16:50  ,  23 հուլիսի, 2021

Դավիդ Ալաբա. Երջանիկ եմ, որ դարձյալ աշխատելու եմ Անչելոտիի հետ

Ավստրիայի հավաքականի պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին: Օրեր առաջ Մյունխենի «Բավարիայի» նախկին պաշտպանը ներկայացվել էր որպես Արքայական ակումբի ֆուտբոլիստ:

«Բազմաթիվ ֆուտբոլիստներ երազում են այս պահի մասին՝ խաղալ աշխարհի մեծագույն ակումբում: «Ռեալը» միշտ եղել է առաջին տեղում: Երբ եղավ առաջարկ, միանգամից հասկացա, որ ցանկանում եմ տեղափոխվել այստեղ:

Հրաշալի է, որ դարձյալ կաշխատեմ Անչելոտիի հետ: Մենք շատ լավ հարաբերություններ ունեինք «Բավարիայում» աշխատելու տարիներին: Երջանիկ եմ, որ դարձյալ աշխատելու ենք միասին»,- 29-ամյա ֆուտբոլիստը խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ռեալում» Ալաբան ստացել է 4 համարի մարզաշապիկը, որով վերջին տարիներին մադրիդյան ակումբում խաղում էր ֆրանսիական ՊՍԺ տեղափոխված իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը: Ավստրիացի ֆուտբոլիստի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ:

Հիշեցնենք, որ 2009 թվականից Ալաբան հանդես էր գալիս Մյունխենի «Բավարիայում», որի հետ պայմանագիրը չերկարաձգեց և ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ։ Նա Գերմանիայի 10-ակի չեմպիոն է, 6-ակի գավաթակիր և սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի գավաթակիր, աշխարհի կրկնակի ակումբային չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում