00:57  ,  30 մայիսի, 2021

«Չելսին»՝ Չեմպիոնների լիգայի հաղթող (ֆոտո, վիդեո)

Լոնդոնի «Չելսին» պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի հաղթող: Վճռորոշ խաղում լոնդոնյան ակումբը նվազագույն հաշվով հաղթեց Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որը պատմության մեջ առաջին անգամ խաղաց Չեմպիոնների լիգայի եզրափակիչում: Ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» «Մանչեսթեր Սիթիին» հաղթեց երրորդ խաղում անընդմեջ:

Պորտուգալական Պորտուի «Դրագաու» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչ հանդիպման առաջին գոլային պահն ունեցավ Անգլիայի նորընծա չեմպիոնը: 8-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը բրազիլացի դարպասապահ Էդերսոնի փոխանցումից հետո հայտնվեց հարվածային դիրքում, սակայն «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսն ու դարպասապահ Էդուար Մենդին միասին խանգարեցին անգլիացուն: 2 րոպե անց վստանգավոր պահ ստեղծեց «Չելսին», որի գերմանացի հարձակվող Տիմո Վերները չկարողացավ հարված կատարել հարմար դիրքից: 14-րդ րոպեին Վերները կորցրեց ևս մեկ գոլային պահ:

Հանդիպման սկզբնամասում «Չելսիի» գրոհներն ավելի վտանգավոր էին ստացվում: Մանչեսթերցիները մրցակցի դարպասին սպառնացին 27-րդ րոպեին, երբ անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը վտանգավոր դիրքում ստացավ գնդակը, բայց հարվածել չհասցրեց պրեսինգի պատճառով:

37-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց լոնդոնյան ակումբի բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան, որի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ դանիացի Անդրես Կրիստենսենը:

Առաջին խաղակեսի վերջնամասում «Չելսին» բացեց հաշիվը: 42-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցը, որը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և վերջինիս օգնությամբ գրավեց դարպասը: Դա 21-ամյա գերմանացու առաջին գոլն էր Չեմպիոնների լիգայում: 

Թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում:

Երկրորդ խաղակեսում մանչեսթերցիներն ունեին նկատելի տարածքային առավելություն, բայց թիմերը երկար ժամանակ չէին կարողանում ստեղծել իրական գոլային պահեր:

60-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց «Մանչեսթեր Սիթիի» ավագ Կևին դե Բրույնեն, որը դաշտը լքելիս չկարողացավ զսպել արցունքները:

«Չելսին» աչքի էր ընկնում թիմային համակարգված պաշտպանությամբ, իսկ 73-րդ րոպեին կարող էր կրկնապատկել հաշիվը, բայց փոխարինման դուրս եկած ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և շեղ հարվածեց: Պուլիշիչը դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղացած առաջին ամերիկացի ֆուտբոլիստը: Քիչ անց վտանգավոր գրոհ անցկացրեցին մանչեսթերցիները, բայց դարպասին հարված կատարել չհաջողվեց:

77-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ «Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն ռմբարկու, արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, որը վերջին հանդիպումն անցկացրեց մանչեսթերյան ակումբում:

Վերջնամասում Խոսեպ Գվարդիոլայի թիմի՝ խաղը փրկելու բոլոր փորձերն ապարդյուն էին: Թոմաս Տուխելի գլխավորած թիմը, ոչ առանց դժվարությունների, խաղը հասցրեց հաղթական ավարտի:

Հիշեցնենք, որ «Չելսին» Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը նվաճել էր նաև 2011/2012թթ. մրցաշրջանում՝ եզրափակիչում հաղթելով Մյունխենի «Բավարիային»: Այդ տարի ևս լոնդոնյան ակումբը Չեմպիոնների լիգայում հաղթել էր մրցաշրջանի ընթացքում մարզչական փոփոխությունից հետո:

Չեմպիոնների լիգայի այս մրցաշարի լավագույն ռմբարկու դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» 20-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը խփեց 10 գոլ:

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 0:1 (տեսանյութ)

Կայ Հավերց, 42

«Մանչեսթեր Սիթի». Էդերսոն, Ուոլքեր, Սթոունս, Դիաշ, Զինչենկո, Գյունդոգան, Դե Բրույնե (Գաբրիել Ժեզուս, 59), Բերնարդու Սիլվա (Ֆերնանդինյո, 64), Ֆոդեն, Ստերլինգ (Ագուերո, 77), Մահրեզ։

«Չելսի». Մենդի, Ասպիլիկուետա, Տիագո Սիլվա (Կրիստենսեն, 39), Ռյուդիգեր, Ռիս Ջեյմս, Ժորժինյո, Կանտե, Չիլուել, Մաունթ (Կովաչիչ, 80), Հավերց, Վերներ (Պուլիշիչ, 66)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս