18:59  ,  19 հոկտեմբերի, 2021

Յանա Եգորյանը՝ սկանդալային հեռացման մասին

Սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի Յանա Եգորյանը հայտնել է, որ իրեն առանց պարզաբանման հեռացրել են Մոսկվայի մարզի Օլիմպիական մարզաձեւերի մարզական պատրաստության կենտրոնից։

«Դուրս են նետել անպետք շան նման։ Շնորհակալ եմ Իլգար Մամեդովին, որն օգնում է ինձ պաշտպանել իմ իրավունքները եւ անում է ամեն ինչ մեծ սպորտ իմ վերադարձի համար։ Ցանկանում եմ շեշտել, որ միայն ինձ են հեռացրել»,– Ինստագրամում գրել է Յանա Եգորյանը։

Սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Իլգար Մամեդովը պարզաբանել է իրավիճակը։

«Օգոստոսին Յանա Եգորյանը հեռացվել է կենտրոնից։ Տնօրեն Դենիս Զուեւը որոշել է, որը Մոսկվայի մարզի կենտրոնին պետք չէ Եգրոյանի նման մարզուհի։ Այլ մարզեր հաճույքով Յանային կընդգրկեն իրենց կազմում, բայց նրա հավատարմությունը Մոսկվայի մարզին արժանի է հարգանքի։

2021թ. մայիսին Յանան մայր է դարձել եւ անհրաժեշտ դադարից հետո վերսկսել է մարզումային գործընթացը»,– գրել է Մամեդովը Ինստագրամում։

Յանա Եգորյանը նաեւ հիշեցրել է, որ երկու տարի առաջ նույն կենտրոնը հեռացրել էր թրամարտի հավաքականի բոլոր անդամներին, այդ թվում իրեն։ Հանրային արձագանքի շնորհիվ այն ժամանակ նրանց վերականգնել էին։ Մարզիկները կենտրոնից ստանում են ամենամսյա աշխատավարձ։

Յանա Եգորյանը սկսել է պատրաստվել 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերին։

27-ամյա մարզուհին այս տարվա մայիսին մայր է դարձել։  Եգորյանը աշխարհի առաջնությունների կրկնակի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի վեցակի չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում