09:46  ,  10 դեկտեմբերի, 2021

Հովհաննես Դավթյան․ Մրցաշրջան-2021-ը գոհացնող չէր

Մրցաշրջան-2021-ը գոհացնող չէր, քանի որ արդյունք չունեցանք, Տոկիոյի Օլիմպիական խաղերից արդյունքով չվերադարձանք: Վերաձեւավորված կազմով կնախապատրաստվենք հաջորդ մրցաշրջանին: Շուտով մեզ կմիանա նաեւ Ֆերդինանդ Կարապետյանը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը:

Երեւանի նախկին «Միկա» մարզահամալիրում անցկացվել է ձյուդոյի Հայաստանի առաջնությունը:

Տղամարդկանց պայքարում Հայաստանի չեմպիոն են դարձել Շահեն Աբաղյանը (60կգ, Հրազդան), Արտյոմ Ղալաչյանը (66կգ, Մալաթիա-Սեբաստիա), Մերուժան Սարգսյանը (73 կգ, ՍՁՕՄՊՄԴ), Գոռ Կարապետյանը (81կգ, ԵՕՀՊՄՔ), Վահագն Չալյանը (90 կգ, Արցախ), Արման Ավանեսյանը (+90 կգ, Արցախ), կանանց պայքարում՝ Անի Մարտիրոսյանը (48 կգ, ՍՁՕՄՊՄԴ) եւ Վարսիկ Գրիգորյանը (+52 կգ, ՍՁՕՄՊՄԴ):

Պարոն Դավթյան, ամփոփեք Հայաստանի առաջնությունը:

Մեծահասակների առաջնություն էր, բայց մասնակիցները, հիմնականում, երիտասարդներ էին: Մասնակցել է 73 տղա, 7 աղջիկ: Նոր անուններ չենք ունեցել: Հիմնական պայքարը 60, 66, 73, 81 կգ քաշային կարգերում էր: Այս քաշերում մեծ թվով մասնակիցներ ունեինք: Մյուս քաշերում մասնակիցների թիվը շատ քիչ էր: Չեմպիոններն ու մրցականակիրները հավաքականի տղաներն են: Փոփոխություն եղել է միայն 60 կգ քաշային կարգում: Նոր տղա է չեմպիոն դարձել՝ Շահեն Աբաղյանը: Նա մի քանի տարի չէր զբաղվում սպորտով, կրկին վերադարձել է եւ այս առաջնությունում իր քաշում դարձավ հաղթող: Ունենք մեկ հայտնություն. պատանիների Եվրոպայի 5-րդ մրցանակակիր Գոռ Կարապետյանը դարձավ 81 կգ քաշային կարգի հաղթող:

Արդյունքները գոհացնո՞ղ են:

Ընդհանուր արդյունքներն այդքան էլ չի գոհացնում: Անձնական մարզիչներից ավելին ենք սպասում, որպեսզի կարողանանք բացթողումները լրացնել հավաքներով: Մեր խնդիրը միջազգային մրցաշարերում արդյունքներ ցույց տալն է: Միանշանակ բացեր կան եւ այդ ամենը պետք է լրացնել: Կփորձենք հավաքներով, թիմային աշխատանքով վերաձեւավորված կազմը բերել այնպիսի մակարդակի, որպեսզի արդյունքներ ունենանք դրսում:

Ինչո՞ւ Ֆերդինանդ Կարապետյանը չի մասնակցել Հայաստանի առաջնությանը:

Ֆերդինանդ Կարապետյանը մեր թույլտվությամբ ազատված էր Հայաստանի առաջնության մասնակցությունից: Նա աչքերի վիրահատության խնդիր ունի այս շրջանում: Պետք է վիրահատվի: Այն, որ Ֆերդինանդը չի մասնակցել Հայաստանի առաջնությանը, գուցե շատերի մոտ սխալ հասկացվի, թե նա ավարտում է մարզական կարիերան: Այդպես չէ, նա ուղղակի ժամանակավոր դադար է վերցրել, իր առողջության հետ կապված խնդիրներն է լուծում եւ հունվարից կմիանա հավաքականին, կմասնակցի մեր հաջորդ տարվա բոլոր հավաքներին ու մրցաշարարերին:  

Ամենօրյա կապի մեջ ենք Ֆերդինանդի հետ: Այս պահին կարեւոր է նրա լիարժեք ապաքինումը, քանի որ օլիմպիական ցիկլը կարճ է եւ պետք է հունվարից սկսենք մեր աշխատանքները:

Հայաստանի առաջնությունում ինչպիսի՞ն էր պայքարը Ֆերդինանդի քաշում:

Այստեղ էլ նոր անուններ չունեցանք: 73 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ նախորդ տարվա փոխչեմպիոն Մերուժան Սարգսյանը:

Այս քաշում եւ առհասարակ հավաքականում դեռ չունենք այնպիսի տղաներ, որոնք որակական առումով մոտենան Ֆերդինանդին: Խնդիրն այն է, որ այդ նրա մակարդակին հասնելու համար տղաները պետք է միջազգային մրցաշարերի մասնակցության մեծ փորձ ունենան: Ամեն ինչի հասնում են մրցաշարերին մասնակցելով: Որակական առումով դեռ չունենք այդպիսի տղաներ: Հենց այս խնդրի վրա էլ աշխատելու ենք, որ մեր թիմը շատ մրցաշարերի մասնակցի եւ մեծ փորձ ձեռք բերի: Միայն աշխատանքի շնորհիվ կկարողանանք տղաներին բերել հասցնել այդ կետին: Բացի այդ, թիմի անդամները երիտասարդներից նոր մեծահասակներ տեղափոխվածներ են, երիտասարդ են եւ առջեւում նրանց հետ երկար աշխատանք կա:

Մրցումային տարին ավարտել ենք: Տարեվերջում վերաձեւավորված կազմով մեկ հավաք կանենք «Օլիմպավանում» եւ կնախապատրաստվենք մրցաշրջան-2022-ին:

Պարոն Դավթյան, ինչպիսի՞ն էր մրցաշրջան-2021-ը:

Տարին օլիմպիական էր եւ հիմնական սպասելիքները Տոկիոյի Օլիմպիական խաղերից էին: 2021 թվականը նորմալ սկսեցինք, կարողացանք օլիմպիական վարկանիշ ձեռք բերել: Մեծ ակնկալիքով, մեծ հույսերով մասնակցեցինք Օլիմպիական խաղերին, բայց չստացվեց: Միանշանակ չեմ կարող տարին գնահատել լավ, քանի որ արդյունք չունեցանք: Ինչպես ասացի՝ տարին օլիմպիական էր եւ լավ կարող էր լինել միայն այն դեպքում, երբ արդյունքով վերադառնայինք Տոկիո-2020-ից:

Ինչ վերաբերում էր այս տարվա ընդհանուր մեր աշխատանքին, հետեւություններ անելու շատ բան ունենք: Չեմ կարող ասել, թե գոհ եմ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս