01:53  ,  12 օգոստոսի, 2021

«Չելսին»՝ Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր (ֆոտո)

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղում մրցեցին Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսին» ու Եվրոպայի լիգայի հաղթող իսպանական «Վիլյառեալը»:

Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստի «Վինձոր Պարկ» ստադիոնում տեղի ունեցած խաղում առավելության հասավ գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հետխաղային 11 մետրանոցներով՝ 6։5։ Հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։

«Չելսիի» գոլը 27-րդ րոպեին գերմանացի  կիսապաշտպան Կայ Հավերցի փոխանցումից հետո խփեց կիսապաշտպան Հակիմ Զիեշը (Մարոկկո)։

73-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի իսպանացի հարձակվող Ժերար Մորենոն։ Գոլային փոխանցումը կատարեց ֆրանսիացի հարձակվող Բուլայե Դիան։

Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց։

11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին անգլիական ակումբի ֆուտբոլիստները՝ 6։5։

«Չելսին» երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը։ Առաջին անգամ նվաճել է 1998 թվականին։ Դրանից հետո չորս անգամ հանդես էր եկել Սուպերգավաթի խաղում, սակայն պարտվել։

Անցած մրցաշրջանում «Չելսին» պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը (նախորդ անգամ՝ 2012-ին), «Վիլյառեալն»՝ առաջին եվրագավաթը (չհաշված Ինտերտոտոյի երկու գավաթը)։

Եվրոպայի Սուպերգավաթ

«Չելսի» (Անգլիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 1։1(հիմնական ժամանակ՝ 1։1), 11մ՝ 6։5

Հակիմ Զիեշ, 27 - Ժերար Մորենո, 73

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում