11:11  ,  14 հոկտեմբերի, 2021

Վիգեն Խաչատրյան․ Մեծ ակնկալիքներով ենք պատրաստվում աշխարհի առաջնությանը

Աշխարհի առաջնությունում 10 ուժեղագույն ծանրորդներով թիմային եւ մեդալային պայքարում կփորձենք պահպանել մեր տեղը լավագույն եռյակում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը:

Ավելի վաղ հավաքականի մարզիչը ներկայացրել էր Հայաստանի թիմի կազմը դեկտեմբերի 7-17-ը Տաշքենդում տեղի ունենալիք աշխարհի առաջնությունում:

Տղամարդկանց պայքարում Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Ռաֆիկ Հարությունյանը, (81 կգ), Կարեն Ավագյանը, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Արսեն Մարտիրոսյանը (109 կգ) եւ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Պարոն Խաչատրյան, ի՞նչ փուլերով կպատրաստվեք աշխարհի առաջնությանը:

Մինչեւ աշխարհի առաջնություն, թիմը երեք հավաք կանցնի: Հոկտեմբերի 18-ից կմեկնենք Ուկրաինա, որտեղ երկշաբաթյա հավաք կունենանք: Նոյեմբերի 5-ին կվերադառնանք, մի քանի օր թիմը կհանգստանա եւ կգնանք Ծաղկաձոր: Այստեղ եւս երկու շաբաթ հավաք կանենք: Վերջին հավաքը կանցկացնենք Աբովյանի մարզաբազայում, որտեղից էլ կմենկենք Տաշքենդ:

Ինչպես մյուս մարզաձեւերում, ծանրամարտում էլ ավելի լարված պայքար է լինելու, քան Օլիմպիական խաղերում, քանի որ աշխարհի առաջնությունում մասնակիցների քանակը շատ է: Եթե այնտեղ ընտրված ծանրորդներ էին, այստեղ բոլորն են մասնակցելու: Քաշային կիլոգրամների տարբերությունն այդքան մեծ չի լինելու: Այնպես, որ հետաքրքիր պայքար է սպասվում: Առաջատարներով ենք մասնակցելու եւ մեծ ակնկալիքներով են պատրաստվում աշխարհի առաջնությանը:

Ո՞ր քաշային կարգերում սպասելիքներ կան:

Գրեթե բոլոր քաշային կարգերից էլ սպասելիքներ ունենք: Նոր տղա ունենք երիտասարդներից 81 կգ քաշային կարգում՝ Ռաֆիկ Հարությունյան: Նրանից սպասում ենք, որ մի քանի կգ-ով կբարելավի իր արդյունքները:

Լուրջ պայքար է լինելու 89 կգ քաշային կարգում: Մասնակցում է Եվրոպայի գործող չեմպիոն Կարեն Ավագյանն ու բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը: Այստեղ մինչեւ չեմպիոնության սպասելիքներ ունենք. մեդալ վստահ սպասում ենք:

 96 կգ քաշային կարգում երկու ներկայացուցիչներն էլ ուժեղ են: Հակոբ Մկրտչյանը գործող աշխարհի չեմպիոն է: Իհարկե նա 89 կգ-ում նվաճեց չեմպիոնի կոչումը, բայց արդեն իրեն լավ է զգում այս քաշում: Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց, այնպես որ Հակոբը մեդալային պայքարում անպայման կլինի: Մի փոքր ուշ է չեմպիոնության մասին խոսելը, բայց արդեն աստիճանաբար մոտենում է դրան այս քաշում:

Սիմոն Մարտիրոսյանն ի՞նչ մարզավիճակում է այժմ եւ ի՞նչ տրամադրվածությամբ է պատրաստվում աշխարհի առաջնությանը:

Այս պահին ամեն ինչ լավ է: Վնասվածքները նրան արդեն չեն խանգարում, գրեթե ապաքինվել է: Ուկրաինայի հավաքից հետո Սիմոնի դեպքում պատկերը լիարժեք պարզ կլինի: Հոգեբանական վիճակը նորմալ է, ամեն ինչ կարգավորված է: Մեզ ոչինչ չի խանգարում: Այնպես չի, որ Օլիմպիական խաղերի ժամանակ հոգեբանական առումով նրան ինչ-որ բան խանգարեց: Տոկիոյում ուղղակի չստացվեց ոսկե մեդալ նվաճել: Սա սպորտ է եւ ամեն ինչ հնարավոր է:

Գերծանր քաշայինների մասին ի՞նչ կասեք:

Մեդալներ ենք սպասում նաեւ գերծանր քաշային կարգում: Մեր հզորներն են մրցահարթակ դուրս գալու եւ երկուսն էլ հավակնում են մեդալների:

Ուժեղ կազմով ենք մասնակցում եւ բոլորից սպասելիքներ ունենք: Այս պահին դեռ չունենք հայտացուցակները: Շուտով կլինեն եւ պարզ կլինի՝ որ երկրներից, որ ծանրորդներն են մասնակցելու:

Հայաստանի թիմը մասնակցում է ամբողջական կազմով: Մեդալներով, միավորներով մարտական են տրամադրված: Ցանկանում ենք թիմային հաշվարկում մեր տեղը պահպանենք լավագույն եռյակում: Կփորձենք բարձր արդյունքներով վերադառնալ:

Կանանց հավաքականից ովքե՞ր կմասնակցեն աշխարհի առաջնությանը:

Կարծում եմ՝ միայն մեկ մասնակից կունենանք կանանց պայքարում՝ Տաթեւ Հակոբյան: Ճիշտ կլինի, որ թեկուզ մեկ մասնակցով արդյունք ունենանք: Տղաների հաջողությունների, արդյունքների, մեդալների ֆոնին, այդքան էլ գեղեցիկ չէ, երբ աղջիկները լավագույն 6-ում էլ չեն լինում: Դեռ պետք է կանանց պայքարում մակարդակը մի քիչ բարձրացնենք: Կարող ենք բոլորին էլ տանել, բայց պետք է արդյունքներ ունենանք:

Պարոն Խաչատրյան. Վերջերս  9 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներ նվաճեցիք Մ20 եւ Մ23 Եվրոպայի առաջնությունում: Ի՞նչ կարծիք ունեք երիտասարդների մասին:

Շատ լավ երիտասարդներ ունենք: Մեդալները խոսում են արդյունքների մասին: Ոսկե սերունդ ունենք եւ կարելի է ասել՝ հայկական ծանրամարտի ապագան լավ ձեռքերում է: Այս պահին մեծահասակների հավաքականում սերնդափոխություն է տեղի ունենում: Չգիտեմ՝ մյուս մարզաձեւերում ինչպես է, բայց ծանրամարտում սերնդափոխությունը լավ է ընթանում: Հանգիստ ենք՝ եկող սերունդ ունենք, որոնք արդեն դրսեւորում են իրենց: Եթե մտել են այս մարզաձեւի մեջ, ուրեմն մինչեւ վերջ պետք է գնան:

Վերջերս երիտասարդների աշխարհի առաջնությունում իր արդյունքներով մեզ ուրախացրեց նաեւ Ալեքսանդր Լազարյանը: Շատ լավ երիտասարդ է: Մի քանի տարուց նա նույնպես մեծահասակներում լուրջ հայտ կներկայացնի: Այդ առաջնությունում ունեինք եւս մեկ տղա մասնակից, որը 4-րդ տեղը զբացրեց, մեդալային պայքարից հետ մնալով 2 կգ: Այստեղ պետք է մեկ աղջիկ մասնակից էլ ունենայինք, բայց վերջին պահին նրա մոտ կորոնավիրուս հաստատվեց եւ չկարողացավ մեկնել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով