18:00  ,  29 մայիսի, 2021

Տիգրան Բարսեղյանը գոլ խփեց 2-րդ խաղում անընդմեջ, «Աստանան» միավորներ կորցրեց

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Աստանան» 2:2 հաշվով ավարտեց «Կասպիյի» հետ արտագնա հանդիպումը: Առաջին խաղակեսից հետո հյուրերն ունեին 2 գոլի առավելություն, սակայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը:

Մայրաքաղաքային թիմի կազմում խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը: Դա 27-ամյա Բարսեղյանի չորրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում: Նախորդ տուրում նա գրավել էր գործող չեմպիոն «Կայրաթի» դարպասը: 

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Աստանայի» մեկնարկային կազմում խաղաց 78 րոպե:

«Աստանան» 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Տոբոլից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում