Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես դիմել է ակումբներին Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ստեղծման շուրջ քննարկումներ ծավալելու առաջարկով, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատել է Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ստեղծման ուղղությամբ՝ հարցի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ անցկացնելով իր միջազգային գործընկերների հետ։ Շահագրգիռ քննարկումների եւ փորձի փոխանակման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է Հայաստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի (ՀՊՖԼ) կանոնադրության եւ «ՀՖՖ-ՀՊՖԼ» փոխըմբռնման հուշագրի նախնական աշխատանքային տարբերակներ, որոնք ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հուլիսի 2-ին ուղարկել է ակումբներին:
Նշված փաստաթղթերը կազմվել են ՀՖՖ անձնակազմի եւ ՖԻՖԱ-ի համագործակցության արդյունքում: Աշխատանքների ընթացքում ՀՖՖ-ն համագործակցել է նաև Ղազախստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելգիայի պրոֆեսիոնալ լիգաների հետ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրել է բոլոր ակումբներին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել փաստաթղթերը, որից հետո ՀՖՖ-ում հանդիպում կկազմակերպվի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ քննարկելու առաջարկները, դիտողությունները եւ հետագա քայլերը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակնկալում է ակումբների նախաձեռնողական մասնակցությունը փաստաթղթերի վերլուծության եւ հետագա քննարկումների փուլերում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում