17:56  ,  11 հոկտեմբերի, 2012

Ռոման Բերեզովսկի. Հավաքականը պատրաստ է մեկ մարդու պես անմնացորդ նվիրումով պայքարել

Մի քանի խաղացողների բացակայության պայմաններում մյուսները պետք է ցույց տան իրենց առավելագույն ունակությունները, որպեսզի կարողանանք հաջողության հասնել, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը 74-րդ անգամ հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Նա առաջին անգամ կլինի ավագի թեւկապով։

Ռոման, «Դիմամոյի» վերջին հանդիպմանը դու հանդես չեկար։ Ի՞նչն էր պատճառը։

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր խաղի համար կազմը որոշում է մարզիչը։ Այս անգամ  մարզիչի ընտրությունը կանգնել էր Շունինի վրա: Ոչ մի խնդիր էլ չկա: Սովորական երեւույթ է:

ԲԿՄԱ-ի հետ խաղում դու շատ վստահ անցկացրիր հանդիպումը: Կարե՞լի է եզրակացնել, որ լավ մարզավիճակում ես:

Դե, լավ, թե վատ եմ խաղացել՝ դա մարզչիչները կասեն, բայց այն, որ լավ մարզավիճակում եմ ու պատրաստ եմ հերթական խաղին՝ այո, դա այդպես է:

Ի՞նչ կասես Իտալիայի հավաքականի մասին:

Հեծանիվ հայտնաբերած չեմ լինի, եթե ասեմ, որ Իտալիայի հավաքականը շատ ուժեղ մրցակից է եւ մեր խմբում հաղթողի հիմնական հավակնորդը: Բայց դա բնավ էլ չի նշանակում, որ իտալացիներին հեշտ խաղ է սպասվում Երուանում: Մենք ուժեղ հավաքականների հետ արդեն լավ արդյունքների բազմիցս հասել ենք եւ դրան ձգտելու ենք նաեւ այս խաղում: Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում: Մի քանի խաղացողների բացակայության պայմաններում մյուսները պետք է ցույց տան իրենց առավելագույն ունակությունները, որպեսզի կարողանանք հաջողության հասնել: Հայաստանի հավաքականի հաջողությունները միշտ էլ ուղեկցվել են թիմային խաղով, եւ այսօր էլ թիմը պատրաստ է մեկ մարդու պես դուրս գալ խաղադաշտ ու անմնացորդ նվիրումով փորձել հասնել նպատակին:

Իտալացիների կազմում կա՞ մեկ խաղացող, որից կոնկրետ զգուշանալ է հարկավոր։

Աշխարհի քառակի չեմպիոնի կազմում առաձնացնել կարելի է մի քանի ֆուտբոլիստների: Բայց զգուշանալ հարկավոր է ամբողջ թիմից: Չեզարե Պրանդելին ստեղծել է շատ ամուր հավաքական, որը խաղի ընթացքում նաեւ կարողանում է շատ ճկուն կերպով փոխել մարտավարությունը: Բայց մենք էլ արդեն նման խաղերի փորձ կուտակել ենք, այնպես որ կանենք ամեն ինչ՝ արժանի մրցակցություն դրսեւորելու համար: Թե ինչ արդյունքի կհասնենք, ցույց կտա խաղը: Հուսով եմ, խաղի ավարտից հետո մենք ուրախանալու առիթ կունենանք:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով