Օլիմպիական խաղերը ցույց տվեց, որ կյանքում չի կարելի ոգեւորվել: Դա վատ հետեւանքներ է թողնում: Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը հոգեբանական առումով պատրաստ են աշխարհի առաջնության մրցագորգ դուրս գալուն:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:
Հոկտեմբերի 2-10-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջինը մրցագորգ դուրս կգան ազատ ոճի ըմբիշները: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը Օսլոյում ներկայացուցիչներ կունենա 4 քաշային կարգերում․ 61 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թեւանյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան եւ 79 կգ՝ Արման Ավագյան:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը Օսլո կմեկնի սեպտեմբերի 30-ին: Ազատ ոճայինները պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 2-ից:
Հայաստանի հավաքականն այս օրերին վերջին մարզումներն է անցկացնում Օսլո մեկնելուց առաջ:
Պարոն Կուրղինյան, ինչպե՞ս որոշվեց աշխարհի առաջնության կազմը:
Նախապատրաստական փուլը սկսեցինք գրեթե անմիջապես Օլիմպիական խաղերից հետո, քանի որ երկու ամիս ժամանակ ունեինք: Այդ ընթացքում անցկացրինք Անդրանիկ Հարոյանի անվան հուշամրցաշար, որն ընտրական էր մեծահասակների եւ մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունների համար: Կազմը որոշվեց Հարոյանի մրցաշարի արդյունքներով:
Արսեն Հարությունյանի եւ Վազգեն Թեւանյանի մասնակցությունն արդեն որոշված էր: Նրանք չմասնակցեցին Հարոյանի անվան հուշամրցաշարին: Պետք էր կողմնորոշվել մյուս քաշային կարգերում: Ըստ մրցաշարի արդյունքների, այս պահին մեծահասակների աշխարհի առաջնությանը պատրաստ են 70 կգ քաշային Արման Անդրեասյանը եւ 79 կգ քաշային Արման Ավագյանը: Մեր մյուս ըմբիշների մեծ մասը 23 տարեկան են: Նրանք կպատրաստվեն մեկ ամսից տեղի ունենալիք աշխարհի Մ23 առաջնությանը:
Ի՞նչ մարզավիճակում են ըմբիշները:
Վնասվաքներ չունեն: Նորմալ է տղաների մարզավիճակը: Դեռ մի քանի օր էլ կաշխատենք մինչեւ մեկնելը: Իմ կարծիքով՝տղաները պատրաստ են: Թե ինչպես կստացվի, գորգը ցույց կտա: Ամեն ինչ անկանխատեսելի է, բայց թիմը պատրաստ է պայքարին:
Անցել ենք երկու ուսումնամարզական հավաք: Լիարժեք ըստ ծրագրի աշխատել ենք: Հիմա վերջին մարզումներն ենք անում «Օլիմպավանում», որտեղից էլ կմեկնենք աշխարհի առաջնության:
Տոկիո-2020-ում անհաջող մասնացությունից հետո Հարությունյանն ու Թեւանյանը հոգեբանական առումով որքանո՞վ են պատրաստ մրցագորգ դուրս գալուն:
Այն, ինչ եղավ Օլիմպիական խաղերում, արդեն անցյալում է: Կարծում եմ՝ անցել է նաեւ տղաների մոտ: Ինչ եղել է, հետ չենք բերի: Հիասթափվելու իմաստ չունի: Արսենի ու Վազգենի պարագայում գորգը ցույց տվեց, որ ոգեւորվել չի կարելի, հիասթափվել էլ չի կարելի: Այդ ոգեւորվելըը վատ հետեւանքներ կարող է թողնել:
Ի՞նչ դասեր քաղած կլինենք մենք ու ըմբիշները, հետագան ցույց կտա: Վստահ՝ ինչ-որ բան սովորած կլինենք: Ամենակարեւորը՝ ոգեւորվել եւ հիասթափվել չի կարելի: Պետք է ուշադիր լինենք, որ գտնենք ոսկե միջինը:
Ի՞նչ ակնկալիներ ունեք աշխարհի առաջնությունից:
Յուրահատուկ աշխարհի առաջնություն է պասվում: Ընդամենը երկու ամիս է անցել Տոկիո-2020-ից: Ուժեղ առաջնություն է լինելու: Կան քաշեր, որոնց առաջատարները՝ բոլորն էլ մասնակցում են: Օրինակ՝ Ռուսաստանից մասնակցում է Աբդուլռաշիդ Սադուլաեւը, ամերիկացիներն իրենց բոլոր առաջին համարներով են մասնակցում, բացի ծանր քաշից, քանի որ ավարտեց կարիերան: Իրանի հավաքականը եւս առաջին համարներով է մասնակցելու: Թեժ է լինելու:
Աշխարհի առաջնությունը Փարիզ-2024-ի շրջափուլի մեկնարկն է լինելու: Ստացվում է՝ Տոկիո-2020-ը դեռ չամփոփած, սկսում ենք հաջորդ օլիմպիական ցիկլը ու անմիջապես աշխարհի առաջնությունից ենք մեկնարկում:
Ի դեպ, արդեն որոշե՞լ եք՝ ինչ փուլերով եք պատրաստվելու Փարիզ-2024-ին:
Ճանապարհային քարտեզն արդեն ունենք: Կառավարությունում, Օլիմպիական կոմիետում եւ ֆեդերացիայում ունեցել ենք քննարկումներ, մշակել ենք մեր պլանը մինչեւ 2024 թվական, ասել ենք՝ մեզ ինչ է պետք: Քննարկումների առանցքում հարցեր էին, թե ինչ թերություններ, խնդիրներ կան, որոնք պետք է վերհանել եւ շտկել: Բոլոր կողմերը պատրաստակամություն են հայտնել օգնել խնդիրները, թերությունները շտկել եւ պատշաճ Փարիզ-2024-ին պատրաստվելու ծրագրին աջակցել:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում