09:12  ,  6 դեկտեմբերի, 2021

Գարուշ Սարիբեկյան. Կարատեն ոչ միայն մարզաձեւ է, այլեւ անձի դաստիարակություն (ֆոտո)

Հայաստանում օրեցօր ավելանում է սենդո-րյու կարատեի նկատմամբ հետաքրքրությունը: Երազանքս է Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններից մեկում հաղթող ունենալ՝ Հայաստանի եռագույնն ուսերին:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի սենդո-րյու կարատե դո ազգային ֆեդերացիայի «Սեյկեն» ակումբի նախագահ, սեւ գոտի 3-րդ դան Գարուշ Սարիբեկյանը:

263422914_497485751423923_3831961280318149473_n.jpg (119 KB)

Սենդո-րյու կարատե դո ազգային ֆեդերացիայի «Սեյկեն» ակումբում սենդո-րյուով զբաղվում է ավելի քան 270 երեխա: Կարատեի այս ոճն ունի առանձին ֆեդերացիա եւ ազգային հավաքական, որի ավագ մարզիչն էլ է Գարուշ Սարիբեկյանը՝ Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող եւ մասնակից։ Նա 2002 թվականին որակավորվել է սեւ գոտի առաջին դան, 2010 թվականին՝ սեւ գոտի երկրորդ դան, իսկ 2016-ին՝ սեւ գոտի երրորդ դան:

263853153_622509129177175_3484476872228114751_n.jpg (129 KB)

Պարոն Սարիբեկյան, ինչպե՞ս եք սկսել զբաղվել սենդո-րյույով, ի՞նչ հաջողություններ եք գրանցել մարզական կարիերայում՝ նախքան մարզիչ դառնալը:

Կարատեով զբաղվում եմ 1991 թվականից: Մինչեւ 2001 թվականը տարբեր միջազգային մրցաշարերում պատվով ներկայացրել եմ Հայաստանը: Երկու անգամ մասնակցել եմ Եվրոպայի առաջնության: 2011 թվականին Ուկրաինայում անցկացված Եվրոպայի գավաթում նվաճել եմ երրորդ տեղ, 2012 թվականին Բելառուսում անցկացված «Եվրոպայի աստղ» միջազգային մրցաշարում եւս զբաղեցրել եմ երրորդ տեղը:

Սենդո-րյուն Հայաստան է «բերվել» 1999 թվականից իմ մարզիչ Արթուր Շահբազյանի ջանքերով, ով սեւ գոտի չորրորդ դան է: Ես էլ հետաքրքրությունից ելնելով սկսեցի զբաղվել եւ մնացի այս ոճում: 16 տարեկանում, մարզիչիս առաջարկով, սկսել եմ տղաների մարզել, մարզումներ անցկացնել: Որոշեցի խումբ բացել եւ, մարզական կարիերայիս զուգահեռ, մարզչություն անել: Մինչեւ զինծառայության անցնելս, այդքան էլ լուրջ չէի վերաբերվում մարզչությանը: Ծառայությունից հետո ամեն ինչ ավելի լրջացավ, երբ իմ սաներից մեկը երրորդ տեղի մեդալ նվաճեց ներքին մրցումներից մեկում: Բոլորը գալիս ինձ շնորհավորում էին, ծնողները շնորհակալություն հայտնում: Այդ ժամանակ նոր հասկացա, թե ինչ կարեւոր քայլ ենք արել ու ինչքան հաճելի է, երբ քո սանը հաջողության է հասնում: Այստեղից սկսվեց իմ մարզչական կարիերան:

263049991_324878172805123_1098967677332231142_n.jpg (119 KB)

Ինչո՞վ է առանձնանում կարատեի այս ոճը մյուսներից եւ ինչո՞վ է գրավում հայ պատանիներին:

Սենդո-րյուն աշխարհում շատ տարածված կարատեի ճյուղ է, որի հիմնադիրն է ռումինացի  Էմերիկ Արուսը. նա սենդո-րյուի 10-րդ դան է եւ ջիու-ջիցուի 6-րդ դան: Սենդո-րյու թարգմանաբար նշանակում է նախաձեռնության ճանապարհ: Կարատեով մտնում է օլիմպիական մարզաձեւերի մեջ: Այս պահին քննարկվում է՝ պահել կարատեն օլիմպիական ծրագրում, թե ոչ, քանի որ Տոկիո-2020-ից հետո խոսվում էր, որ կարատեն շատ կոնտակտային, վտանգավոր մարզաձեւ է, վանսվածքներից հնարավոր չի խուսափել: Դեռ քննարկման փուլում է, ժամանակի ընթացքում պարզ կլինի: Եթե կարատեն ընդգրկվեց օլիմպիական ծրագրում, սենդո-րյուի մարզիկները ունեն մեծ պոտեցիալ վարկանիշներ լրացնել եւ պայքարել օլիմպիական ուղեգրի համար: Տոկիոյում չհասցրինք, քանի որ համավարակով պայմանավորված մարզումային գործընթացը խաթարված էր, հետո դժվար վերակագնվեցինք:

Սենդո-րյուն մյուս ոճերից տարբերվում է նրանով, որ օգտագործվում է՝ ձեռքի, ոտքի հարվածներ եւ գցումներ: Պատանիներին, երիտասարդներին գրավում է նրանով, որ կոնտակտ կա. ձեւական հարվածներ չեն: Կան կարատեի տեսակներ, որտեղ հարվածները չեն հասցնում, հպումներ չկան:

263157053_223360159910227_4961715610944469847_n.jpg (112 KB)

Ձեզ, որպես մարզիկ, ինչո՞վ գրավեց սենդո-րյուն:

Կարատեն, առհասարակ, ոչ միայն մարզաձեւ է, այլեւ անձի դաստիարակություն: Կարատեն մեծ դեր է խաղում անձի դաստիարակության գործում: Այն իրենից ներկայացնում է հստակ մշակված ծրագիր, որը զարգացնում է կամքի ուժը, կոփում օրգանիզմը, սովորեցնում է լինել կարգապահ, հաղթահարել ալարկոտությունը, հատկապես տեխնիկական զարգացման այս դարաշրջանում: Այն փոխում է երեխայի երբեմն չկառավարվող էներգիան ճիշտ ուղղութամբ:

264397014_488662515775851_9173174704003421929_n.jpg (108 KB)

Զարգացման ի՞նչ փուլ է անցել ոճը այս տարիների ընթացքում Հայաստանում:

Կարճ ժամանակահատվածում, հատկապես վերջին տարիներին մարզաձեւը մեծ մասսայականություն է սկսել վայելել: Սենդո-րյուի 9 մասնագիտացված ակումբ ունենք, բայց այս ոճով մարզվում են նաեւ մյուս ձեւերի ակումբներում:

Ես ամենաշատ սաներ ունեցող մարզիչներից մեկն եմ: Օրվա ընթացքում երեքական մարզում եմ անցկացնում. մեկ օրվա ընթացքում աշխատում եմ շուրջ 250 երեխայի հետ:

Իմ սաները հաջող են հանդես գալիս միջազգային մրցաշարերում, խոշոր առաջնություններում: Ունենք Եվրոպայի, աշխարհի առաջնության մասնակիցներ, մրցանակակիրներ: Ունեմ շատ ուժեղ սաներ, որոնց հետ կապված մեծ ծրագրեր ունենք: Միակ խնդիրն այն է, որ կորոնավիրուսը մեզ շատ հետ գցեց, մրցումների պակաս ունեցանք: Իսկ առանց փորձի մեծ հաջողությունների դժվարությամբ կհասնենք:

263554940_1285208018573804_2657711919938529126_n.jpg (104 KB)

Որ՞ն է գերնպատակը, երազանք մարզչական կարիերայում:

Մեր առաջին նպատակն այն է, որ սենդո-րյուից կարատեի ազգային հավաքականում ունենանք ներկայացուցիչներ: Իմ երազանքն այն է, որ ունենամ մի մարզիկ, հենց իմ սաներից լինի, ով խոշոր մրցաշարում մեր դրոշը կգցի ուսերին, կբարձրանա առաջին տեղ՝ հռչակվելով չեմպիոն:

Դեկտեմբերի 10-12-ն անցկացնելու ենք որակավորման քննություններ: Շատ եմ կարեւորում այս որակավորումները, քանի որ այն նաեւ մոտիվացնում է մեր երեխաներին:

2022 թվականի մայիսին կմասնակցենք Հայաստանի գավաթի խաղարկությանը, հունիսին՝ միջազգային մրցաշարի հրավեր ունենք Ուկրաինայից: Դեռ կքննարկենք եւ կհասկանանք՝ կարող ենք դուրս գալ, թե ոչ: 

264010474_599662354644793_286261353104173199_n.jpg (145 KB)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ