09:02  ,  27 մայիսի, 2022

Վիգեն Խաչատրյան․ Վստահ եմ՝ մեր ժողովրդին կուրախացնենք Եվրոպայի առաջնությունում

Երեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն արդեն ստեղծում է հաջորդ տարվա ծանրամարտի Եվրոպայի առաջնության տրամադրությունը։ Այն նույնպես անցկացվելու է Երեւանում:

Այսպես կարծում է ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը, որն այս օրերին, հավաքականի մարզումներին զուգահեռ, նաեւ ժամանակ է գտնում մարզահամերգային համալիրում հետեւելու հայ բռնցքամարտիկների մրցելույթներին:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 2023 թվականին գարնանը կընդունի նաեւ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Իսկ մինչ այդ Հայաստանի հավաքականը պատրաստվում է մեկնել Ալբանիա, որտեղ մայիսի 28-ից մեկնարկելու է ծանրամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը:

NEWS.am Sport-ի թղթակիցը մարզահամերգային համալիրում հանդիպել է Վիգեն Խաչատրյանին, որն ընտանիքի անդամների, որդու հետ եկել էր Հովհաննես Բաչկովի, Դավիթ Չալոյանի եւ Հայաստանի մյուս մասնակիցների մենամարտերին հետեւելու եւ երկրպագելու:

Պարոն Խաչատրյան, ի՞նչ տպավորություններ ունեք Երեւանում անցկացնվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից:

Հրաշալի է կազմակերպված ամեն ինչ: Հնարավորության դեպքում փորձում եմ հետեւել եւ տրիբունաներից աջակցել մեր տղաներին: Հիացած եմ բացման արարողությունից: Արդեն զգում եմ հաջորդ տարի  անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության շունչը: Այս ամենը տեսնելով՝ ոգեշնչվում եմ, որ այսպես հրաշալի, այպիսի մթնոլորտում կանցնի նաեւ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, մեզ էլ այսպես կգան կերկրպագեն, կաջակցեն, մենք էլ մեր ժողովրդին կուրախացնենք տանը:

Միայն թե ոչ բոլորի մենամարտերին եմ հասցնում հետեւել մարզադահլիճից, քանի որ այս օրերին ծանրամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է մեկնել Ալբանիա՝ Եվրոպայի առաջնության:

Օգտվելով առիթից, ներկայացրեք՝ ի՞նչ մարզավիճակում են ծանրորդները, որքանո՞վ է թիմը պատրաստ Եվրոպայի առաջնության պայքարին:

Մի քանի փուլերով հավաքներ ենք ունեցել, որոնք անցել են շատ լավ: Տղաները լավ մարզավիճակում են: Նախորդ տարվա արդյունքների համեմատ բարելավել ենք մեր արդյունքները: Հավաքականը մի փոքր երիտասարդացրել ենք: Հաջորդ տարի եւս կերիտասարդացնենք մեր հավաքականը: Այս տարի Եվրոպայի առաջնությունում մի քանի փորձեր ունենք անելու: Առջեւում աշխարհի առաջնությունն է, որն արդեն վարկանիշային է լինելու Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Մենք կթարմացնենք մեր կազմը յուրովի: Վստահ եմ, որ մեր ժողովրդին, Հայաստանին կուրախացնենք Եվրոպայի առաջնությունում: Այսօր բոլորն էլ պատրաստ են պայքարին:

Ովքե՞ր են ընդգրկված Հայաստանի հավաքականի կազմում: Ներկայացրեք վերջնական կամզը:

81 կգ քաշային կարգ՝ Կարեն Մարգարյան եւ Ռաֆիկ Հարությունյան, 89 կգ՝ Անդրանիկ Կարապետյան, Վարդան Մանուկյան, 96 կգ՝ Դավիթ Հովհաննիսյան , Արա Աղանյան, 102 կգ՝ Սամվել Գասպարյան, 109 կգ՝ Արսեն Մարտիրոսյան: Նա փոխել է քաշային կարգը եւ արդեն հանդես կգա այս քաշում,  եւ +109 կգ ՝ Գոռ Մինասյան եւ Վարազդատ Լալայան:

Խնդիր ունեցանք Սիմոն Մարտիրոսյանի մասնակցության հարցում: Նա վնասվածք ունի եւ բաց կթողնի այս Եվրոպայի առաջնությունը: Այս պահին չենք ցանկանում նրան ծանրաբեռնել: Սիմոնը  պատրաստվում է աշխարհի առաջնությանը: Եվրոպայի առաջնությունից կգանք եւ անմիջապես կսկսենք աշխարհի առաջնության նախապատրաստական փուլը, քանի որ օլիմպիական վարկանիշային է:

Չմոռնանանք նաեւ 2023 թվականի Եվրոպայի առաջնությունը Հայաստանում է: Այսինքն՝ մենք շատ ծանրաբեռնված մարզումներ եւ ճանապարհ ունենք դեպի Օլիմպիական խաղեր:

Սիմոն Մարտիրոսյանը լիարժեք տեղափոխվե՞ց +109 կգ քաշային կարգ:

Այո, Սիմոնն արդեն փոխել է քաշային կարգը եւ հանդես է գալիս ծանր քաշային կարգում: Էլ ուրիշ քաշային կարգի մասին խոսք լինել չի կարող: Այդ քաշում արդեն ունենք երեք գերհզոր տղաներ՝ Գոռ Մինասյան, Վարազդատ Լալայան եւ Սիմոն Մարտիրոսյան: Պատկերացրեք՝ իրականում մեզ համար էլ է շատ ծանր, քանի որ պետք է հասկանանք, թե ով է մասնակցելու աշխարհի առաջնությանը:

Շատ հետաքրքիր եւ լավ է անցնում այս երեք գերհզորների մարզումները միասին: Իսկապես այս երեք տղաներն ասես մի տանից լինեն: Շատ գեղեցիկ է կողքից տեսնել, թե ինչպես են միասին մարզվում, աշխատում, կիլոգրամներ ավելացնում:

Ի՞նչ ակնկալիքներ կան Վարազդատ Լալայանից եւ Գոռ Մինասյանից Եվրոպայի առաջնությունում:

Չմոռնանաք, որ այս քաշում ունենք գերհզոր Լաշա Տալախաձե: Այն, որ մենք բարելավում ենք մեր արդյունքները եւ մոտակա տարիներին շարունակելու ենք բարելավել, հասնել եւ անցնել Տալախաձեին, միանշանակ է: Մեր մարզումները տանում են դրան, այսինքն՝ աշխատում ենք այդ ուղղությամբ, նրան մոտենալու եւ գերազանցելու նպատակով: Իսկ այս պահին ունենք այն, ինչ ասում եմ՝ մեր գերծանր քաշայինները Եվրոպայի մրցանակակիրներ են լինելու եւ նրանցից ակնկալելու ենք միայն լավ կիլոգրամները:  Դրան կհաջորդի աշխարհի առաջնությունը, որտեղ կփորձենք արդեն ձեռնոց նետել Լաշա Տալախաձեին:

Վնասվածքների խնդիր ունե՞ք Եվրոպայից առաջ:

Մեր սպորտում այսպես է՝ մեծ սպորտ, մեծ վնասվածքներ: Այդ խնդիրը միշտ ունենք, բայց այս պահին ամեն ինչ նորմալ է: Տղաներն իրենց լավ են զգում: Վնասվածքներ մարզումներին ունենում ենք, ապաքինվում են: Այնպիսի բժշկական անձնակազմ ունենք, որ ամեն ինչ նորմալ է ընթանում:

Ե՞րբ է թիմը մեկնում Ալբանիա:

Մայիսի 28-ին մեկնում ենք: Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա մայիսի 28-ից հունիսի 5-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով