09:09  ,  26 ապրիլի, 2022

Էրիկ Իսրայելյան․ Հաղթանակս ԵԱ-ում նվիրում եմ հայ ազգին, մեր զոհված տղերքին

Եվրոպայի չեմպիոնությանը հասա՝ մեկնարկում հաղթելով թուրքին: Հաղթանակս նվիրում եմ հայ ազգին եւ մեր զոհված տղերքին: Ուրախ եմ, որ իմ նպատակներից մեկն իրականացավ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի նորընծա չեմպիոն Էրիկ Իսրայելյանը:

Ապրիլի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված  բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Էրիկ Իսրայելյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում 17-ամյա երեւանցի բռնցքամարտիկը հաղթեց բուլղարացի Կիրիլ Բարիսովին:

Էրիկ, շնորհավորում եմ երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես: Սպասվա՞ծ էր հաղթանակդ:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Զգացողություններս շատ մեծ են, որովհետեւ դարձել եմ Եվրոպայի չեմպիոն, հասել իմ նպատակներից մեկին:

Հաղթանակները բարդ են տրվում: Սպասված էր հաղթանակս: Գնացել էի ոսկու հետեւից եւ հետ վերադարձա հաղթանակած, ինչի համար շատ ուրախ եմ:

Ոսկե մեդալի ճանապարհին 5 մենամարտ անցկացրիր: Ո՞րը կառանձնացնես:

Մենամարտեր չեմ կարող առանձնացնել, որովհետեւ բոլոր մրցակիցներս էլ ուժեղ բռնցքամարտիկներ էին: Ես հոգեպես եւ ֆիզիկապես պատրաստվել էի այս հաղթանակին: Պատրաստվել էի նաեւ այնպես, որ իմ մենամարտերի ժամանակ կողմնապահություն չլինի եւ ստացվեց դա ինձ մոտ:

Ամեն դեպքում ո՞ր մենամարտն ամենալարվածը ստացվեց:

Այս հարցում էլ չեմ կարող որեւէ մենամարտ առանձնացնել լարվածությամբ, չնայած իմ քաշում կային Եվրոպայի չեմպիոն, մեդալակիրներ տարբեր տարիների, բայց դա ինձ առանձնապես չէր անհանգստանում, քանի որ ես գնացել էի մեկ բանի համար՝ չեմպիոն դառնալու նպատակով:

Եզրափակիչ մենամարտի մասին ի՞նչ կասես:

Եզրափակիչում տան տերերի հետ էի վիճարկում ոսկե մեդալը. Բուլղարիան ներկայացնող բռնցքամարտիկ էր, որը Եվրոպայի փոխչեմպիոն է: Չէի կենտրոնացել այն մտքի վրա, որ Բուլղարիայի ներկայացուցիչ է եւ իրենց երկրում է տեղի ունենում եզրափակիչը: Իմ առջեւ դրել էի մի նպատակ. մտնել ռինգ,  ջախջախել մրցակցին եւ չեմպիոնի կարգավիճակով դուրս գալ ռինգից:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսով պարգեւատրվելիս պատվո հարթակին ի՞նչ զգացողություններ ունեցար:

Շատ լավ զգացողություններ ունեի: Երբ դեռ չէր սկսել առաջնությունը, առաջին օրերին իմ մեջ արդեն զգում էի, որ կանգնելու եմ պատվո հարթակի առաջին տեղի աստիճանին, որովհետեւ քրտնաջան աշխատել էի: Ես գիտեի, որ շատ երկար ճանապարհ եմ անցել, հաղթահարել եմ ամեն ինչ, ու վստահ էի, որ կհաղթահարեմ նաեւ Եվրոպայի առաջնության ցանկացած մենամարտ, կիրականանա իմ նպատակը ու իրականացավ:

Հավատու՞մ ես ներքին ձայնիդ:

Այո, այդպես է ստացվում: Եվրոպայի առաջնությունում այսպիսի բան չէր եղել, այսպիսի մենամարտեր դեռ չէին, որ հայ մարզիկը այսպես մասնակցի: Ես չեմ լսել դեռ նման բան ու չեմ հիշում: 5 հաղթանակ, որից 3-ը նոկաուտով առաջին ռաունդներում, առաջին իսկ վայրկյաններին, իսկ այն երկու մենամարտում հաղթանակը շատ մեծ առավելությամբ:

Էրիկ, քանի տարեկանից ես զբաղվում բռնցքամարտով: Ո՞ւմ խորհրդով ես ընտրել բռնցքամարտը:

Բռնցքամարտով զբաղվում եմ 11 տարեկանից: Ես 17 տարեկան եմ, Երեւանից: Առաջին քայլերս արել եմ մարզիչ Արմեն Հակոբյանի մոտ: Մարզվում եմ «Դինամո» մարզական ակումբում: Մանկուց  սիրել եմ բռնցքամարտը: Ինձ միշտ գրավել է այս մարզաձեւը, միայն «բռնցքամարտ» անունը արդեն գրավիչ է: Չնայած սիրել եմ, հետեւել եմ տարբեր բռնցքամարտիկների մենամարտերի, բայց մարզաձեւով սկսել եմ զբաղվել հայրիկիս որոշմամբ:

Տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող եմ ճանաչվել, Հայաստանի բազմակի չեմպիոն եմ, մասնակցել եմ նաեւ 2021 թվականի երիտասարդների Եվրոպայի առաջնությանը եւ նվաճել բրոնզե մեդալ: Կիսաեզրափակիչում հաղթել էի Բուլղարիան ներկայացուցիչին, բայց մրցավարների կողմնապահության պատճառով հաղթանակը տվեցին մրցակցիս, եւ ես բավարավեցի բրոնզե մեդալով:

Զրույցի սկզբում նշեցիր, որ Եվրոպայի չեմպիոնությունը քո նպատակներից մեկն էր: Ո՞րն է մեծ նպատակն ու երազանքդ մեծ սպորտում:

Նպատակները շատ են սիրողական բռնցքամարտում, բայց նաեւ իմ նպատակն է դառնալ պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBC վարկածով աշխարհի չեմպիոն:  Դրա համար պետք շատ աշխատել, ջանք ու եռանդ չխնայել, մարզվել ու մարզվել:

Ո՞ւմ ես նվիրում հաղթանակդ։

Նվիրում եմ հայ ազգին, մեր զոհված տղերքին: Ինձ համար շատ կարեւոր էր այս հաղթանակը: Այս հաղթանակին հասա՝ մեկնարկում թուրքին հաղթելով: Մեկնարկային մենամարտում մրցակիցս ազգությամբ թուրք էր, բայց ներկայացում էր Գերմանիան: Մենամարտը վայրկյաններ անգամ չտեւեց, ես նրան տապալեցի հատակին եւ հաղթեցի նոկաուտով:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով