07:35  ,  3 օգոստոսի, 2021

Տոկիո-2020․ Կարեն Ասլանյանը հաղթեց աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Կորպաշիին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 67 կգ քաշայինների պայքարը Տոկիոի Օլիմպիական խաղերում հաղթանակով սկսեց Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը։

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը (2018, 2019, 2020) պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից։

26-ամյա հայ ըմբիշը  գոտեմարտեց 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ եւ առավելության հասավ վերջին միավորի շնորհիվ՝ 1։1։

Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակիչում կմրցի եգիպտացի Մոհամեդ Իբարհիմ Էլսայեդի հետ, որը 7։6 հաշվով պարտության մատնեց աշխարհի կրկնակի չեմպիոն, 33-ամյա հարավկորեացի Ռյու Սան Սուին։

23-ամյա Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդը Աֆրիկայի եռակի չեմպիոն է, Աֆրիկյան խաղերի չեմպիոն, մինչեւ 23 տարեկանների աշխարհի նախորդ երկու տարիների չեմպիոն։

Կարեն Ասլանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 67 կգ քաշային կարգ

Ծնվել է  1995 թվականի հուլիսի 22-ին Երեւանում

Անձնական մարզիչը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Սամվել Գեւորգյանն է:

Ամուսնացած չէ:

Կարեն Ասլանյանը 2012 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2013 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, 2014 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, 2015 թվականի Համաբանակային 6-րդ ամառային խաղերի փոխչեմպիոն, 2017 թվականի հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնության չեմպիոն: Մեծահասակների կազմում 2018, 2019 եւ 2020 թվականների դարձել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր, միջազգային մի շարք մրցաշարերի հաղթող:

Կարեն Ասլանյանը հանդես է գալիս նաեւ ակումբային առաջնություններում:

2017 թվականին «Սամուրգաշև եղբայներ» մարզական ակումբի թիմի կազմում դարձել է Ռուսաստանի գավաթակիր։

2017 թվականին Իրանում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում իրանական «Սինա Սանաթ Իզեհ» թիմի կազմում դարձել է փոխչեմպիոն: 

Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2021 թվականի մայիսի 8-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում