17:42  ,  14 դեկտեմբերի, 2021

ԱԱ. Հակոբ Մկրտչյանը 8-րդն է

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում երկամարտի 370 կգ արդյունքով զբաղեցրեց 8-րդ տեղը (163+207):

Գյումրեցի ծանրորդը պոկում վարժությունում հաջողությամբ կատարեց միայն առաջին մոտեցումը՝ բարձրացնելով 163 կգ: Երկրորդ եւ երրորդ մոտեցման համար պատվիրված 167 կգ-ն աշխարհի չեմպիոնը ձախողեց:

Հրում վարժությունում եւս Մկրտչյանը հաջողեց միայն առաջին մոտեցումը, որով գլխավերեւում պահեց 207 կգ-ն: Երկրորդ եւ երրորդ մոտեցումների համար պատվիրված 212 կգ-ոց ծանրաձողը չկարողացավ հրել:

Երկամարտում Հակոբ Մկրտչյանը գրանցեց 370 կգ արդյունք եւ A խմբում 11 մասնակիցների մեջ գրավեց 8-րդ տեղը:

Ավելի վաղ նույն քաշային կարգում B խմբում մասնակցել էր Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը, որը երկամարտում գրանցել էր նույնքան արդյունք, որքան Հակոբ Մկրտչյանը (370 կգ երկամարտ. 165+205):

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը երկամարտի 400 կգ արդյունքով նվաճեց  կոլումբացի Լեսման Պարեդեսը (187+213), արծաթե մեդալակիր` Քաթարի ներկայացուցիչ Ֆարես Էլբախը (394 կգ), բրոնզե մեդալակիր վենեսուելացի Ջիովաննի Վալենիլլա Սանչեսը (391 կգ):

Դեկտեմբերի 7-ից Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմը դեռեւս մեկ փոքր ոսկե մեդալ է նվաճել: 89 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում 175 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ, բայց երկամարտում զրո ստացավ, քանի որ ոտքի մկանի պատճառով ձախողել էր հրում վարժության երեք մոտեցումները:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից մրցահարթակ էր դուրս եկել նաեւ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, որը երկամարտի 349 կգ (158+191) արդյունքով զբաղեցրել էր 8-րդ տեղը:

Հայաստանն աշխարհի առաջնությանը ներկայացել է 10 ծանրորդով:

Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցեն նաեւ Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը, Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Մարտիրոսյան (102 կգ), Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, կրկնակի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը (+109 կգ): Կանանց հավաքականից աշխարհի առաջնությանը կմասնակցի միայն 81 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը: Աշխարհի առաջնությունը վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում