13:03  ,  7 հոկտեմբերի, 2012

Չեզարե Պրանդելի. Հայաստանի թիմն արժանի է համարվել եզրափակիչ մրցաշարի ուղեգրի հավակնորդ

«Հայաստանի հավաքականը  ամուր թիմ է թե՛ տակտիկական կազմակերպվածությամբ, հավասարակշռությամբ, թե՛ պաշտպանողական գործողություններում: Այս թիմը արժանի է եզրափակիչ մրցաշարի ուղեգրի հավակնորդներից մեկը համարվել»։ Այս մասին նշել է NEWS.am Sport-ի թղթակցի գրավոր հարցերին պատասխանած ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին։

Հոկտեմբերի 12-ին Երեւանի «Հրազդան» ստադիոնում Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի 2014 թվականի ընտրական մրցաշարի երրորդ տուրում կհանդիպի աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի հավաքականի հետ: Իտալացիները Երեւան կժամանեն հոկտեմբերի 10-ին, 22։00-ին։

Պարոն Պրանդելի, ինչպիսի՞ խումբ է Իտալիայի հավաքականին բաժին հասել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում:

Աշխարհի առաջնության ընտրական B խմբում կայացած երկու հանդիպումներից հետո պարզ է, որ ուղեգրերի համար պայքարելու են 2012 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հանդես եկած Իտալիայի, Դանիայի եւ Չեխիայի հավաքականները: Այս երեք թիմերը բալանսավորված կազմեր ունեն, ինչը նկատելի էր կայացած խաղերում: Բայց համոզված եմ, որ Բուլղարիայի եւ Հայաստանի հավաքականները եւս միջամտելու են պայքարին, ու այս երկու պատվախնդիր թիմերը յուրաքանչյուր խաղում հավակնելու են հաղթանակի եւ ձգտելու են հասնել իրենց նպատակներին: Բոլորին դժվար մրցաշար է սպասվում:

Մրցակիցների ներուժը ինչպե՞ս եք գնահատում։ Ո՞ր թիմն է ավելի վտանգավոր մրցակից Իտալիայի համար:

Ես սովորություն չունեմ դասակարգել մեր մրցակիցներին։ Եվրո-2012-ում Իտալիայի դրական մրցելույթը մեր երկրպագուներին լրացուցիչ մոտիվացիա տվեց, ավելի, քան սովորաբար էր լինում: Ինչպես արդեն նշել եմ, կա հինգ թիմ, ու այդ թիմերից յուրաքանչյուրն էլ հաղթանակի հասնելու ներուժ ունի:

Հայաստանի ազգային հավաքականի խաղերին ծանո՞թ եք: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականին:

Գլոբալիզացիան եւ հեռուստատեսությունը հնարավորություն են տալիս հետեւել շատ թիմերի խաղերին: Մենք եւս Հայաստանի հավաքականի մասին տեղեկություններ ունենք: Ես գտնում եմ, որ Հայաստանի հավաքականը ամուր թիմ է, առավել եւս սեփական խաղադաշտում: Ընդ որում, Հայաստանի հավաքականը  ամուր թիմ է թե տակտիկական կազմակերպվածությամբ, հավասարակշռությամբ, թե պաշտպանողական գործողություններում: Այս թիմը արժանի է եզրափակիչ մրցաշարի ուղեգրի հավակնորդներից մեկը համարվել:

Եթե ծանոթ եք հայ ֆուտբոլիստների խաղին, ապա ո՞ւմ կառանձնացնեիք Հայաստանի հավաքականի կազմում:

Կառանձնացնեի Հենրիխ Մխիթարյանին: Նա իմ կարծիքով ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է Հայաստանի հավաքականում, ինչպես նա արդեն ապացուցել է Չեմպիոնների լիգայի մրցաշարում՝ հանդես գալով «Շախտյորի» կազմում: Նա շատ լավ է տեսնում խաղադաշտը, ինչը հնարավորություն է տալիս նրան նույն որակյալ եւ արդյունավետ խաղը ցույց տալ, հանդես գալով թե որպես կիսապաշտպանի, թե որպես հարձակվողի: Հենրիխն իր որակներում շատ մոտ է ունիվերսալիզմին եւ ես նրան համարում եմ Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը: Բայց նա լավ խաղա, թե ոչ՝ ես առաջին հերթին պետք է մտածեմ նրան խաղադաշտում չեզոքացնելու մասին:

Եվրո-2012-ի մրցաշարում դուք տարբեր խաղերում, տարբեր կազմերով էիք խաղում եւ հասաք մինչեւ եզրափակիչ: Սա նշանակո՞ւմ է, որ Իտալիայի հավաքականում մրցակցությունը շատ սուր է:

Դա առաջին հերթին նշանակում է, որ մեր նպատակն է ապահովել թիմի տակտիկական ճկունությունը: Այս արդյունքին հասնում ես, երբ քո խաղացողները հակված են ցուցաբերել մեծահոգություն խաղի եւ հանդիսատեսի շահի համար: Իհարկե մրցակցությունը միշտ էլ օգտակար գործոն է հավաքականի համար։

Իտալիայի հավաքականում դուք սերնդափոխություն եք անցկացնում: Հաշվի առնելով այն, որ Իտալիան աշխարհի լավագույն թիմերից մեկն է, չէք համարո՞ւմ, որ ինչ-որ չափով ռիսկի եք դիմում:

Երբ ես ստանձնեցի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, երկու տարի առաջ, 2010 թվականի աշխարհի առաջնությունում ունեցած անհաջող ելույթից հետո, մեր հիմնական նպատակը դարձավ թիմում կատարել հիմնարար փոփոխություններ հետագա չորս տարիների ընթացքում, որպեսզի իտալական ֆուտբոլը կրկին հասնի այն դասական մակարդակին, որը պահանջում է իր պատմությունը: Մենք արդեն կես ճանապարհին ենք, եւ չեմ կարծում, որ նոր ուղիներ ու լուծումներ փնտրելու մեջ ինչ-որ ռիսկային բան կա: Ապագան մեծ նվիրվածությամբ կազմավորելու գործում պետք է լինել իրատես եւ նպատակասլաց:

Անգլիայի հավաքականի հետ ընկերական խաղից հետո Դուք հայտարարեցիք, որ էքսպերիմենտի դիմեցիք մի քանի խաղացողների փորձարկելու նպատակով: Հիմա ընտրական խաղերի ընթացքում հավաքականում նոր փոփոխություններ հնարավո՞ր են:

Ընկերական հանդիպումը մեզ համար շատ կարեւոր փորձություն է։ Ես այդպիսի հանդիպումները երբեք չեմ համարել ուղղակի էքսպերիմենտ, ես դրանք դիտում եմ որպես հնարավորություն իմ թիմի համար նոր պոտենցիալ տաղանդներ գտնելու համար: Մատիա Դեստրոյի, Ֆեդերիկո Պելուզոյի եւ Լորենցո Ինսինյեի    ընտրությունը որակավորման փուլում ապացուցում է, որ այդ  գործում մենք արդեն որոշակի առաջընթաց ունենք:

Ի՞նչ գնահատական կտաք Բուլղարիա - Իտալիա հանդիպմանը (2։2):

Սոֆիայում մենք ցույց չտվեցինք մեր իրական ներուժը։ Այսպիսի բան տեղի է ունեցել իտալական ցանկացած հավաքական թիմի հետ նաեւ նախկինում։ Բուլղարիան շատ ուժեղ թիմային խաղ ու որակ ցույց տվեց, ինչը ապացուցվեց հաջորդ խաղում: Կարծում եմ՝ Հայաստանի հետ էլ բուլղարացիները հենց նման խաղի շնորհիվ հասան հաղթանակի:

Ի՞նչ կմաղթեք հայ ֆուտբոլասերներին։

Կցանկանամ նրանց, որ գան ստադիոն ու դրական տրամադրություններով, խանդավառությամբ վայելեն այս տպավորիչ խաղը:

Հարցազրույցը՝ Խաչիկ Չախոյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով