15:10  ,  16 հունվարի, 2022

ATP․ Անհամբեր սպասում ենք Ջոկովիչի վերադարձին, թենիսիստներին հորդորում ենք պատվաստվել

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) պաշտոնական հայտարարությամբ արձագանքել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին Ավստրալիայից վտարելու որոշմանը։ Սերբ թենիսիստը չի կարողանա մասնակցել Ավստրալիայի բաց առաջնության եւ պաշտպանել անցած տարի նվաճած տիտղոսը։ Նա այս մրցաշարի 9-ակի հաղթող է։

«Հանրային առողջապահության հարցերի վերաբերյալ իշխանությունների որոշումները պետք է կատարվեն։ Ավելի շատ ժամանակ կպահանջվի բոլոր փաստերը վերլուծելու եւ դասեր քաղելու համար։

Անկախ տեղի ունեցածից, Նովակը մեր մարզաձեւի մեծագույն չեմպիոններից մեկն է, եւ նրա բացակայությունը Ավստրալիայի բաց առաջնությունում կորուստ է թենիսի համար։ Ջոկովիչին մաղթում ենք լավագույնը եւ անհամբեր սպասում նրա վերադարձին կորտ։

ATP շարունակում է բոլոր թենիսիստներին հորդորել պատվաստվել կորոնավիրուսի դեմ»,- նշվում է ATP-ի հայտարարությունում։  

Ավստրալիայի դաշնային դատարանը չէր բավարարել Ջոկովիչի բողոքարկումը։ Սերբ թենիսիստի մուտքի վիզան չի վերականգնվի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում