17:18  ,  8 հունվարի, 2022

Նովակ Ջոկովիչը դեկտեմբերին վարակված է եղել կորոնավիրուսով

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 2021թ․ դեկտեմբերի 16-ին կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է ունեցել, հաղորդում է news.sky.com-ը։ Այդ մասին տեղեկանքը սերբ թենիսիստը ներկայացրել է Մելբուռնի դատարանին, որը հունվարի 10-ին պետք է որոշում ընդունի նրա մուտքի չեղարկման որոշման բողոքարկման գործով։

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կազմկոմիտեն ավելի վաղ թույլ էր տվել մրցաշարին մասնակցել չպատվաստված, սակայն նախորդ կես տարում կորոնավիրուսով վարակված եւ առողջացած մարզիկներին։

Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնության 9-ակի չեմպիոնը մրցաշարի կազմակերպիչներից ստացել էր կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու թույլտվություն բժշկական հիմնավորումով, սակայն Մելբուռն ժամանելուց հետո սահմանապահ ծառայությունը Ջոկովիչի մուտքի վիզան չեղարկել էր։ Ջոկովիչը կարող է 3 տարով զրկվել Ավստրալիա մտնելու իրավունքից։ Նովակ Ջոկովիչն այժմ ներգաղթյալների մեկուսարան-կացարանում է։

Ավստրալիայի բաց առաջնությունը կմեկնարկի հունվարի 17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով