20:22  ,  1 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Օգոստոսի 2-ին Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ

Տոկիո-2020-ում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ են մտնում մեդալների հիմնական հավակնորդները: Օգոստոսի 2-ին Հայաստանը 3 մասնակից կունենա 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում պայքարը կսկսեն Կարապետ Չալյանն (77 կգ) ու Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 06:00-ից: Կարապետ Չալյանը A մրցագորգում հանդես կգա 7-րդը, իսկ Արթուր Ալեքսանյանը C մրցագորգում կգոտեմարտի 10-րդը:

Գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում ուժերը կչափի Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուզուպբեկովի հետ: Այդ զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի կամ կուբացի Ռոսիլիո Քինդի, կամ ֆինն Արվի Սավոլայնենի հետ:

Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 97 կգ քաշային կարգ

Ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում: Անձնական մարզիչը հայրն է՝ Գեւորգ Ալեքսանյանը:

Արթուր Ալեքսանյանը 2012թ., 2013 թ., 2014թ., 2018թ. եւ 2020 թվականների Եվրոպայի չեպիոն է, 2014թ., 2015թ. եւ 2017 թվականների աշխարհի չեմպիոն, 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի չեմպիոն: 

Օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019թ․ աշխարհի առաջնությունում։

2011-ից Հայաստանի լավագուն մարզիկների շարքում է, 4 անգամ գլխավորել է լավագույն տասնյակը: Արթուր Ալեքսանյանը 2012-ին պարգեւատրվել է Մովսես Խորենացու անվան մեդալով, 2014-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, 2015-ի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։

2016 թվականից Գյումրու եւ Երեւանի պատվավոր քաղաքացի է: 2019 թվականից ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) դեսպան է:

Ամուսնացած չէ:

Տոկիո 2020-ը Արթուր Ալեքսանյանի երրորդ Օլիմպիական խաղերն է:


Կարապետ Չալյանի առաջին մրցակիցը 1/8 եզրափակիչում կլինի ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովը: 

Կարապետ Չալյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 77 կգ քաշային կարգ։

Ծնվել է 1993 թվականի օգոստոսի 7-ին Գյումրիում։ Անձնական մարզիչն է Արթուր Պետրոսյանը:

Կարապետ Չալյանը 2010 թվականի պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն է, 2012 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թվականի երիտասարդների Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, 2014 թվականի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր, 2015 թվականի բանակայինների աշխարհի առաջնության չեմպիոն, 2016 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 2020 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի աշխարհի առաջնությունում։ Ամուսնացած չէ։


Օգոստոսի 2-ին Տոկիո-2020-ում կանցկացվեն սպորտային մարմնամարզության առանձին գործիքների եզրափակիչները:

Հենացատկի եզրափակիչում օլիմպիական ոսկե մեդալի համար կպայքարի Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Հենացատկի եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով 13:51-ին:

Հուլիսի 24-ին հենացատկի որակավորման փուլում Արթուր Դավթյանը վաստակել էր 14.866 միավոր եւ երկրորդ տեղով նվաճել եզրափակիչի ուղեգիր:

Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն, հենացատկ եւ նժույգ թափեր

Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին Երեւանում։

Անձնական մարզիչը սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն է։

Ամուսնացած է, ունի 2–ամյա դուստր։

Արթուր Դավթյանը 2010 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2012 թ. աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2013 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թ. աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, 2016 թ.Եվրոպայի փոխչեմպիոն, 2019 թ. Եվրոպական խաղերի չեմպիոն, 2021 թ. Եվրոպայի չեմպիոն։

Մասնակցել է Լոնդոն-2012-ի եւ Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերին:

Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։

Հակոբ Սերոբյանը մրցավարական կազմում սպասարկում է Օլիմպիական խաղերը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս