08:27  ,  25 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Հովհաննես Բաչկովի հաղթական մեկնարկը

2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 եւ 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակով սկսեց Տոկիոյի Օլիմպիական խաղերը։

Բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում նա մենամարտեց Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ եւ հաղթանակ տարավ երեք ռաունդում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5։0։ 

Առաջին եւ երկրորդ ռաունդներում հայ բռնցքամարտիկի հարվածներից հետո մեկական անգամ մրցավարը Ալսթոն Ռայանի համար բացեց նոկդաունի հաշվարկ, սակայն նա կարողացավ շարունակել պայքարը։

1/8 եզրափակիչի մենամարտերը 63 կգ քաշային կարգում տեղի կունենան հուլիսի 31-ին։

Հայաստանը օլիմպիական ռինգում կներկայացնեն նաեւ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ, հուլիսի 26) եւ Արման Դարչինյանը (75 կգ, հուլիսի 29)։ 

Հովհաննես Բաչկով

Ծնվել է 1992 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում։

Անձնական մարզիչ՝ Ռուդիկ Մկրտչյան

Ամուսնացած է, ունի երկու որդի։  

Հովհաննես Բարկովը Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի հաղթող, 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 եւ 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։  

Հովհաննես Բաչկովը  հանդես է գալիս նաեւ պրոֆեսիոնալ ռինգում։ 2020 թվականի հուլիսի 29-ին պայմանագիր է կնքել MTK Global մենեջերական ընկերության հետ։ Առաջին մենամարտն անցկացրել է 2020 թվականի հոկտեմբերի 9–ին Դուբայում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի Rotunda Rumble IV երեկոյի ընթացքում, որտեղ միաձայն որոշմամբ հաղթել է 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին։

Երկրորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի ապրիլի 9-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում #MTKFightNight երեկոյի ընթացքում, որտեղ առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել ազգությամբ թուրք, Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովին։

Տոկիո-2020 օլիմպիական ուղեգիրը նվաճել է Եվրոպայի վարկանիշով։ Իր քաշային կարգում Հովհաննես Բաչկովը Եվրոպայի առաջին համարն է։

Ուղեգիրը հաստատվել է 2021 թվականի հունիսի 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս