13:38  ,  3 մայիսի, 2021

Միշել Տեր-Զաքարյանը հայտարարել է «Մոնպելյեից» հեռանալու մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը հայտարարել է, որ հեռանում է ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչի պաշտոնից: 58-ամյա մասնագետը 2017 թվականից է գլխավորում «Մոնպելյեն», որը Ֆրանսիայի առաջնության 35-րդ տուրից հետո 47 միավորով 8-րդ տեղում է:

«22 տարի միասին, դա մեծ ուղևորություն է: Լավ ժամանակներ եմ անցկացրել այս ակումբում: Մենք լավ աշխատանք կատարեցինք, բայց ամեն բան մոտենում է ավարտին: Դա մարզիչի կյանքն է:

Այն, որ ես հեռանում եմ, չի նշանակում, որ խաղացողները հանձնվում են: Եթե իմ հեռանալուց հետո թիմը նվաճի եվրագավաթների ուղեգիր, կլինեմ երջանիկ: Նախօրեին խաղացողներին հայտնեցի հեռանալուս մասին, ինչից հետո նրանք չէին խոսում ինձ հետ»,- Միշել Տեր-Զաքարյանի խոսքը մեջբերում է France Football-ը:

Հիշեցնենք, որ Միշել Տեր-Զաքարյանի պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը: Ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա «Մոնպելյեում» խաղացել է 1988-1998-ը, իսկ Հայաստանի ազգային հավաքականում հանդես է եկել 1996-1997-ը: Տեր-Զաքարյանը մարզչական կարիերան 1998-ին սկսել է հենց «Մոնպելյեում»՝ 8 տարի աշխատելով երկրորդ և երրորդ թիմերում: Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև ֆրանսիական «Նանտը», «Կլերմոնը» և «Ռեյմսը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս