ՀՖՖ-ն ակումբներին առաջարկել է ստեղծել Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգա

15:16   2 հուլիսի, 2021

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես դիմել է ակումբներին Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ստեղծման շուրջ քննարկումներ ծավալելու առաջարկով, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: 

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատել է Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ստեղծման ուղղությամբ՝ հարցի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ անցկացնելով իր միջազգային գործընկերների հետ։ Շահագրգիռ քննարկումների եւ փորձի փոխանակման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է Հայաստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի (ՀՊՖԼ) կանոնադրության եւ «ՀՖՖ-ՀՊՖԼ» փոխըմբռնման հուշագրի նախնական աշխատանքային տարբերակներ, որոնք ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հուլիսի 2-ին ուղարկել է ակումբներին:

Նշված փաստաթղթերը կազմվել են ՀՖՖ անձնակազմի եւ ՖԻՖԱ-ի համագործակցության արդյունքում: Աշխատանքների ընթացքում ՀՖՖ-ն համագործակցել է նաև Ղազախստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելգիայի պրոֆեսիոնալ լիգաների հետ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խնդրել է բոլոր ակումբներին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել փաստաթղթերը, որից հետո ՀՖՖ-ում հանդիպում կկազմակերպվի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ քննարկելու առաջարկները, դիտողությունները եւ հետագա քայլերը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակնկալում է ակումբների նախաձեռնողական մասնակցությունը փաստաթղթերի  վերլուծության եւ հետագա քննարկումների փուլերում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։