21:22  ,  24 ապրիլի, 2021

Հակոբ Սերոբյանը՝ Շվեյցարիայից. Արթուր Դավթյանի ոսկե մեդալը մեր ազգի հաղթանակն է (ֆոտո)

Այստեղ գիտեն՝ ապրիլի 24-ը Հայաստանում ինչ օր է: Արթուր Դավթյանի հաղթանակից հետո բոլորը մոտեցան եւ շնորհավորեցին մեզ: Միայն թուրքերն ու ադրբեջանցիները չմոտեցան, հեռվից ձեռքով շնորհավորեցին: Հպարտ եմ Արթուրի չեմպիոնությամբ, որը սպասված չէր: Այսօրվա զգացողությունները բոլորովին այլ են: Այս օրով հաղթեց մեր ազգը:

Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Շվեյցարիայից մեկնաբանեց Արթուր Դավթյանի չեմպիոնությունը Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգի թափեր վարժությունում Մինսկ-2019 Եվրոպական խաղերի չեմպիոնը ոսկե մեդալ նվաճեց 14.266 միավորով:

«Ուրախության եւ հպարտության պահեր ենք ապրում այժմ: Անկեղծ՝ չէի սպասում, որ չեմպիոն կունենանք: Իմ երազանքը կատարվեց, ինչպես եւ ասել էի եզրափակիչ դուրս գալիս: Չէի սպասում: Այստեղ Աստծո միջամտությունը կար. այս օրով այսպիսի մեծ հաղթանակ (ծիծաղում է): Մեդալ սպասում էի, ասել էի, որ պետք է կռիվ տանք մեդալների, բայց որ Արթուրը չեմպիոն կդառնա, իսկական «շոկ» է: Եվ այս օրով… սա լրիվ այլ զգացողություն է: Մեդալ նվաճելու, հաղթելու զգացողությունը չէ, այլ է՝ այլ հաղթանակի ապրումներ:

Պարգեւատրման արարողությունը տպավորիչ ստացվեց, երբ Արթուրը Հայոց ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը փակցրեց կրծքավանդակին եւ բարձրացավ պատվո հարթակ: Այստեղ բոլորը գիտեն՝ ինչ օր է ապրիլի 24-ը Հայաստանում: Բոլորը մոտեցան և շնորհավորեցին անձամբ, բայց թուրքերն ու ադրբեջանցիները հեռվից ձեռքով արեցին: Հպարտության պահեր էր, հպարտ քայլերով անցանք բոլորի կողքով եւ դուրս եկանք: Շատ լավ էր, չսպասված ու հաղթած: Մենք հաղթեցինք մեր կռվում: Որակավորման փուլում արդեն հաղթել էինք, բայց սա լիարժեք ապացուցեց մեր հաղթող տեսակը:

Այս հաղթանակը մերը չէ, մեր թիմինը կամ տղաներինը չէ, այսօր մեր ազգը հաղթեց: Բոլոր տղաներից էլ շատ գոհ եմ: Նրանք արեցին իրենց առավելագույնը: Նժույգ թափերում շատ լուրջ մրցակիցներ ունեինք, հզորներն էին պայքարում ոսկե մեդալի համար: Մրցումն ավարտվեց, դեռ չէի հավատում, որ Արթուրն իրեն հավասարը չունեցավ: Լարված պայքար էր, մյուս մրցակիցները պատահական վայր չէին ընկնում: Գագիկ Խաչիկյանը մի փոքր վախեցավ: Նա նույնպես կարող էր մեդալ նվաճել, բայց հուզմունքը խանգարեց նրան:

Օղակների վարժությունում եւս ուժեղ պայքար էր գնում: Ավետիսյանը շատ լավ կատարեց իր վարժությունը, բայց եւս մեկ անգամ կրկնեմ՝ հետվիրահատական ցավեր ունեին Արթուրը և Վահագնը: Երկուսն էլ այս պահին արեցին իրենց առավելագույնն այս կարգավիճակում: Արթուր Ավետիսյանը հաղթեց թուրք Չոլակ Իբրահիմին, որը 2019 թվականի աշխարհի չեմպիոնն էր: Սա էլ էր կարեւոր, որ Արթուրը հաղթեց թուրքին, թեկուզ չորրորդ տեղը զբաղեցրեց»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Ապրիլի 24-ին նժույգ թափերի եզրափակիչում հանդես եկող Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը պայքարն ավարտեց չորրորդ տեղով: Օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը զբաղեցրեց չորրորդ տեղը, Վահագն Դավթյանը՝ 8-րդ: ԵԱ-ի վերջին օրը՝ ապրիլի 25-ին, Արթուր Դավթյանը հանդես կգա նաև հենացատկի վարժության եզրափակիչում:

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Նա օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում