջ: Ասում են՝ Ալեքսեյ Միշին եմ բերել եւ մեծ գումար է վաստակել: Ալեքսեյ Միշինի համար, առնվազն, շնորհակալություն պետք է հայտնեին: Ալեքսեյ Միշինը նաեւ վճարովի անհատական մարզումներ է անցկացրել բոլոր այն երեխաների հետ, որոնք ցանկացել են եւ ծնողը դիմել է: Ֆինանսական կողմի հետ ես առնչություն չեմ ունեցել. ծնողն է վճարել Միշինի օգնականին կամ նրա թիմի համակարգողին: Երբեւէ որեւէ մեկը կարող էր պատկերացնել, որ այսպիսի լեգենդներ կգան Հայաստան՝  Ելիզավետա Տուկտամիշեւա, Միխայիլ Կոլյադա, Իրինա Սլուցկայա, Եվգենի Պլյուշչենկն եւ շատ այլ հանրահայտ գեղասահորդներ կմարզվեն մեր սառույցի վրա, կաշխատեն մեր երեխաների հետ: Սա անհավանական է: Եվ այո, չեմ բացառում, որ մի օր էլ Ռաֆայել Հարությունյանի սան, օլիմպիական չեմպիոն Նեյթան Չանին տեսնենք այստեղ: Ես այս ամենն անում եմ մեր մարզաձեւը զարգացնելու համար, մեր երեխաների համար, որ տեսնեն, սովորեն, փորձ ձեռք բերեն, կրթվեն, ոգեշնչվեն լեգենդներով: Որեւէ այլ երկրի ֆեդերացիա այսպիսի հնարավորություններ չունի, իսկ մի ծնող փորձում է փնովել իմ աշխատանքը:

Ինձ մեղադրում են, որ մրցաշարի գնալիս կողքի մարդկանց էլ եմ ֆեդերացիայի բյուջեի մեջ մտցնում: Մինչեւ անգամ Արի Զաքարյանն իր ֆինանսով է գալիս մրցաշարի: Բյուջեի փողերից օգտվում են միայն հավաքականի անդամները, որոնք գնում են մրցաշարերի:

Ասում են՝ ծնողներ են մտցնում դեսպանատներ: ISU-ի զարգացող երկրների մրցաշարերին մասնակցելու նպատակով ֆեդերացիայից թուղթ եմ տալիս երեխայի անունով, իսկ 8 տարեկան երեխան ծնողի ուղեկցությամբ մտնում է դեսպանատուն: Որեւէ ծնողի համար թուղթ չեմ ներկայացրել, միայն երեխայի անունով է ֆեդերացիան դեսպանատանը հայտ ներկայացրել:

Եվ ամենաանհեթհեթ մեղադրանքը՝ ասում են ֆեդերացիայի բյուջեից 3 միլիոն դրամ գումար եմ վերցրել 2020 թվականին ուսումնամարզական հավաքների համար եւ հավաքներ չեն եղել: Հավաքներ եղել են, ոչ թե 3 միլիոնի, այլ ավելի, բայց ես դեռ կլռեմ: Ամեն ինչ փաստաթղթավորված է, ես յուրաքանչյուր տարի բյուջեի հաշվետվություն եմ ներկայացնում, աուդիտ է անցնում մեր հաշվետվությունը: Այնպես որ այս մեղադրանքներն անհիմն են:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով