16:04  ,  28 ապրիլի, 2021

Հենրիխ Մխիթարյան. Կապ պահպանում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողների հետ

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր նախկին ակումբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման մասին:

««Մանչեսթեր Յունայթեդից» կապ եմ պահպանում Պոլ Պոգբայի, Դավիդ Դե Խեայի, Խուան Մատայի, Էրիկ Բայիի ու Մարկուս Ռեշֆորդի հետ: Չեմ կարող ասել, որ միմյանց հաղորդագրություններ ենք ուղարկում ամեն օր կամ ամեն ամիս, սակայն գրում ենք միմյանց, երբ լինում է հնարավորություն: Միշտ կա ինչ-որ բանի համար շնորհավորելու առիթ:

Մենք միակ իտալական ակումբն ենք, որը շարունակում է պայքարը եվրագավաթներում: Ընդ որում՝ մենք շաբաթական անցկացնում ենք 3 հանդիպում, իսկ մեր մրցակիցները խաղում են մեկ անգամ: Սակայն մենք չենք բողոքում: Գիտենք, որ ընդամենը 3 հանդիպում է մնացել Եվրոպայի լիգայում, այդ պատճառով պետք է ներդնենք ամբողջ ուժերը և փորձենք ստանալ առավելագույն հաճույք: Եթե նվաճենք տիտղոսը, կունենանք Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորություն:

Ես հաջող եմ հանդես գալիս, քանի որ ամեն բան կախված է նրանից, թե ինչպես է խաղում թիմը: Ինձ շատ է դուր գալիս այս խաղաոճը: Մենք խաղում ենք հարձակողական ֆուտբոլ՝ առջևի գծում մեծ ազատությամբ: Նույնը նաև իմ նախկին ակումբներ «Շախտյորում» ու «Բորուսիայում» էր: Մենք տարբեր կերպ ենք խաղում տարբեր մրցակիցների դեմ՝ հատկապես, երբ գնդակը մեզ մոտ է: Ամենակարևորը խաղացողների միջև կապն է: Եթե դա կա, ապա դուք կարող եք անել տարբեր բաներ: Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի:

Ինչ վերաբերում է Հռոմին, երբ ես առաջին անգամ այստեղ եկա պայմանագիր կնքելու համար, ինձ ստիպեցին ուտել մակարոն և դրա շնորհիվ սիրահարվեցի այս քաղաքին»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է The Athletic-ը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:

«Մանչեսթեր Յունայթեդի» ու «Ռոմայի» միջև առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29-ին Անգլիայում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 29 խաղի և դարձել 9 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ