13:12  ,  26 փետրվարի, 2022

Զարուհի Գրիգորյան․ Սադրանքներին մի տրվեք, մտածեք միայն մարզաձեւը զարգացնելու մասին

Գեղարվեստական մարմնամարզությունը Հայաստանում անկում էր ապրում, մարզիչ, մարզիկ գնահատված չեն եղել, ինչի պատճառով աշխատելու ցանկություն չեն ունեցել: Հորդորում եմ՝ միասնական աշխատանքով սկսենք նոր էջից:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի նորանշանակ ավագ մարզիչ Զարուհի Գրիգորյանը:

Փետրվարի 5-ին Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հայտարարեց գեղարվեստական մարմնամարզության ավագ մարզիչի փոփոխության մասին. Գայանե Ներսիսյանին փոխարինեց Զարուհի Գրիգորյանը: Այս փոփոխությունից հետո մարզաձեւի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում:

Տիկին Գրիգորյան, ո՞ւմ կողմից եղավ առաջարկը եւ ինչպե՞ս համաձայնեցիք փոխարինել Գայանե Ներսիսյանին:

Անկեղծ կլինեմ, անակնկալի եկա, երբ ինձ առաջարկեցին գլխավորել հավաքականը: Առաջարկը ստացել եմ ֆեդերացիայի նախագահի կողմից, զրույց ենք ունեցել եւ եկել համաձայնության: Ինձ նշանակելու հիմքն իմ ձեռքբերումներն են, իմ սաների արդյունքները: Մեդալների քանակով ամենաշատն իմ սաներն են նվաճել: Ինքս չէի սպասում, որ ընտրությունը կանգ կառնի ինձ վրա: Ես մարզաձեւում եմ փոքր տարիքից, հավաքականի անդամ եմ եղել, իմ անձնական մարզիչը եղել է Կրեմլինա Մկրտչյանը, 30 տարվա մարզչական փորձ ունեմ եւ բավականին լավ արդյունքներ են գրանցել իմ սաները: Շատ սիրելով իմ մարզաձեւը, չէի կարող հրաժարվել, որովհետեւ տեսնում եմ, որ գնում ենք դեպի անկում: Գուցե միջազգային հարթակներում ունենք արդեն որոշակի արդյունքներ, բայց մարզաձեւը Հայաստանում ուղղակի անկում է ապրում:

Ի՞նչ առումով, բացեք փակագծերը:

Մարզիչների աշխատանքով պայմանավորված զարգացում չունենք: Մարզիչների մոտ հիասթափված վիճակ է, աշխատելու, լավ արդյունքներ անելու ձգտումը բացակայում է: Մարզադպրոցների հետ կապերը գրեթե խզված էին, համատեղ աշխատանք չկար, յուրաքանչյուրն իր համար, առանձին էր աշխատում, ֆեդերացիայի հետ կապ, համագործակցություն չկար, ամեն ինչ արվում էր մեկ մարդու միջոցով: Այսպես չի կարող լինել: Եթե ուզում ենք Հայաստանում գեղարվեստական մարմնամարզությունը զարգացնել, առաջին պայմանը միասնական համատեղ աշխատանքն է: Մենք ունենք հրաշալի երիտասարդներ եւ ժամանակն է, որ միասնական աշխատանքով, մարզիչներով նրանց աճեցնենք:

Ո՞րն է Ձեր լուծումն այս իրավիճակում:

Արդեն մշակել եւ ինքս իմ առջեւ դրել եմ որոշակի խնդիրներ, թե ինչ ճանապարհով ենք գնալու առաջ: Խնդիրներից մեկը Երեւանի եւ մարզերի բոլոր մարզադպրոցների հետ համագործակցություն ձեռք բերելն է: Ընտրություն պետք է կատարենք այդ մարզադպրոցներից: Արդեն այցելում եմ մարզադպրոցներ եւ ընտրում եմ լավ ներուժով աղջիկների: Բոլոր մարզադպրոցներ այցելելու եմ, հետեւելու եմ մարզումներին: Արդեն ունեմ մի քանի աղջիկ ինձ համար ընտրած, որոնք հնարավորություն կունենան ընդգրկվել հավաքական, դրսեւորել իրենց: Ես չեմ ուզում՝ որեւէ մարզիչի աշխատանք անտեսվի: Բոլորը պետք է հնարավորություն ստանան եւ ներկայացնեն իրենց աշակերտներին, իրենց աշխատանքը: Բոլորը պետք է գնահատված լինեն, որ եռանդով աշխատանք: Սա է պակասել մեզ մոտ, որովհետեւ ոչ ոք գնահատված չէր, ցանկություն չունեին աշխատել, ոչ մարզիչները եւ ոչ էլ մարզիկներն էին ձգտում ինչ-որ արդյունքի հասնել: Սա է եղել մեր անկումը:

Իսկ ի՞նչն է եղել լավ արդյունքներ ունենալու ձգտման բացակայության պատճառը:

Մարզիչները մեկնաբանում էին, թե ինչու մարզեն, աշխատեն, եթե միեւնույն է՝ բարձրակարգ մրցաշարերին մասնակցելու են այն մարզիկները, որոնք մարզվում են դրսում: Իհարկե, դրսի մեր մարզիկներն ունեցել են բոլոր իրավունքները ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում, քանի որ բոլորն էլ ընդգրկված են եղել Հայաստանի հավաքականի կազմում: Տեղացի մարզիչներին եւ մարզիկներին մտահոգում էր, որ հնարավորություն է տրվում միայն դրսի հայրենակցուհիներին: Մարզիչն ասում է՝ ինչու պետք է աշխատեմ, եթե իմ սանը չի կարողանալու մասնակցել այդ մրցաշարերից գոնե մեկին: Հիմնական խնդիրը սա է եղել, ծնողները նույնպես շատ են բողոքել:

Ծնողների կողմից Դուք բողոքներ ստացե՞լ եք:

Շատ... Փորձել եմ հնարավորինս բացատրել այնպես, որ մարզիկը գոնե մնա մարզաձեւում, չհեռանա: Շատ են եղել դեպքերը: Հավաքականի անդամների, մեծերի հետ հիմնականում ես եմ աշխատել, բայց այդպես այլեւս չէր կարող շարունակվել: Երեխային, ծնողին համոզելով մարզաձեւ չէինք կարող պահել, զարգացնել:

Ի՞նչ ներուժ ունենք մարզաձեւում:

Ունենք լավ սերունդ, գալիք սերունդը: Լավ ներուժ ունենք, իսկապես: Ունենք սպորտի վարպետներ: Մեզ պետք է համակարգված եւ համախմբված աշխատանք: Պետք է բոլորին էլ փորձենք, հնարավորություն տանք մրցումների մասնակցել Հայաստանից դուրս: Հնարավորություն են ունենալու նաեւ դրսի մարզիկները, որոնք մինչ օրս ներկայացրել են Հայաստանը: Առայժմ շատ աշխատանք ունենք անելու: Այս պահին լավագույն արդյունքները միջազգային եւ խոշոր առաջնություններում ռուսաստանաբնակ Սիլվա Սարգսյանինն է: Բնական է, որ կարճ ժամանակում չենք կարող հասնել Սիլվայի արդյունքներին, բայց կձգտենք աստիճանաբար բարձրացնել դրանք: Հավաքների, քրտնաջան աշխատանքի, սեմինարների, մարզիչների որակավորումները բարձրացնելու միջոցով առաջ կգնանք:

Նշեցիք, որ ամենաշատ մեդալներ նվաճած մարզիչը Դուք եք եղել եւ Ձեր գրանցած արդյունքների շնորհիվ է ֆեդերացիան ավագ մարզիչի պաշտոնում առաջարկ արել Ձեզ: Ինչո՞ւ մինչ այս պահը Ձեր անունը չի հիշատակվել: 

Այդ հարցին կարող է պատասխանել տիկին Գայանե Ներսիսյանը: Կարող եք իմ աշխատանքից ծնողներից, մարզիկներից հարցնել, թե հավաքների ժամանակ դահլիճում ով էր աշխատում , ով էր մինչեւ վերջ մնում: Բոլորը տեղյակ են՝ ես ինչպես եմ աշխատել: Թե ինչու իմ անունը երբեւէ չի հնչել, տիկին Գայանեն թող պատասխանի:

Իսկ Ձեր կարծիքո՞վ:

Ես փորձում եմ կարծիք չարտահայտել, որպեսզի կրքերը չբորբոքվեն: Չեմ սիրում որեւէ մեկի աշխատանքը վարկաբեկել: Ես չեմ պահանջել երբեք, որ իմ արդյունքների ֆոնին նշվի նաեւ իմ անունը: Կոնֆլիկտային մարդ չեմ, սիրում եմ աշխատանք:

Զրույցի ընթացքում նշեցիք նաեւ, որ մարզիչների շրջանում խմբավորումներ են եղել: Ինչի՞ մասին է խոսքը:

Բաժանված էր ամեն ինչ. այս մարզադպրոցը, այն մարզադպրոցը: Այսինքն՝ բոլորը կային, միմյանց հետ խոսում էին, բայց համագործակցություն չկար: Յուրաքանչյուր մարզիչ ունի մարզումների իր մոտեցումը, մարզիկների հետ աշխատանքի իր ձեւը: Մենք կարող էինք օգտագործել բոլորի ներուժը մարզաձեւը զարգացնելու համար, բայց այդպես չէր լինում. բաժանված էին խմբերի: Անհամաձայնություններ կային, կոալիցիաներ էին ստեղծել: Այդ ամենը պետք է վերանա: Նախանձով, միմյանց հասցեին ցեխ շպրտելով մարզիչները միայն իրենց են վնասում: Գիտակցում եմ, որ այս իրավիճակը  որոշ ժամանակ շարունակվելու է: Պատրաստ եմ դրան դիմակայել: Թույլ մարդ չեմ, ուժեղ եմ: Հասկանում եմ, որ իմ աշխատանքին փորձ է արվելու ցեխ շպրտել, բայց ես դրանով ավելի կուժեղանամ, իմ առջեւ ավելի մեծ նպատակ կդնեմ: Ես կարող եմ:

Նատալյա Ռոտենբերգից եւ այս փոփոխություններից ի՞նչ սպասելիքներ ունեք:

Տեսնում եմ փոքր լույս, որ մեր մարզաձեւում հնարավոր է զարգացում: Նատալյա Ռոտենբերգից եւս սպասելիքներ ունեմ: Նվիրված է մարզաձեւին: Եթե ֆեդերացիայի նախագահը նրան վստահել է գեղարվեստական մարմնամարզությունը, ուրեմն ես նույնպես վստահում եմ: Մեկ տարի է՝ ծանոթ եմ ֆեդերացիայի նախագահին եւ դրական կարծիք ունեմ նրա աշխատանքի մասին: Նրա շնորհիվ հավաքականն արդեն գորգ ունի: Միշտ դահլիճի խնդիր ենք ունեցել, մեր մշտական մարզվելու դահլիճը չենք ունեցել՝ այստեղից այնտեղ էին ուղարկում: Նատալյա Ռոտենբերգի ֆինանսավորմամբ հավաքականը արդեն շաբաթական երկու օր կմարզվի Երեւանի «Գազպրոմ-Արմենիա» մարզահամալիրում: Մինչ այդ մարզվում էինք Շահինյանի մարզադպրոցում, որտեղ կշարունակենք մարզվել շաբաթվա մյուս օրերին: Արդեն կողմնորոշվել եմ իմ օգնականների հարցում, հավաքականում ինձ հետ կաշխատի եւս երեք մարզիչ. ոչ թե նրանք, ովքեր իմ ընկերուհիներն են, այլ մարզիչներ, որոնց սաները լավ արդյունքներ են գրանցել Հայաստանի առաջնություններում:

Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:

Առաջիկայում Հայաստանի առաջնությունն է լինելու, որը շատ հարցերի պատասխաններ կտա: Բոլոր մարզադպրոցների մարզիկներին, դրսում մարզվողներին առաջնությանը մասնակցելու թույլտվություն ենք տալու: Հայաստանի առաջնությունից հետո կունենանք հավաքներ: Պարտադիր կմասնակցենք Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին, անգամ եթե թույլ լինենք: Եվրոպայի  առաջնությունը տեղի է ունենալու Իսրայելում հունիսին, աշխարհի առաջնությունը սեպտեմբերին:

Վերջում ցանկանում եմ դիմել բոլոր մարզիչներին. չարախոսություններին եւ սադրանքներին մի տրվեք, մտածեք միայն մարզաձեւը զարգացնելու մասին, քանի որ չարությունն ու նախանձը ձեզ միայն կուտի եւ կվնասի միայն ձեզ: Հորդորում եմ բոլորին միասնական աշխատանքով սկսել նոր էջից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով