22:37  ,  2 նոյեմբերի, 2021

ԱԱ․ Հովհաննես Բաչկովը պարտվեց մրցավարների որոշմամբ (ֆոտո, ուղիղ եթեր)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 9-րդ մրցումային օրը Հայաստանի հավաքականի ավագ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) պարտվեց քառորդ եզրափակիչում՝ չնվաճելով մեդալ։

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը երկու հաղթանակ տանելուց քառորդ եզրափակիչում մենամարտեց Թաիլանդի ներկայացուցիչ Սոմչայ Վոնգսուվանի հետ եւ պարտություն կրեց մրցավարների որոշմամբ՝ 2։3։

Հովհաննես Բաչկովը մեծ առավելությամբ անցկացրեց առաջին ռաունդը: Հիմնականում աշխատում էր կենտրոնից եւ գրոհներով պրեսինգի ենթարկում մրցակցին: Առաջին ռաունդում մրցավարները միավորների առավելությունը տվեցին Բաչկովին: Երկրորդ ռաունդը գյումրեցի բռնցքամարտիկը պասիվ անցկացրեց: Այս ռաունդում մրցավարները նախապտվությունը տվեցին թաիլանդցի բռնցքամարտիկին: Երրորդ ռաունդում Բաչկովը ավելացրեց ճնշումը եւ ագրեսիվ մենամարտ անցկացրեց: Այս ռաունդում մրցակիցը փակում էր Բաչկովի գրոհները կամ պաշտպանվում հեռվից։

Բաչկովն ու Վոնգսուվանը երկրորդ անգամ հանդիպեցին ռինգում: 2019 թվականի աշխարհի առաջնության  1/16-րդ եզրափակիչում 4:1 հաշվով հաղթել էր Բաչկովը:

Հովհաննես Բաչկովը Բելգրադում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ տպավորիչ հաղթանակ էր տարել ադրբեջանցի Մալիկ Հասանովի նկատմամբ: 1/8-րդ եզրափակիչում էլ 3:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուիջի Մալանգայի նկատմամբ:

Ավելի վաղ Հայաստանի համար բրոնզե մեդալ էր ապահովել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Քառորդ եզրափակիչում ծանր մենամարտում 24-ամյա Չալոյանը 3:2 հաշվով հաղթեց ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում