13:12  ,  29 հունիսի, 2021

Մբապեն ներողություն է խնդրել չիրացված 11 մետրանոցի համար

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն անդրադարձել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում շվեյցարացիներից կրած պարտությունը: Հետխաղա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ ՊՍԺ-ի 22-ամյա հարձակվողն էր թույլ տվել միակ վրիպումը, որի պատճառով ֆրանսիացիները լքեցին պայքարը:

«Շատ բարդ է թերթել այս էջը: Հսկայական տխրություն այս անհաջողությունից հետո, մենք չկարողացանք հասնել մեր նպատակին: Ներողություն եմ խնդիրում այդ 11 մետրանոցի համար: Ցանկանում էի օգնել թիմին, բայց չստացվեց:

Գիտեմ, որ մեր երկրպագուները հիասթափված են, սակայն ցանկանում եմ նրանց շնորհակալություն հայտնել աջակցության ու այն բանի համար, որ միշտ հավատացել են մեզ: Ամենագլխավորն ավելի ուժեղ վերադառնալն է: Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում Շվեյցարիայի հավաքականին»,- Ինստագրամում գրել է Մբապեն:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ում Կիլիան Մբապեին չհաջողվեց դառնալ գոլի հեղինակ: Նա մասնակցեց 4 հանդիպման՝ մեկնարկային կազմում խաղալով առանց փոխարինման:

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված խաղում ֆրանսիացիները պարտվել էին հետխաղյա 11 մետրանոցներով: Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 3:3 հաշվով:

Քառորդ եզրափակիչում Շվեյցարիայի հավաքականը հուլիսի 2-ին Սանկտ Պետերբուրգում կմրցի իսպանացիների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում