10:06  ,  26 հունիսի, 2021

Վահե Ավետիսյան․ Հպարտ եմ տղաներով, որ մեր երկրի պատիվը բարձր պահեցին Ադրբեջանի հետ մրցախաղում

Շատ կարեւոր հաղթանակ ունեցանք: Մենք մեր կռվում հաղթեցինք եւ կարեւոր չէ՝ ինչ հաշվով: Հաղթանակը հայերինն է եւ գրվում է՝ Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին:

Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սկոպիեից մեկնաբանեց թենիսի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը Davis Cup-ում Հայաստանի հավաքականի տարած հաղթանակը Ադրբեջանի հավաքականի նկատմամբ:

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ավարտին մոտեցող Դևիսի գավաթի խաղարկության (Davis Cup Europe Group IV) երկրորդ տուրում թենիսի տղամարդկանց Հայաստանի հավաքականը մրցեց ադրբեջանցիների հետ եւ հաղթեց 2։1 հաշվով։

Պարոն Ավետիսյան, շնորհավորում եմ երկրորդ տուրում Ադրբեջանի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ: Բարդ տրվե՞ց:

Ուզես, թե չուզես՝ այդ երկրի հետ խաղը շատ լարված է լինում: Նախորդ օրվանից տղաները տրամադրված էին՝ ինչպես թիվ մեկ խաղի:

Առաջին խաղը Սեդրակ Խաչատրյանը հրաշալի անցկացրեց: Ադրբեջանցի մրցակիցները տարիքով այդքան մեծ չեն՝ 16-18, բայց բոլորն էլ Իսպանիայում մարզված, շատ ուժեղ, լավ թենիսիստներ են: Սեդրակը լարված էր, բայց հաղթեց 6:0, 6:3:

Եկավ Միքայել Ավետիսյանի հերթը. լարվածություն՝ կրկնակի, եռակի, հայրը գլխավոր մարզիչն է, բանակում ծառայած է եւ ում դեմ է խաղում... Հոգեբանորեն շատ լավ պատրաստված էր, ու հասկանում էր, որ եթե նա լավ է խաղում, 2:0-ով ադրբեջանցիներին հաղթում ենք: Ամբողջ խաղը շատ լավ էր գնում: Առաջին սեթում խաղը 2:0, 3:2, 4:3, 5:4 Միքայելին էր գնում ու հանկարծ վերջում 5:7 պարտվեց:

Ալբանիայի հետ խաղում Միքայելի ոտքերի մկանները քարացել էին, բժիշների միջամտությամբ էինք նրան դուրս բերել կորտ, Ադրբեջանի դեմ խաղին: Քիչ էր մարզվել այս խաղի համար, բայց ասում էր՝ «ինչ էլ լինի, պետք է խաղամ»:

Նույն լարվածությամբ շարունակվեց երկրորդ սեթը: 2:1, 3:1 Միքայելին, բայց վերջում էլի պարտվեց: Շատ նեղվեց այդ պարտությունից, մինչեւ անգամ հուզվեց, որ լավ սկսել էինք, ինքը պարտվեց:

Պարտությունից հետո  ինչպե՞ս հաջողվեց թիմին տրամադրել որոշիչ խաղին եւ ինչո՞ւ Միքայել Ավետիսյանը չխաղաց զուգախաղում:

Այս պարտությունից հետո պետք է զուգախաղին մասնակցեր, բայց քանի որ ոտքերը նորից խնդիր էր, հոգեբանորեն ընկճված, որոշեցի նրա փոխարեն կորտ դուրս բերել Սեդրակ Խաչարյանին Հենրիկ Նիկողոսյանի հետ: Իրականում սա ռիսկային որոշում էր, քանի որ Սեդրակը որեւէ մրցաշարում զույգ խաղացող թենիսիստ չի եղել: Ուրիշ ելք չկար:

Հետաքրքիր ու այս անգամ առավել լարված ստացվեց զուգախաղը: Առաջին սեթում կարողացան հեշտությամբ պարտության մատնել ադրբեջանցիներին:

 Երկրորդ սեթում Հենրիկ Նիկողոսյանի ռակետի լարերը կտրվեցին, իսկ պահեստային ռակետը թույլ էր: Երկրորդում պարտվեցինք:

Երրորդ սեթում, ընդմիջումից հետո, տղաների մոտ երկրորդ շնչառություն բացվեց, հասկացան, որ հետդարձի ճանապարհ չկա եւ դա վերջին քայլն է Ադրբեջանի հետ պայքարը մեր օգտին ավարտելու համար: Հրաշալի խաղ ցուցադրեցին ու հաղթանակով ավարտեցին զուգախաղը:

Ի°նչ տրամադրություն էր թիմում հաղթանակից հետո:

Հաղթանակից հետո բոլորիս տրամադրությունը բարձրացավ, ամեն ինչ ընկավ իր տեղը: Էական չի՝ ինչպես հաղթեցինք, ինչ դժվարությունների, խնդիրների գնով: Հաղթանակը հայերին է, դա էր կարեւորը:

Սա շատ լավ հաղթանակ էր ու հպարտ եմ տղաներով, որ մեր երկրի պատիվը բարձր պահեցին բոլորիս համար այս կարեւոր խաղում:

Բացի այդ, ադրբեջանցիներին հաղթելով, մենք 4-րդ  ենթախմբից դուրս եկանք երրորդ ենթախումբ:

Այսինքն՝ հաջորդ տարի Դեւիսի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը հանդես կգա երրորդ ենթախմբո՞ւմ:

 Այս խաղարկությունից հետո 4-րդ ենթախմբի երկու երկիր 2022 թվականին կխաղա երրորդ ենթախմբում:

Ալբանիային եւ Ադրբեջանին հաղթելով՝ մենք մեր տեղն ապահովեցինք երրորդ ենթախմբում, ինչի համար եւս շնորհավորում եմ բոլորիս, մեր հավաքականին:

Այս խաղարկությունում դեռ մեկ խաղ էլ ունենք Չեռնոգորիայի հետ: Արդեն կարեւոր չի, թե այդ խաղում ով կհաղթի, երրորդ ենթախմբում մեր տեղն արդեն ապահովված է: Այնպես որ, այսօր մենք երկուսը մեկում արեցինք՝ հաղթեցինք Ադրբեջանին եւ դուրս եկանք երրորդ ենթախումբ:

Ի՞նչ մթնոլորտ էր Ադրբեջանի հավաքականում մրցումային օրվա ընթացքում : Որեւէ ոչ ադեկվատ վերաբերմունք կա՞ր նրանց կողմից: 

Որեւէ ոչ ադեկվատ վերաբերմունք, միտումնավոր լարվածության սրում չի եղել նրանց կողմից: Սպորտում, թենիսում չկա նման բան: Ուղղակի մենք մեզ համար, մեր երկրի համար շատ ուրախացանք:

Ադրբեջանցի թենիսիստների հետ բազմիցս ենք հանդիպել ու միշտ պարտության ենք մատնել նրանց: Բայց թիմային պայքարը, մասնավորապես պատերազմից, իրավիճակներից հետո շատ տպավորիչ էր: Սա էլ մեր կռիվն էր. ամեն մարդ իր գործով է կռվում Հայաստանի համար: Գրվում է՝ Հայաստանը հաղթեց Ադրբեջանին:

Ճիշտ է՝ այդ լարվածությունից հոգնել էինք, նեղվել էինք, պարտություն, խնդիրներ, արցունքներ, բայց վերջնարդյունքն ուրախացրեց բոլորիս:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ