22:26  ,  8 հունիսի, 2021

Եվրո–2023. Հայաստանի Մ–21 հավաքականը պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ պարտությունով մեկնարկեց 2023թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում։ H խմբի առաջին տուրում Հայաստանի թիմը հյուրընկալվեց Ֆարերյան կղզիների Մ–21 հավաքականին, որը հաղթեց 2։0 հաշվով։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում ստացած երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց գերմանական «Հանզա Լյունեբուրգերի» կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանը։ Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը կարողացան թվային առավելությունը վերածել երկու գոլի։ Դուբլի հեղինակ դարձավ 19–ամյա կիսապաշտպան Յոն Յահանեսենը։

H խմբում են ընդգրկված նաև Ֆրանսիայի, Սերբիայի, Ուկրաինայի և Հյուսիսային Մակեդոնիայի երիտասարդական հավաքականները:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճում խմբերի հաղթողներն ու երկրորդ տեղ գրաված լավագույն արդյունքով 5 թիմեր:

Եվրոպայի Մ–21 առաջնություն, ընտրական փուլ, H խումբ, առաջին տուր

Ֆարերյան կղզիներ – Հայաստան՝ 2։0

Յոն Յահանեսեն, 68, 84

Հեռացում՝ Երջանիկ Ղուբասարյան (Հայաստան), 45+2, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում