22:05  ,  22 ապրիլի, 2021

ԵԱ․ Հայաստանի 4 մարմնամարզիկ դուրս է եկել եզրափակիչ (ֆոտո)

Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում ապրիլի 22-ին տեղի ունեցավ տղամարդկանց որակավորման փուլը: Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը դուրս են եկել եզրափակիչ եւ կպայքարեն մեդալների համար:

Հենացատկի որակավորման փուլում Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը գրանցեց 14.566 միավոր արդյունք եւ 4-րդ տեղով դուրս եկավ եզրափակիչ: Հայաստանի առաջատար մարմնամարզիկի երկրորդ ցատկն անհաջող ստացվեց, որից հետո Դավթյանը դժվարությամբ հեռացավ մրցահարթակից:

Վահագն Դավթյանն օղակների վարժության որակավորման փուլում վստահ հանդես եկավ: Գրանցեց 14.966 միավոր եւ երկրորդ տեղով եզրափակիչում է: Այս վարժությունում Հայաստանի երկրորդ մասնակցի՝ Արթուր Ավետիսյանի արդյունքը 14.833 է: Ավետիսյանը 4-րդն է:

Նժույգի վարժությունների եզրափակիչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ՝ Արթուր Դավթյան եւ Գագիկ Խաչիկյանը:

Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ հանդես եկող Գագիկ Խաչիկյանը նժույգի վարժությունում երրորդն է 14.300 միավորով: Չորրորդ տեղում Արթուր Դավթյանն է 14.266 միավորով:

Գագիկ Խաչիկյանը և Արմեն Պետրոսյանը հանդես եկան բազմամարտում: Խաչիկյանը ընդհանուր հաշվարկում 77.299 միավորով զբաղեցրել է 20-րդ տեղը, Պետրոսյանը՝ 35-րդն է (74.965 մ.):

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Էլֆիկ Հովհաննիսյանի հետ մրցավարական կազմում է: Թիմը Բազելում գլխավորում է մարզիչ Հայկ Նազարյանը:

Հիշեցնենք, որ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը: Նա օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։ Դավթյանը սպորտային մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Եվրոպայի առաջնությունում խաղարկվում է Տոկիոյի Օլիմպիական խաղերի երկու ուղեգիր՝ բազմամարտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում