22:06  ,  18 հուլիսի, 2021

Սիմոն Մարտիրոսյան․ Անարդար է, որ Օլիմպիական խաղերին միայն ես եմ մասնակցում

Բոլորի փոխարեն պետք է մասնակցեմ Օլիմպիական խաղերին եւ այնպես աշխատեմ, որ պատվով դուրս գամ: Երազանքս ու նպատակս Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն է:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Ռիո-2016 օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

«Ծանրամարտի Հայաստանի հավաքականն ամենալավն է, որ երբեւիցե եղել է: Բոլորը միասին հաշտ են, համերաշխ, սիրով: Պարտավորեցնող է այսպիսի թիմի լիդեր լինելը:

Անարդար է, որ Օլիմպիական խաղերին միայն ես եմ մասնակցում: Չեմ հասկանում, թե դոպինգ սկանդալը մեզ հետ ինչ կապ ունի: Դա եղել է վաղուց, դրա պատճառով այսօր մենք ենք տուժում եւ չեմ հասկանում՝ ինչի համար: Երբ այդ ամենը եղել է, մենք նույնիսկ մարզիկ չենք եղել:

Հավաքականում ունենք շատ ուժեղ ծանրորդներ, որոնք պետք է Օլիմպիական խաղերին մասնացելու իրենց իրավունքը վաստակեին: Օրինակ՝ Գոռ Մինասյանը 100 տոկոսանոց մեդալակիր էր, մեդալի իրական հավակնորդ էր նաեւ Անդրանիկ Կարապետյանը: Էլի շատ ուժեղ տղաներ ունենք, որ կարող էին մեդալ նվաճել, բայց միայն ես եմ գնում ու դա արդար չի:

Բոլորի փոխարեն պետք է աշխատեմ, որ պատվով դուրս գամ: Ռիոյից հետո Տոկիոյի Օլիմպիական խաղերին մոտենում եմ ավելի հասուն մտածելակերպով:

Երազանքս ու նպատակս Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն է: Այս առումով Տոկիոյի մասին խոսելիս առաջինը դա եմ պատկերացնում: Հաղթանակները պատերազմից հետո անհրաժեշտություն են մեր երկրի համար, եւ ես հավատում եմ մեր հաղթանակներին»,- ասել է Սիմոն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ մեկ տարվա որակազրկումից հետո ծանրամարտի Հայաստանի հավաքականը երկու օլիմպիականի իրավունք է ստացել Տոկիո-2020-ում՝ 1 տղամարդ եւ 1 կին: Տղամարդանց մրցաշարում Տոկիոյում Հայաստանը ներկայացնելու է Սիմոն Մարտիրոսյանը 109 կգ քաշայինների պայքարում:

Նա Տոկիո-2020-ում մրցահարթակ դուրս կգա օգոստոսի 3-ին Երեւանի ժամանակով 14:50-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով