14:59  ,  12 մայիսի, 2021

Հայ դատապարտյալները երրորդ տեղն են գրավել շախմատի միջազգային մրցաշարում

Մայիսի 11-ին անցկացվել է «Շախմատ հանուն ազատության» ծրագրի առցանց կոնֆերանսն ու միջազգային մրցաշարը չորս երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսպանիայի դատապարտյալների մասնակցությամբ, hաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) և Կուկի շրջանի շերիֆի գրասենյակի կողմից ձեռնարկված «Շախմատ հանուն ազատության» ծրագրի նպատակը շախմատի ներդրումն է՝ որպես տարբեր երկրների բանտերում կրթության և սոցիալական ներառման գործիք։ Նախագիծն իրականացվում է աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի հովանու ներքո:

Շախմատի համաշխարհային առցանց կոնֆերանսին Հայաստանը ներկայացրել են այն դատապարտյալները, որոնք ընտրվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կայացած շախմատի առաջնության արդյունքներով՝ Ռոբերտ Սարգսյանը, Իգիթ Գրիգորյանը, Ռուբիկ Մկրտչյանը, Նարեկ Հովակիմյանը «Արմավիր» ՔԿՀ-ից և  Արմեն Գորոյանը «Հրազդան» ՔԿՀ-ից։ Դատապարտյալների հետ աշխատել է գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը։

Մրցաշարին նախորդած ասուլիսի ժամանակ Շախմատի ակադեմիայի  հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանն ու ԱՆ քրեակատարողական ծառայությանը՝ արդյունավետ համագործակցության համար և նշել, որ մեկ ամիս է, ինչ, օրինակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկսվել են աշխատանքները քրեակատարողական հիմնարկներում շախմատի ուսուցման և մասսայականացման ուղղությամբ։ Գրոսմայստերը վստահություն է հայտնել, որ այդ աշխատանքները շարունակական կլինեն, և բոլոր ՔԿՀ-ներում կունենանք շախմատի ուսուցման դասընթացներ։

Շախմատի առցանց միջազգային մրցաշարում Հայաստանի դատապարտյալների հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը։ Առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը։

Մրցաշարի արդյունքների ամփոփմանը ներկա ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը շնորհակալություն է հայտնել դատապարտյալներին մասնակցության համար ու շնորհավորել արժանի հաղթանակի համար։

Հայաստանի թիմը հոկտեմբերի 13-14-ը կմասնակցի նաև «Բանտարկյալների համար» միջմայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English