14:59 12 մայիսի, 2021Մայիսի 11-ին անցկացվել է «Շախմատ հանուն ազատության» ծրագրի առցանց կոնֆերանսն ու միջազգային մրցաշարը չորս երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իսպանիայի դատապարտյալների մասնակցությամբ, hաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) և Կուկի շրջանի շերիֆի գրասենյակի կողմից ձեռնարկված «Շախմատ հանուն ազատության» ծրագրի նպատակը շախմատի ներդրումն է՝ որպես տարբեր երկրների բանտերում կրթության և սոցիալական ներառման գործիք։ Նախագիծն իրականացվում է աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի հովանու ներքո:
Շախմատի համաշխարհային առցանց կոնֆերանսին Հայաստանը ներկայացրել են այն դատապարտյալները, որոնք ընտրվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կայացած շախմատի առաջնության արդյունքներով՝ Ռոբերտ Սարգսյանը, Իգիթ Գրիգորյանը, Ռուբիկ Մկրտչյանը, Նարեկ Հովակիմյանը «Արմավիր» ՔԿՀ-ից և Արմեն Գորոյանը «Հրազդան» ՔԿՀ-ից։ Դատապարտյալների հետ աշխատել է գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը։
Մրցաշարին նախորդած ասուլիսի ժամանակ Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանն ու ԱՆ քրեակատարողական ծառայությանը՝ արդյունավետ համագործակցության համար և նշել, որ մեկ ամիս է, ինչ, օրինակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկսվել են աշխատանքները քրեակատարողական հիմնարկներում շախմատի ուսուցման և մասսայականացման ուղղությամբ։ Գրոսմայստերը վստահություն է հայտնել, որ այդ աշխատանքները շարունակական կլինեն, և բոլոր ՔԿՀ-ներում կունենանք շախմատի ուսուցման դասընթացներ։
Շախմատի առցանց միջազգային մրցաշարում Հայաստանի դատապարտյալների հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը։ Առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը։
Մրցաշարի արդյունքների ամփոփմանը ներկա ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը շնորհակալություն է հայտնել դատապարտյալներին մասնակցության համար ու շնորհավորել արժանի հաղթանակի համար։
Հայաստանի թիմը հոկտեմբերի 13-14-ը կմասնակցի նաև «Բանտարկյալների համար» միջմայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.